Մեկնաբանություն

20.07.2020 15:20


Ո՞ւմ պատվերն է կատարում ոստիկանությունը՝ խարխլելով տնտեսության հիմքերը (տեսանյութ)

Ո՞ւմ պատվերն է կատարում ոստիկանությունը՝ խարխլելով տնտեսության հիմքերը (տեսանյութ)

Օրինական երկրում ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի տեսանկյունից։ Մինչդեռ Հայաստանում ոստիկանությունը վերածվել է երկրում ընթացող տարատեսակ շոուների մասի։ Այսպես՝ +40 աստիճան շոգին բաց տարածքներում դիմակ կրելը ո'չ համաճարակաբանության, ո'չ տրամաբանության տեսանկյունից ոչ մի կերպ չի օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարին։ Բայց քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարն էլ է վերածվել շոուի, ոստիկանությունը ամենակոպիտ ձեւով ասֆալտին է փռում դիմակ չկրող կանանց ու մեծահասակներին։

Փոխարենը արդեն երկու տարի Ամուլսարում փակ են երկրի խոշորագույն ներդրողի ճանապարհները։ Մի կողմ թողնելով բնապահպանական քննարկումը՝ ակնհայտ է, որ տեղի ունեցողը բոլոր առումներով աղաղակող ապօրինություն է ու երկրում օրենքի բացակայության ամենավառ ապացույցներից մեկը։

Հազարավոր քաղաքացիներ ապօրինաբար զրկվել են աշխատանքից, երկրին հասցվել է հարյուրավոր միլիոնների վնաս։ Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն երկու տարի ոչինչ չի անում Լիդիանի տարածքի ապօրինի օկուպացիան վերացնելու ուղղությամբ, այլեւ պարբերաբար ջերմ «խոսք ու զրույցի» է բռնվում ճանապարհ փակողների հետ։

Այսպես անցյալ շաբաթ, երբ Լիդիանը փոխել էր սեփական տարածքում սեփական պահակախումբը, ճանապարհ փակողները բուռն դժգոհություն էին արտահայտել, հավաքվել ու քաշքշուկ էին սարքել Ամուլսարի մատույցներում։ Քանի որ ոչ բոլորն են առիթ ունեցել հետևելու ուղիղ եթերում այս շոուին, առանձնացրել ենք բացառիկ կադրեր, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես Ջերմուկի ոստիկանապետ Արմեն Արմենակյանը ոչ միայն չի կատարում իր ուղղակի պարտականությունները, այլեւ դարձել է ցուցարար, բնապահպան-ակտիվիստ ու պայքարիստ։

Ոստիկանապետը, օրենքի շրջանակներում իր գործառույթները կատարելու փոխարեն, ինչ-որ խոստումներ է տալիս ցուցարարներին, պայմանավորվածություններ է ձեռք բերում, խոստանում է, որ ամեն ինչ իրենց ուզածով կանի։

«Մենք էս պայքարի մեջ եփված ենք»,-ասում է Ջերմուկի ոստիկանապետը։

Այդ ի՞նչ պայքարի մեջ է եփվել ոստիկանապետը։ Մենք ոստիկանությա՞ն, թե՞ ցուցարարի հետ գործ ունենք։ Փաստորեն, «պայքարին» ոստիկանությունն էլ է մասնակցում։ Հասկանո՞ւմ է արդյոք Ջերմուկի ոստիկանապետը, որ իր ամեն արտաբերածը բացահայտ ապօրինություն է, որը կարող է ցանկացած դատարանում օգտագործվել պետության դեմ։

Ընդհանրապես, արդեն երկու տարի տպավորություն է ստեղծվում, որ պետական տարբեր կառույցներ միտումնավոր սաբոտաժ են իրականացնում տնտեսության դեմ՝ ամեն ինչ անելով, որ Լիդիանը կարողանա փակ աչքերով հաղթել արբիտրաժում, իսկ երկրի հաջորդ տասնամյակներին ոչ մի կոպեկի ներդրում չգա։ Այդ ի՞նչ է պայմանավորվում ոստիկանությունը ճանապարհ փակողների հետ, այդ ի՞նչ է «ջան-ջիգյարով» խոստանում, եւ ինչո՞ւ այդ նույն նրբանկատությունը չեն ցուցաբերում դիմակ չկրող քաղաքացիների հանդեպ, որոնց կատաղի ձեւով ասֆալտին են փռում։ Այդ ի՞նչ համատեղ «պայքարի» մասին է խոսում Ջերմուկի ոստիկանապետը։

Այս աղաղակող ապօրինությունից հետո, եթե Ջերմուկի ոստիկանապետը չազատվի աշխատանքից, առնվազն լրջագույն կասկածներ կարող են առաջանալ, որ ոստիկանությունը եւ որոշ պետական կառույցներ մասնակցում են պետության, տնտեսության դեմ կազմակերպված սաբոտաժի։ Ո՞ւմ պատվերով են խարխլվում պետության հիմքերը։ Ի վերջո Հայաստանը ոչ միայն ներդրում է կորցրել, այլեւ լրջագույն հարցված է հասցվել երկրի հեղինակությանը, ու տարիներ, եթե ոչ տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի ներդրումներ գան Հայաստան նման խայտառակ պատմությունից հետո։

Դիտե՛ք կից տեսանյութը եւ կհամոզվեք, որ գործ ունենք ոչ թե ոստիկանի, այլ պետության դեմ սաբոտաժ անող ցուցարարի հետ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը