Մեկնաբանություն

02.07.2020 17:15


Եվ հիմա ո՞վ կարող է վստահ լինել, որ հենց իր հարազատին է հուղարկավորել

Եվ հիմա ո՞վ կարող է վստահ լինել, որ հենց իր հարազատին է հուղարկավորել

Իտալական, ֆրանսիական, հոլիվուդյան կինոսցենարիստները՝ նարառյալ Կուստուրիցան, հազիվ թե կարողանային նման մի պատմություն հորինել, որի մեջ ընկել են գյումրեցի մեր հայրենակից Մարիամ Մալխասյանը, իր եղբայրը, նրանց հարազատները: Պատմություն, որ լրատվամիջոցների ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգ-գրառումից հետո:

Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 29-ին մահացել է: Տատիկի դին տեղափոխվել է Աբովյանի անատոմիկ և փաստորեն... անհետացել:

Հանգուցյալի հարազատները քանի օր է՝ չեն կարողանում գտնել իրենց տատիկի դին, որպեսզի ըստ կարգի հուղարկավորեն: Գործին արդեն խառնվել են ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը: Այս մղձավանջային պատմության ծավալվելուն զուգահեռ նոր մանրամասնություններ ի հայտ եկան: Մասնավորապես, հրապարակումներից պարզվեց, որ բժշկի ձեռագիրն անընթեռնելի է եղել, և Սոնա Կարապետյանի դին բժշկական կենտրոնից Աբովյան տեղափոխող շտապօգնության մեքենայի սանիտարը նրան նշել է որպես Գրիգորյան: Իսկ Աբովյանի անատոմիկում էլ, ինչպես պատմել է հանգուցյալի քրոջ թոռնուհին, գրառում չեն արել, թե «Գրիգորյան Սոնիկ» նշումով փակ դագաղն ում են տվել:

Մի խոսքով, խայտառակ շփոթ և իրավիճակ, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ամենից առաջ, անհասկանալի է, թե ինչու են հանգուցյալի մարմինն ուղեկցող բժշկական փաստաթղթերը եղել ձեռագիր (համակարգիչները վերացե՞լ են): Երկրորդ, եթե ձեռագիրն անընթեռնելի էր, ի՞նչ է, դժվա՞ր էր ճշտել: Անհասկանալի է, թե Աբովյանի անատոմիկում ինչո՞ւ գրառում չի արվել: Ի՞նչ է, հատուկ մատյա՞ն չպիտի լինի՝ համապատասխան նշումներով:

Թե՞ արդեն այն օրին է հասցվել ամեն ինչ, որ բերեցին, դրեցին, տարան...

Իսկ թե ո՞ւմ մարմինը բերեցին, ո՞վ բերեց, ո՞վ և ո՞ւր տարավ, արդեն կարևո՞ր չէ: Ի դեպ, հարց է ծագում, թե տվյալ անատոմիկում ինչու է կորոնավիրուսից մահացած ավելի քան 15 հանգուցյալի մարմին եղել, ինչպես վկայում են Սոնիկ Կարապետյանի ազգականները։

Ավելի ծանր է այն կասկածը, որ անխուսափելիորեն ծագելու է այս օրերին նշված անատոմիկից հարազատի մարմին ստացած բոլոր մարդկանց մոտ, թե արդյոք հենց իրե՞նց հարազատին են հուղարկավորել:

Ավելին, այս շփոթի հետևանքով չի բացառվում, որ անհրաժեշտ կլինի արտաշիրիմումներ իրականացնել: Դա էլ, ի դեպ, թե՛ իրավական, թե՛ բժշկական առումներով այդպես դյուրին ընթացք չէ, չասած՝ զուտ մարդկային, հոգեբանական գործոնի մասին:

Ու, առհասարակ, այս ամենն արդեն անկազմակերպվածություն ու թափթփվածություն չէ, այլ ուղղակիորեն խայտառաություն: Շփոթմունքներ, իհարկե, բոլոր ժամանակներում ու տարբեր իրավիճակներում են տեղի ունենում: Ոչ ոք շփոթմունքներից ապահովագրված չէ:

Բայց որոշակի տեսանկյունից տեղի ունեցածը նաև բնութագրական է կոնկրետ այսօրվա իշխանության համար և այն իրավիճակի պայմաններում, որի մեջ հայտնվել է Հայաստանի առողջապահական համակարգը:

Մի բուժհաստատություն հանգուցյալի դին է կորցրել, մեկ այլ տեղ դեռևս ողջ մարդուն մահացած էին նշել, որ մի քանի օր առաջ էլի ֆեյսբուքներում շրջանառվող «օրվա թեմա» էր դարձել:

Մեկը մտքի թելն ու իրականության հետ կապն է կորցրել, մյուսը՝ արգելակները չի գտնում, երրորդն ընդհանրապես իրեն է կորցրել, չորրորդն՝ ամոթ-աբուռը, հիգերորդը՝ կողմնորոշումը:

Լսեք, կարո՞ղ է մի օր էլ շփոթվեք ու պետությունը կորցնեք:

Թեպետ, ի՞նչ կա զարմանալու:

Եթե ամեն պատահական հանդիպածի վերցնում ու ղեկավար են կարգում, մեկ ուրիշին՝ պաշտոն ու պրեմիա տալիս, մի շարք ուրիշներին վերցնում ու պատգամավոր և օրենք մշակող-ընդունող են դարձնում, հետևանքները լինում են ծանր, շատ ծանր: Այնքան ծանր, որ բուժհաստատությունում հանգուցյալի դին կորցնելը կարող է ընդամենը դիպված թվալ:

Արմեն Հակոբյան

Հ․Գ․։ Նյութը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ տատիկի դին գտնվել է։ Նաիրա Զոհրաբյանն իր ՖԲ էջում այս թեմայով գրել է․

«Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

Դժվար է ասել՝ սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն եւ հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել եւ կհանձնեն հարազատներին»։

Ինչպես ասում են՝ «նո քոմենթ»։

Այս խորագրի վերջին նյութերը