Կարծիք

30.06.2020 13:47


Նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շատ անտաղանդ

Նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շատ անտաղանդ

Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ամենաանպատվաբեր մեթոդներով փորձում են «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների անունից գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Մեր պահանջն է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել օրենսդիր իշխանության այն ներկայացուցիչներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և Սահմանադրական կարգի տապալմանը: Սա մեր կողմից իրականացվող քաղաքական գործընթացների իրավական հաջորդականությունն է՝ գլխավոր դատախազությանն ուղղված հիմնավոր պահանջով, օրինակության և արդարադատության վերականգնման կոնկրետ ակնկալիքով:

Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան մեկ տարի, Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու համար մեղադրողներն ու սուպերվարչապետության մասին ամպագոռգոռ ճառեր կարդացողները, ոտնահարելով իրավական, բարոյական և մարդկային բոլոր չափորոշիչները, փորձեցին ամենաանպատվաբեր ու անարժանապտիվ մեթոդներով «խցկվել» այդ նույն Սահմանադրության մեջ: Իրեն ժողովրդավարական հռչակած երկրում արդեն ավելի քան մեկ տարի է ընթանում է Սահմանադրական դատարանի բռնազավթման գործընթաց: Այս մասին վկայում են վերջին մեկ տարվա՝ մեկը մյուսին հաջորդած բոլոր գործողությունները:

Վահե Գրիգորյանին օրենքի խախտումներով ՍԴ դատավոր դարձնելուց, վերջինի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև դատարանների արգելափակում, ճնշումներ ՍԴ անդամների նկատմամբ, նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինական կաշառքի նախագիծ: Իսկ վերջին օրերին իշխող մեծամասնության կողմից ամենափնթի կերպով մշակած և «վռազ ռեժիմով» սղղացրած սահմանադրության փոփոխությունների օրենքը պարզապես խայտառակություն է և դասական օրինակն այն բանի, թե ինչպես երկիրը «լավագույնս» վարկաբեկել միջազգային կառույցների առջև: Էլ չեմ խոսում իշխանության վերին օղակների՝ մեկը մյուսին հաջորդած հակասական հայտարարությունների ու քայլերի մասին:

Այս ամբողջ գործընթացում, սակայն, ամենազավեշտալին այն է, որ նախկիններին Սահմանադրությունն իրենց հագով կարելու մեջ մեղադրողներն այդ նույն նախկիններին գերազանցեցին բոլոր առումներով: Աչքի տեսածը ցույց տվեց, որ նորերն, ի տարբերություն նախկինների, անգամ կարուձևի մեջ են շաաատ անտաղանդ: Այնքան, որ իրենց ուզածին հասնելու համար մեկ օրենքում 18 անգամ փոփոխություններ արեցին՝ 18 անգամն էլ ամենափնթի ձևով, տարրական գիտելիքների պակասն ի լուր աշխարհի ի ցույց դնելով, ոչ միայն իրենց, այլև պետության հեղինակությունը կասկածի տակ առնելով:

Փաստացի, իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները գործի դրեց ՍԴ-ն զավթելու համար: Եթե ձեզ թվում է, որ ամեն գնով հասնելով ձեր ուզածին, խուսափելու եք պատասխանատվությունից, չարաչար սխալվում եք: Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է, և այդ հանցագործության բոլոր հեղինակներն ու մասնակիցները պետք է պատասխան տան օրենքի, պետության ու որ ամենակարևորն է՝ ժողովրդի առաջ:

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը