Մեկնաբանություն

17.06.2020 14:50


Դիմակ, ձեռնոց, անձնագիր, դե շուտ ասֆալտին փռվիր... կամ «ծաղրանկարային ֆաշիզմ»

Դիմակ, ձեռնոց, անձնագիր, դե շուտ ասֆալտին փռվիր... կամ «ծաղրանկարային ֆաշիզմ»

Կառավարության կորոնավիրուսային «պատեֆոնը», լարելով պտույտը, բարձրախոսային բռբռոցի կճուճը շալակը, մտավ մեր բակը...

Հարևանիս արձագանքն անսպասելի էր.

-Մնում է մի հատ էլ գծավոր պիժամա հագնենք, նոր դուրս գանք տնից, որ պատկերը լրիվ համապատասխանի բովանդակությանը: Հիմա էլ, թե՝ անձնագիր պահեք, թե չէ՝ կտուգանեմ:

-Բայց դու մեքենա ունես, վարորդական վկայական, ի՞նչ խնդիր կա,-զարմացա ես:

-Ես անձնագիր էլ ունեմ ու 1988 թվի նոյեմբերի 24-ից, երբ Սովետի զորքը Երևանը գրավեց ու պարետային ժամ մտցրեց, այ էդ օրվանից միշտ գրպանումս եմ պահում: Հարցն անձնագիրը չի, հարցն էն տոնն է, որով դա ասում են: Հարցը տուգանքով վախեցնելն ու սպառնալն է: Ու ովքե՞ր էլի՝ տռուսիկով արագաչափ փակողնե՞րն են տուգանքից խոսում, մարդկանց «տուգանքի մատերիալի տեղ դնում»...

Հարևանիս կուտակված ու շարունակ կուտակվող դժգոհությանն ըմբռնումով մոտենալով ու նրա առողջական վիճակի ու նյարդերի համար անհանգստանալով՝ չասացի, որ Հայկ Մարությանն էլ հայտարարել է, թե ով դիմակ չի դնում, հանցագործ է:

Այո՛, մեկուսիչ անհայտությունից երեկ հանկարծ վերադարձավ Երևանի քաղաքագլուխ Հայկ Մարությանն ու «փայլատակեց»:

Այդ «փայլատակման» միակ դրական կողմն այն է, թերևս, որ երևանցիները հիշեցին, որ քաղաքապետ կամ քաղաքագլուխ էլ կա: Այն էլ՝ «կարգին»: Սպիտակ-սպիտա՜կ:

Իսկ առհասարակ, ինչո՞ւ չասի, որ դիմակ չդնողները հանցագործներ են, եթե նրան Երևանի գլխին ղեկավար կարգած վարչավարակապետ Նիկոլ Փաշինյանը Երևանը վերջին օրերին մի մեծ ոստիկանական կազարմայի է վերածել: Ու ոչ միայն Երևանը:

Երկու տարի առաջ ճանապարհներ էին փակում, որպեսզի իշխանության գան, դրանից երկու տարի անց ճանապարհներ են փակում, որ իշխանությունը պահեն:

Այ, եթե վաղը, մյուս օրն էլ «Աժ-87» ՍՊԸ-ն որոշի, որ Փաշինյանին հեռուստաէկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա տեսնելիս պետք է ոտքի կանգնել, աջ ձեռքը՝ ափը ներքև պարզել առաջ ու երեք անգամ ասել՝ «դըմփ-դըմփ-հու», իսկ այդպես չանողները տեղում կգնդակահարվեն, ես չեմ զարմանա: Ինչպես չեմ զարմանա, եթե տեսնեմ այդ որոշումը դեմքի խելահեղ արտահայտությամբ և ուշագնացության ցուցադրություններով ողջունող հազարավորների: Չկասկածեք, որ գնդակահարողների կամավորական լեգեոններ էլ կարող են կազմվել նրանցից, ովքեր հանուն փրկչառաջնորդի պատրաստ են մատնել և անգամ կգնդակահարեն իրենց ծնողին, զավակին:

Նման երևույթներն ու դրսևորումները սովորաբար անվանում են ֆաշիզմ: Այդպիսի հրաշալի մի 50-60 տարի առաջվա հրապարակախոսական, փաստավավերագրական ֆիլմ կա՝ «Սովորական ֆաշիզմ»: Դիտեք, քանի չեն արգելել կամ դրա համար էլ տուգանք չի սահմանվել:

Բայց ամեն դեպքում, այն, ինչ տեսնում ենք ու տեսանք այս օրերին, ներառյալ՝ լրագրողների վրա ոստիկանության հրահանգված հարձակումը, աշխարհահռչակ ու վաստակավոր մարզիկին 10-15 հոգով ցուցադրաբար գետնին տապալելը (Եվրոպայի չեմպիոնի ենք ծալում, դուք ո՞վ եք, որ ձեզ չծալենք՝ «մեսիջով»), ըստ որում՝ ոստիկանական համազգեստով մեկի ծղրտոցների ներքո, թե՝ «դուխով էղեք», մի խոսքով այդ ամենը եթե մոտ էլ է ֆաշիզմ բնորոշմանը, ապա թերևս որպես ծաղրանկարային տարբերակով:

Այո՛, «ծաղրանկարային ֆաշիզմ»: Ե՛վ սարկազմի առարկա է, և՛ ծիծաղելի, բայցև՝ վախեցնող ու սարսափահար անող:

Ծիծաղելի ու ծաղրելի է, իհարկե, երբ տեսնում ես, թե ինչպես են ոմանք իրենց ձև տալիս, թե՝ մինիմում Մուսոլինի են, կեսօրին Պինոչետ, երեկոյան՝ Ստալին: Կարևորը, որ գիշերը իրենց Պոլ Պոտ, նույն ինքը՝ Սալոթ Սար չերևակայեն: Ծիծաղելի է, երբ տեսնում ես, թե ոմանք ինչպես են իրենց Գեբելս կամ Հիմլեր երևակայում կամ էլ Բերիա ու Մուղդուսի:

Իսկ սարսափելի է, որովհետև գիտակցում ես, որ այդ երևակայողները այսօր երկրի կառավարման ղեկին են, և դա ոչ թե վատ երազ է, այլ փաստացի իրականություն, նաև կորոնավարակային մղձավանջով ուղեկցվող դաժան իրականություն:

Թեպետ Հայկ Մարությանի ասածն իսկապես տպավորվեց: Այո՛: Բայց եթե դիմակ չդնողները հանցագործ են, ապա ովքե՞ր են կամ ինչպե՞ս պետք է բնորոշվեն այն կառավարիչները, որոնց անգործութան կամ տակուգլուխ գործունեության հետևանքով ավելի քան 400 մարդ մահացել է, տասնյակ հազարավորներ՝ վարակվել են, իսկ երկիրն էլ հայտնվել է տնտեսական ու սոցիալական «սև խոռոչի» առաջ կամ ավելի ճիշտ՝ մեջ:

Հապա դո՞ւք ովքեր եք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը