Մեկնաբանություն

24.06.2020 13:40


Ի՞նչ կարիք կա Արմեն Սարգսյան պահել բյուջեի հաշվին՝ տարին 3,2 մլն $-ով

Ի՞նչ կարիք կա Արմեն Սարգսյան պահել բյուջեի հաշվին՝ տարին 3,2 մլն $-ով

Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, անընկալելի որոշման հետևանքով ՀՀ նախագահ կարգված Արմեն Սարգսյանը հունիսի 23-ի, լույս 24-ի գիշերը եզակի, անգամ՝ պատմական հնարավորություն ուներ ապացուցելու, որ ընդդիմախոսներն ու քննադատողները սխալվում են իրեն տրված բնորոշումներում: Բայց Արմեն Սարգսյանը ցրիվ տվեց այդ հնարավորությունը: Հօդս ցնդեցրեց, ինչպես կասեին մի ժամանակ, երբ դահլիճներում քուչի բիսեդկայի բառապաշարով չէին արտահայտվում:

Արմեն Սարգսյանին գուցե թվում է, թե կեսգիշերին ինքն ստորագրեց իշխանության ղեկին հայտնված «թավշապետերի» կողմից իշխանության ամբողջական զավթման՝ ուզուրպացիայի ակտը միայն: Ո՛չ, նա, ըստ էության, ստորագրեց որպես նույնիսկ պետական գործիչ չհիշատակվելու տակ, ստորագրեց իր քաղաքական վախճանի, որպես ՀՀ նախագահ գոյությունը դադարեցնելու որոշման տակ:

Նա, ով ի պաշտոնե ու Սահմանադրության պահանջի համաձայն, պետք է հետևեր նույն այդ Սահմանադրության պահպանմանը, ինչն իր քիչ գործառույթների շարքում թերևս եզակի կոնկրետ ու ռեալ անելիքներից էր, գրչի մեկ շարժումով հաստատեց, որ Սահմանադրությունն անիմաստ թուղթ է կամ «թավշավարչապետի» դռան առաջ գցած լաթի կտոր:

Եթե շատերի մոտ կասկած չի հարուցում, որ հունիսի 22-ին (ինչ էլ օր էին ընտրել) «ԱԺ-89» ՍՊԸ-ի վերածված խորհրդարանում «իրքայլական» մեծամասնությունը, գործնականում միանձնյա իրականացրեց իշխանության յուրացման գործողություն, ինչը օրենքներով արգելված է և համարվում է ծանր հանցագործություն, ապա արդեն պետք է կասկածից վեր լինի, որ Արմեն Սարգսյանը դարձավ այդ ամենի հանցակից:

Տողերիս հեղինակն, ի տարբերություն դեռ մինչև երեկ երեկոյան քաղաքավարական զգուշությամբ արտահայտվողների, պատրանքներ չուներ, թե «մեկ էլ տեսար՝ Արմեն Սարգսյանը չստորագրեց» կամ նման մի բան:

Ո՛չ, նա ստորագրելու էր: Ու դրանում համոզված լինելու համար բավարար էր նկատել, որ անցած երկու տարվա ընթացքում նա ոչ մի անգամ ծպտուն իսկ չի հանել բոլոր այն դեպքերում, երբ բացահայտորեն, անգամ՝ ցինիկ ցուցադրականությամբ ոտնակոխ են արվել թե՛ Սահմանադրությունը, թե՛ տարբեր անձանց սահմանադրական իրավունքները: Եթե հյուլեի կամ մանանեխի հատիկ չափ համարձակություն ունենար, գոնե մի կես անգամ կարտահայտվեր՝ որպես «պետության գլուխ», «Սահմանադրության պահպանմանը հետևող»:

Ընդսմին, ոչ հռետորական հարց է ծագում. իսկ մեր երկրի ինչի՞ն է պետք նման, կներեք, «նախագահը», առավել ևս՝ Արմեն Սարգսյանի տեսքով: Սա շատ կոնկրետ, գործնական հարց է:

Իսկապես, ի՞նչ կարիք կա տարեկան մոտ 3 միլիոն դոլար, անգամ դրանից ավելին ծախսել ՀՀ նախագահ ունենալու համար, առավել ևս՝ Արմեն Սարգսյանի տեսքով: Այն էլ մեր պայմաններում, երբ տնտեսական անկման մեջ ենք ու է՛լ ավելի խոր անկում է նախանշվում: Օրինակ, այս տարվա բյուջեով մոտ 1,5 միլիարդ դրամ կամ մոտ 3 միլիոն 200 հազար դոլար է նախատեսված հատկացնել ՀՀ նախագահի աշխատակազմին: Որ՝ ի՞նչ: Իմա՞ստը:

Չէ, իրոք, ո՞րն է իմաստը, եթե այս պաշտոնում հայտնված անձն իսկ, գիշերվա քողի տակ, գրչի մեկ շարժումով ընդունում է իր պաշտոնի և ներկայացրած պետական ինստիտուտի անիմաստ կամ իմաստազուրկ լինելը:

Քի՞չ կարիքներ կարելի է հոգալ 3 միլիոն 200 հազար դոլարին համարժեք բյուջետային միջոցներով: Քանի՜ դիմակ կառնեին ու կբաժանեին բարձրաստիճան դիմակաբաժանները:

Թե՞ երկրին մի «բարի պապիկ» է պետք, որ մեկ-մեկ մանուկների հետ պաղպաղակ ուտի կամ ցուցարարների հետ շուրջպար բռնի: Մի քիչ շա՞տ չէ տարեկան 3,2 միլիոն դոլարը նման «պարապ-սարապ» զբաղմունքի համար: Չէ, թող որքան ուզում է՝ երեխաների հետ զվարճանա ու մանուկներին զվարճացնի, թող օրումեջ «վեր-վերի» պարի կամ թեկուզ՝ «Մշո խըռ»: Բայց ինչո՞ւ բյուջեի, այն է՝ հարկատուների միջոցների հաշվին, այն էլ՝ 1,5 միլիարդ դրամի դիմաց:

Եվ հետո, ներկայիս ուզուրպատորական իշխանության տրամադրության տակ այնքա՜ն պապիներ ու նաև՝ քրֆող տատիներ կան, որ՝ էլ չասած: Նրանք գոնե 3,2 միլիոն դոլար չեն «նստում» պետբյուջեի վրա: Օրինակ, պատերազմի հերոսի կեղծ «պապի» կա՝ Փաշինյանի և նրա թիմակիցների համար տիպիկ ու հոգեհարազատ: Կա, վերջապես Արտուշ պապի: Շատ ավելի քիչ ծախսատար: Ի՞նչ մի թիթիզություն է տարին 3,2 միլիոն դոլար ծախսել Արմեն Սարգսյան պահելու վրա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը