Խմբագրական

01.04.2011 21:35


Հեղափոխություն և հակահեղափոխություն – 3

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 3

Ինչպես ցույց տվեցին հետընտրական քաղաքական զարգացումները՝ 2008–ի մարտի 1–ի գնով նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանն իրականացրեց ու իրականացնում է իր երբեմնի մրցակցի նախընտրական բոլոր կետերը: Այդ կետերի մեխը արտաքին «նախաձեռնողականությունն» էր, ինչը ՀՀ այսօրվա նախագահը կյանքի կոչեց «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով։ Պարզապես, ի տարբերություն Լևոն Տեր–Պետրոսյանի, Սարգսյանն իր նախկին ղեկավարի ծրագրային դրույթների և նեոբոլշևիկյան հեղափոխության իրականացման մեջ գաղափարական բաղադրիչ չի դնում ու կաղապարված մտածողություն չունի, այլ այդ ամենն անում է սեփական աթոռն ամրապնդելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նպատակով։

Ներտեսակային պայքարի «հմայքը»

Նախագահական վերջին ընտրությունների նախընտրական պայքարի ժամանակ տերպետրոսյանական «հանձնողականությանը» Սերժ Սարգսյանը հակադարձում էր իր «չհանձնողականությունը»։ Համենայնդեպս քարոզչական առումով վիճակն այդպիսին էր ու ընտրազանգվածին էլ փորձ էր արվում մտցնել այդ կարծրատիպերի մեջ, ինչին, նկատենք, նպաստում էր նաև Տեր–Պետրոսյանն իր քարոզած գաղափարներով։

Հիշեցնեմ Սարգսյանի այն հայտարարությունը, երբ նա նշեց, թե Տեր–Պետրոսյանն ուզում է ընդամենը երեք տարով նախագահ դառնալ, քանի որ երևի այդքան ժամանակ է նրան պետք՝ Ղարաբաղը հանձնելու համար։ Իհարկե, դա մի քիչ պարզունակ պիտակավորում էր, բայց իշխանական քարոզչամեքենան դրանով ուզում էր ՀՀԿ «ճկուն» ղեկավարին քաղաքական դաշտում դիրքավորել որպես չհանձնող։

«Ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հասարակությանն էին մատուցում ««հանձնող Լևոնն» ընդդեմ «չհանձնող Սերժի»» հակադրության պատկերը, որի պայմաններում հետագայում փորձ էր արվելու արդարացնել ու «լեգիտիմացնել» իշխանական բռնությունները՝ «Բա թողնեինք, որ Լևոնն իշխանության գար ու Ղարաբաղը ծախե՞ր» ձևակերպման շրջանակներում։

Մնացած առումներով՝ Լ. Տեր–Պետրոսյան–Ս. Սարգսյան 2008–ի մրցակցությունը ներտեսակային պայքար էր, որը ոչ մի կապ չուներ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության արժեքների, սոցիալական պետություն ունենալու և ազատ շուկա ստեղծելու հետ։ Այս ամենում համոզվելու համար բավական է միայն դիտարկել Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի կողմից ղեկավարվող կառույցները և տեսնել, որ երկուսն էլ առաջնորդվում են «մեկ մարդու հիմնարկ» ունենալու ավտորիտար տրամաբանությամբ, ինչը հակասում է այն արժեքներին, որոնց իր ելույթներում հաճախ է անդրադառնում Սարգսյանը և որոնց համար, իբր թե, պայքարում է Տեր–Պետրոսյանը։ Փաստն այն է, որ երկուսն էլ «գիշերային» ու միանձնյա որոշումներ կայացնողներ են, իսկ իրենց թիմերը միայն վերջում են իմանում, թե ինչն ինչոց է։ Այդ դեպքում թիմակիցներին մնում է միայն օգտագործել «Ինքը մի բան գիտի» կամ «Ինքը միշտ ճիշտ ա» բանաձևը։

Նախագահական ընտրությունների ավարտն արձանագրեց, որ արդեն Ղարաբաղի ու Թուրքիայի հետ կապված հարցերում էլ գրեթե տարբերություն չկա «հանձնող» Տեր–Պետրոսյանի ու «չհանձնող» Սարգսյանի միջև։

Միջկլանային բախումը և նեոբոլշևիզմի շուրջ համագործակցությունը

Այսպիսով՝ 2008–ին միմյանց դեմ դուրս եկած Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը հանդես էին գալիս նույն նեոբոլշևիկյան հեղափոխություն անելու ծրագրերով, բայց տարբերությունն այն էր, որ Սարգսյանն իր այդ ծրագրերի մասին չէր բարձրաձայնում, իսկ այն ինչ մատուցվում էր՝ տեղավորվում էր, պատկերավոր ասած, «հակասերգոջանային» կոդի մեջ, որպեսզի իշխանության թեկնածուն Տեր–Պետրոսյանի հակապատկերն ընկալվեր։ Փոխարենը՝ Տեր–Պետրոսյանը չէր թաքցնում, որ նախագահ դառնալու դեպքում «նախաձեռնողական» է լինելու և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ։

Այժմ արդեն բոլորին է տեսանելի, որ 2008–ի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուների միջև առկա պայքարն իրականում միջկլանային բնույթ ուներ, որի հիմնական մասնակիցներն էին կլանի հիմնադիր նախագահն ու նրա նախկին ամենահավատարիմ թիմակիցներից մեկը (ինչպես հայտնի է՝ Լ. Տեր–Պետրոսյանն իր նախագահության շրջանում Ս. Սարգսյանին է վստահել ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարումը, իսկ դա հնարավոր չէր լինի, եթե նրանք գաղափարական, տեսակային, մարդկային ու բարոյական նկարագրերի առումով շատ ընդհանրություններ չունենային)։

Ի՞նչ իմանային, սակայն, այդ պայքարում հակամարտող կողմերի բաժանված շարքերը, որ ընտրություններից հետո իրենց լիդերները, փաստացի, դառնալու էին գործընկերներ՝ Հայաստանում նեոբոլշևիկյան արտաքին ու ներքին քաղաքականության առաջմղման հարցում։ Դառնալու էին գործընկերներ ու պատրաստվելու էին «քցել» իրենց երբեմնի «գործընկերներին». մեկը՝ կուսակիցներին ու կոալիցիոն «թիմակիցներին», իսկ մյուսը՝ մարտի 1–ի զոհերին, քաղբանտարկյալներից ոմանց, հանրահավաքի եկող մարդկանց ու Հայ ազգային կոնգրեսի վերածված նախընտրական շարժմանը մաս կազմած շատ–շատերին։

Իսկ այն, որ սերժա–լևոնական գործընկերությունն արդեն կայացած փաստ է՝ կողմերը չեն էլ փորձում թաքցնել։ Այդ գործընկերությունը ենթադրում է Սարգսյանի դիրքերի ամրապնդում իշխանական տիրույթում և Տեր–Պետրոսյանի դիրքերի ամրապնդում ընդդիմադիր հատվածում, որպեսզի հետագայում քաղաքական դաշտը բաժանվի նրանց երկուսի միջև՝ «Սարգսյանի նախագահություն և Տեր–Պետրոսյանի գլխավորած «կառուցողական» ընդդիմություն՝ ԱԺ առավելագույնը 20-25 մանդատով հանդերձ» մոդելով։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն այժմ ուզում է ապագա խորհրդարանում ընդամենն իր տեղն ունենալ ու դառնալ սարգսյանական իշխանության միակ «ընդդիմադիրը», որպեսզի հետագայում մշտապես կարողանա առևտրի մեջ մտնել վարչակազմի հետ ու բազում մանր ծառայություններ մատուցելով Սարգսյանին՝ քարշ տալ իր գոյությունը քաղաքական դաշտում՝ այդ ամենն իր շարքերին ներկայացնելով որպես «քաղաքական գործարք» կամ «շախմատ խաղալ»։

Նկատենք, որ սերժա–լևոնական համագործակցությունը շատ բացահայտ ու առարկայական դրսևորումներ ունի։ Հիշեք, թե ինչպես էին համախմբված գործում իշխանական ու լևոնական համարվող լրատվամիջոցները և քաղաքական գործիչները (Դավիթ Շահնազարյանի հայտնի ասուլիսը վկա), երբ խնդիր էր դրված ընդդեմ ԲՀԿ շահերի կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել տալ և կհամոզվեք, որ միմյանց աջակցելու և Սարգսյանի գլխավորությամբ իշխանական դաշտում գերմենաշնորհ հաստատելու հարցում արդեն իսկ համատեղ քայլեր արվել են, և Տեր–Պետրոսյանի կողմից ծառայություններ մատուցվել են Սարգսյանին։

«Դու ինձ, ես քեզ» սկզբունքով էլ այժմ ի օգուտ Տեր–Պետրոսյանի նույն համաձայնեցված հակաքարոզչությունը ՀԱԿ առաջնորդին ու Սերժ Սարգսյանին սպասարկող ԶԼՄ–ներն իրականացնում են ընդդեմ «Ժառանգություն» կուսակցության։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ առկա է, բառիս բուն իմաստով, տեղեկատվական այնպիսի տեռոր, ինչպիսին կար Գագիկ Ծառուկյանի դեմ, երբ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու հարց կար։ Զուտ ձևական տարբերությունն այն է, որ այժմ փորձ է արվում գերմենաշնորհային դարձնել արդեն ընդդիմադի՛ր տիրույթը, որից հետո Սարգսյանի գլխավորությամբ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելը կդառնա տեխնիկայի խնդիր։

Քարոզչական համատեղ վայնասունն ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնականապես ակնհայտ է դարձնում ՀՀ առաջին ու երրորդ նախագահների առնվազն մարտավարական համագործակցությունը, ինչը միտված է ռազմավարական գործընկերության։ Այդ գործընկերությանը, բացի այլ հանգամանքներից, օբյեկտիվորեն նպաստում է նաև համատեղ վախը փոփոխություններից, քանի որ համակարգային ու իշխանական փոփոխությունները վտանգելու են ոչ միայն սերժսարգսյանական թիմի ապագան, այլ նաև բերելու են Տեր–Պետրոսյանի ու իր նեղ շրջապատի քաղաքական դաշտից վերջնական ու անվերադարձ դուրսմղմանը։ Ահա ա՛յս զարգացումների հնարավորությունն է, որ բերել է երեկվա ախոյաններին ու միացրել։ Իսկ, ինչպես հայտնի է, ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը կամ ընդհանուր վտանգը։

Թե որքանո՞վ կհաջողվի նեոբոլշևիզմի գաղափարական հորն ու իր երբեմնի ենթակային իրականացնել ՀՀ քաղաքական դաշտը ոչնչացնելու և մեր քաղաքացիների մեծամասնության շահերի դեմ արվող հեղափոխությունը գլուխ բերելու գործը՝ կախված է բոլոր նրանցից, ովքեր չեն կարող ընդունել Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև առկա, բայց դեռևս հանրության լայն շրջանակներին ոչ տեսանելի «հուշագրի» դրույթները։ Դրույթներ, որոնք խորացնում են երկրում առկա ճգնաժամը։

Մեկ բան հաստատ է. Սարգսյանինն ու Տեր–Պետրոսյանինը, ինչպես ժողովուրդն է տվյալ դեպքում սիրում ասել, մի քանի օր է և շուտով այն, ինչ ոմանց թվում է, թե գաղտնի են պահել՝ հասանելի կդառնա բոլորին։ Իսկ երբ հայտնի դառնա, ապա Լևոն Տեր–Պետրոսյանի համեմատ Արթուր Բաղդասարյանը կթվա առաքինության ու սկզբունքայնության մարմնավորում, իսկ Գեղամյանը՝ պետականամետության ռահվիրա։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը