Մեկնաբանություն

22.06.2020 15:25


«ԱԺ-89» ՍՊԸ, մի՛ մոռացեք, որ անգամ կոլեկտիվ մեղքի համար պատիժն անհատական է

«ԱԺ-89» ՍՊԸ, մի՛ մոռացեք, որ անգամ կոլեկտիվ մեղքի համար պատիժն անհատական է

Մի կողմից ծիծաղելի, բայց մյուս կողմից՝ տխուր է հետևել, թե Փաշինյանն ու իր «քայլականներն» ինչպես են ջանում օրինականության տեսք հաղորդել իրենց ապօրինություններին ու հատկապես՝ հակասահմանադրական գործողություններին:

Հերթական «քայլը» միանգամայն կանխատեսելի էր. Սահմանադրական դատարանի վրա արդեն տարուց ավելի ձգվող հարձակումը հանգուցալուծել պարզապես «ԱԺ-89» ՍՊԸ-ի վերածված խորհրդարանում «քայլական» մեծամասնությամբ «օրենք» դակելով: Իբր՝ տեսեք-տեսեք, ինչ անում են, օրենքով են անում: Այն, որ այդ օրինագիծը տեղով արդեն ոչ միայն քաղաքական, այլև քրեաիրավական գնահատականի առարկա է, նրանց չի էլ մտահոգում:

Փաշինյանն ու «թիմը» կարծում են, որ եթե իրենց ձեռքը մեծամասնություն է ընկել, ինչ ուզեն՝ կանեն: Իրենք, իհարկե, սխալվում են՝ անկախ այն բանից, թե կողքից ովքեր ինչ են «ծափահարում», այդ օվացիաները իրենց իսկ «ֆեյքայի՞ն» աղմուկն են, թե՞ արդեն բացահայտ կռապաշտական թմբիրում ընկղմված մոլորյալների: «Ինչ ուզենք կանենք»-ի վերջն անխուսափելիորեն աննախանձելի է լինում: Դա՝ իր հերթին:

Մյուս կողմից, Փաշինյանը գործում է գրեթե բոլոր բռնատիրական ռեժիմների գլխին կանգնած բռնակալների ստանդարտ, սխեմատիկ տարբերակով: Խոսքը, իհարկե, «կոլեկտիվ մեղքի» սխեմայի մասին է, երբ խմբավորման բոլոր անդամները կապակցված են նույն «մեղքով»: Տվյալ դեպքում դա ՍԴ եղած կազմի դեմ հարձակումը «օրենսդրորեն փաթեթավորելու» մասին է: Արագորեն դակելով այդ, կներեք, «նախագիծը», ԱԺ «իրքայլական» մեծամասնությունը կամովին մտնում է «կոլեկտիվ մեղքի» տակ:

Բայց երևույթի հեգնանքն այն է, որ ինչքան էլ «մեղքը կոլեկտիվ» լինի, դրա համար պատասխանատվությունն ու պատիժը անհատական են: Ի վերջո, մեղադրանքը, դատական քննությունն ու պատիժը կիրառվում են յուրաքանչյուրի մեղքի անհատականացման սկզբունքի հիման վրա:

Օրերս, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հարցազրույցներից մեկում, արձագանքելով իր և մերձավորների հասցեին անձնական թիրախավորմամբ իշխանականների ծավալած «տրավլյային», հայտարարեց, որ ինքը հետամուտ է լինելու, որ այս իշխանականները «բարոյական, քրեական Նյուրնբերգի» առաջ կանգնեն:

Այսօր, երբ Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակի օրն է և այդ պատերազմի սկսվելու 79-րդ տարելիցը, Նյուրնբերգի հիշատակումը օրվա թեմային զուգահեռ է հնչում: Ֆաշիստական Գերմանիային հաղթած դաշնակիցները, ինչպես հայտնի է, Նյուրնբերգում դատարանի առաջ կանգնեցրին «Երրորդ ռեյխի» այն պարագլուխներին, որոնց հասցրել էին բռնել և որոնք չէին հասցրել ինքնասպան լինել, սպանվել կամ փախչել: Ու չնայած դա ընդհանուր դատավարություն էր՝ մարդկության դեմ «կոլեկտիվ ոճրագործության» համար, բայց ֆաշիստական պարագլուխներից յուրաքանչյուրին անհատական պատիժ նշանակվեց:

Այնպես որ, վատ չէր լինի, որ «ԱԺ-88» ՍՊԸ-ի վերածված «իրքայլական» մեծամասնության ներկայացուցիչները գոնե թեթևակի «գուգլեին»՝ հետաքրքրվելով որոշ պատմական փաստերով և, եթե ի վիճակի են, հետևություններ անեին:

Վերջին շրջանում «թավշյա» իշխանության տարբեր քննադատների, ընդդիմադիրների շրջանում մի տեսակ «մոդա» է դարձել, որ երբ անդրադառնում են իշխող մեծամասնությանը, պարտադիր նշում են, որ նրանց մեջ էլ կան ադեկվատ, անգամ՝ պարկեշտ անձինք:

Հնարավոր է, ինչ-որ ժամանակ եղել են, հնարավոր է, նույնիսկ հիմա կան, բայց հոգու շատ խորքում այդ պարկեշտությունը խնամքով քողարկած վիճակում: Չգիտեմ: Հոգեվերլուծաբան չեմ, ոչ էլ, մեղա Աստծու՝ հավատաքննիչ:

Գործեր և գործողություններ: Ահա՛ կարևորը: Եթե նրանց գործն ու գործողությունները ուղղված են «կոլեկտիվ մեղքի» տակ մտնելուն, ապա հոգու խորքի ոչ մի պարկեշտություն չի փրկում:

Ասվում է՝ Տեր, ներիր նրանց, քանի որ չեն գիտակցում, թե ինչ են անում: Բայց սա այս դեպքը չէ, անկախ այն բանից, թե իշխանական մեծամասնության մեջ ով ինչ մտավոր կարողության տեր է: Նրանք հրաշալի գիտակցում են, թե ինչ են անում: Իսկ դա միայն ավելի է ընդգծում անխուսափելի պատասխանատվության խստությունը:

Ի դեպ, «սահմանադրական կարգի» դեմ ուղղված քայլի վերաբերյալ քննադատական հայտարարությունների առնչությամբ: Խնդիրն այն է, որ որպես ակտ այսօրվա իշխանական քայլը գուցե իսկապես էլ աննախադեպ է: Սակայն խնդիրն այն է, որ այս իշխանությունը պետության ղեկավարման լծակների մոտ հայտնվել է հենց այդպես՝ «սահմանադրական կարգ» և օրենք ասվածները տրորելով: Ավելին, արդեն իշխանություն լինելով, առնվազն 2-3 անգամ բացահայտորեն տրորել է «սահմանադրական կարգ» ասվածը (հարձակում ԱԺ-ի վրա, հարձակում դատարանների վրա): Այնպես որ, դա իրենց՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «ուղեպարկ-սելֆիձողերի» գորպծելաոճն է: Խնդիրն այն է, թե ինչ են պատրաստ հակադրել այդ ամենին ընդդիմադիրները, սահմանադրական կարգի կամ Սահմանադրության դեմ կատարվող ոտնձգությունների ակնհայտ փաստերը արձանագրելուց զատ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը