Մեկնաբանություն

18.07.2020 19:50


Ծիրանավառված պատերազմում էլ՝ ինչպես պատերազմում

Ծիրանավառված պատերազմում էլ՝ ինչպես պատերազմում

Ալիևյան ռեժիմը Հայաստանի ու հայության դեմ այսպես կոչված «հիբրիդային պատերազմը» տեղափոխում է երրորդ երկրների տարածք: Տվյալ դեպքում՝ Ռուսաստանի: Խոսքը, իհարկե, Մոսկվայի, նաև Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքների առևտրի կենտրոններում ադրբեջանական շրջանակների «կաշառքով» կամ պարզապես հրահանգով հայկական գյուղմթերքի խմբաքանակները «տորպեդահարելու», բեռնատարները չընդունելու կամ արհեստական սպասման ռեժիմի տակ դնելու մասին է:

Թշնամու հաշվարկը պարզից էլ պարզ է. հնարավոր բոլոր միջոցներով վնասներ պատճառել Հայաստանին, հայերին: Հայկական ծիրանի (այլ գյուղմթերք էլ կա, բայց այդ ամենը պայմանական ծիրան անվանենք) իրացման ընթացքը կխափանե՞ն, հայ գործարարները կտուժեն, հայ ֆերմերները կտուժեն, առևտրային հարաբերությունները կխաթարվեն, հայերը վնասներ կկրեն:

Մեր երկիր քիթները խոթելու հերթական փորձի ժամանակ քիթումռութներին ստանալուց ավելի չարացած, ծիրան էին արկղերով ճզմում, տեսան՝ աշխարհը վրաները խնդում է, որոշեցին անցնել «տնտեսական պատերազմի»՝ հայկական գյուղմթերքի իրացումը ռուսաստանյան շուկայում «բլոկ» անելուն:

Բայց թշնամին իր հաշվարկներում միշտ էլ ձախողվելու է, քանի որ նաև իր ագրեսիայի միջոցով խթանում է, որ հայերս միավորվենք, մոռանանք ամեն ինչ, համախմբվենք ու կազմակերպված լուծենք ծագած խնդիրը: Այդպես եղավ նաև այս դեպքում. ինչպես Հայաստանից առանձին գործիչներ, նաև Ռուսաստանում կոչերով դիմեցին այնտեղ ապրող, աշխատող հայրենակիցներին, ովքեր հաշված ժամերի ընթացքում իրացրեցին թե՛ թանկարժեք ծիրանը, թե՛ մնացած գյուղմթերքը: Կարճ ասած՝ հայրենակից բեռնափոխադրողներին ու Հայաստանի ծիրանագործներին գործուն աջակցություն ցուցաբերեցին:

Այսօր արդեն խնդրին միջամտեցին Ռուսաստանի հայ գործարարները, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, ով գործնական աջակցություն ցուցաբերելու, որոշակի առևտրի կենտրոնում հայկական բեռնափոխադրողներին անհատույց տարածք տրամադրելու մասին հայտարարեց:

Այդ ամենը, այսինքն՝ մեր հայրենակիցների արագ ու գործնական արձագանքը, աջակցությունը, իհարկե, ողջունելի են, դրական են, ոգևորիչ են: Բայց այստեղ շատ ու շատ հարցեր կան:

Ամենից առաջ հարց է ծագում, թե ո՞ւր են մեր պետական մարմինները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տնտեսական բլոկի նախարարություններով ու հատկապես՝ վարչապետով:

Վերջիվերջո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ ի տարբերություն, ի դեպ, Ադրբեջանի: Իսկ ԵԱՏՄ անդամ լինելն ուղղակիորեն վերաբերում է նաև մեր երկրից Ռուսաստան արտահանվող մթերքի ու առհասարակ արտադրանքի իրացման առնվազն անխոչընդոտ հնարավորության ապահովմանը, առավել ևս՝ շուկայում նման թշնամական ու արհեստական խոչընդոտների բացառմանը, իսկ ծագելու դեպքում՝ արագ հաղթահարմանը:

Ավելին, թե՛ ԵԱՏՄ-ում մեր պետության ներկայացուցիչը, թե՛ Հայաստանի դեսպանատունը պիտի հետամուտ լինեն, որպեսզի կոշտ պատասխանատվության ենթարկվեն հայկական ապրանքի իրացմանը խոչընդոտած կոնկրետ շրջանակները, որքան էլ որ դրանք ադրբեջանանավթադոլարահոտ լինեն:

Երկրորդ. պատերազմում՝ ինչպես պատերազում: Նկատի ունենք այն, որ Ռուսաստանում միայն ադրբեջանցի գործարարներ չէ, որ կան: Ամենից առաջ, Հայաստանից գյուղմթերքի բեռնափոխադրումներ իրականացնողները պետք է վերանայեն իրենց մոտեցումներն ու ըստ հնարավորության՝ այլևս գործ չբռնեն այնպիսի շուկաների կամ առևտրի կենտրոնների հետ, որոնք ադրբեջանաթուրքական ծագում ունեն (այսպես ասենք):

Ավելին, Ռուսաստանում կան մի շարք խոշոր հայ գործարարներ, որոնք պետք է հետևություններ անեն և ըստ հնարավորության՝ պատասխան ցավոտ հարվածներ հասցնեն ադրբեջանական գործարար շրջանակներին (չվարկավորել այս կամ այն «ադրբեջանաթուրքական ծագման» նախագիծ, խնդիրներ հարուցել «ադրբեջանաթուրքական ծագման» առևտրի կենտրոնների, առհասարակ, ընկերությունների համար և այլն):

Մենք գործ ունենք այնպիսի թշնամու հետ, որը հասկանում է միմիայն մեկ «լեզու»՝ կոշտ ու ամենայն դաժանությամբ դրսևորվող ուժի լեզուն: Ուրեմն պետք է թշնամուն նույն կերպ և տասնապատիկ ուժեղ հակահարված տալ, որից հետո նրա, կներեք դրանց բառարանից օգտվելու համար, սասը կտրվի:

Եվ մի բան էլ. այս ամենի հետ կապված ևս, ընդհանուր վերջին ռազմական լարվածության խորապատկերում չի կարող չմտահոգել Ռուսաստանի քաղաքական, տեղեկատվական շրջանակների կրավորական կեցվածքը: Թեթև ակտիվացում նկատվեց միայն թուրքական կողմի հայտարարությունների հետ կապված, ու վերջ:

Դրա գլխավոր հիմնապատճառներից մեկը, ցավոք, Հայաստանում է պետք փնտրել: Ավելի կոնկրետ՝ վերջին երկու տարվա Հայաստանի իշխանության և իր սատելիտների հակառուսաստանյան «շարժումների» մեջ կամ դրանց ետևում: Բնութագրական է, որ երբ այս թեմայով քննադատություն է հնչում Փաշինյանի վարչախմբի հասցեին, առաջ են բերում ծեծված ու անբովանդակ կաղապարը, թե՝ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչպես երբեք»:

Փայլուն չեն, չէ՜: Շողշողուն են: Ու տեսանք, թե ինչպես են «շողշողում», եթե խիստ հակիրճ: Հա, ու երբ ասվում է, որ պետք է կարգավորել այդ հարաբերությունները, ամենևին նկատի չունենք անհեթեթ կամ խեղճուկրակ կեցվածքով Պուտինին շողոքորթել-սիրաշահելու վանող ցուցադրությունները: Նման գեղջկամիտ «խաղերը» աշխարհում, առավել ևս՝ Ռուսաստանում չեն անցել ու չեն անցնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը