Մեկնաբանություն

11.06.2020 22:45


Դե, եթե «պատերազմ» է, ապա պետք է կանգնեք տրիբունալի առաջ

Դե, եթե «պատերազմ» է, ապա պետք է կանգնեք տրիբունալի առաջ

Հանրությանը շարունակ ներշնչում են, որ կորոնավարակի տարածման դեմ պայքարը պատերազմ է:

Դա անհաջող համեմատություն է: Բայց իշխանավորներն ու իշխանականները շարունակ համեմատություններ, զուգահեռումներ են անում, թե՝ «պատերազմի ժամանակ հրամանատարի (իմա՝ վարչապետի) հրաժարականը պահանջելը դավաճանություն է» ու նման բաներ: Ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչների և «կարդինալների» նման հայտարարությունների գլխավոր նպատակը այս ձախողված կառավարության ընդդիմախոսներին պիտակավորելն ու լռեցնելն է:

Մինչդեռ վարակի ու դրա հետևանքների վերաբերյալ պաշտոնական «չոր» տվյալները խոսում, ավելի ճիշտ՝ բղավում են «պատերազմող» «հրամանատարների» որակի կամ անորակության մասին:

Ահավասիկ. միայն հունիսի 10-ի ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 23 քաղաքացի: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանցից 18-ը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, 5-ը՝ «այլ հիվանդություններից»: Մահվան դեպքերի թիվը հասել է 245-ի, ընդհանուր՝ 327-ի:

Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի, որից 5466 առողջացած, 8876՝ բուժվող:

Ահա, նախօրեին էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ստեղծված վիճակի վերաբերյալ մի կիսատ-պռատ ներողություն խնդրելով, թե՝ չի վարանի ասել, որ այո՛, գուցե ներողություն խնդրի, որ ինչ-որ հարցերում կարող էին ուրիշ կերպ վարվել, էլի խոսեց «պատերազմի» մասին: Մասնավորապես ասաց, թե՝ «թշնամու ուժերը անհայտ էին»:

Սկսենք նախարարական «ներողությունից»: Եթե պարոն Թորոսյանն ուզում է փրկել իր ներկայացրած կառավարության դեմքն ու վարկը, ապա այդ կիսաներողությունը նման խնդիր չի լուծում: Հետևանքներն ու տիրող իրավիճակն այնպիսին են, որ առողջապահության նախարարը կարող է «ինքնազոհաբերվել»՝ հրաժարականի հայտարարությամբ, այդպիսով հարվածը կամ կրակը վերցնելով իր վրա ու կառավարությանը և վարչապետին մի որոշ ժամանակ տալով: Բայց Արսեն Թորոսյանի ներողությունն ավելի շուտ զուտ իր անձն ու պաշտոնավարումը փրկելուն միտված հայտարարության տպավորություն է թողնում: Դա ավելի շուտ նման էր ինքնաապահովագրվելու փորձի:

Բացի այդ, բոլոր ապակողմնորոշող հայտարարություններից, կորոնավարակի վտանգին ի սկզբանե անլուրջ վերաբերմունք դրսևորելուց, վարակի տարածման սպառնալիքի պայմաններում բազմամարդ հավաքներ նախաձեռնելուց հետո, հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակն ու ողբերգական հետևանքները, հազիվ թե կարելի է ինչ-որ կիսաներողությունով «գլուխն ազատել» կամ խույս տալ պատասխանատվությունից: Ըստ որում, ոչ թե միայն առողջապահության նախարարի մասին է խոսքը, այլ նրա ներկայացրած կառավարության ու կառավարչապետի:

Միաժամանակ, եթե իշխանականներին այդքան դուր է գալիս վարակի տարածումը պատերազմի հետ զուգահեռելը, ապա արդարացի կլինի, որ իրենք կանգնեն ոչ թե սովորական դատարանի, այլ տրիբունալի առաջ և պատասխանատվության ենթարկվեն «պատերազմական ժամանակի օրենքներով» (այսինքն՝ շատ ավելի խիստ մոտեցմամբ): Հնարավոր է, տրիբունալը կամ Ռազմադաշտային դատարանը որպես մեղմացուցիչ դեպք ընդունի նախարարական ներողությունը, բայց դա պատասխանատվությունից չի ազատում:

Երկրորդ՝ «թշնամու անհայտ ուժերի» մասին: Սա ևս քննադատության չի դիմանում:

Նախ, վարակ-«թշնամու ուժերը» անակնկալ, «ուխտադրժորեն, առանց պատերազմ հայտարարելու, առավոտյան ժամը 6-ին» չմտան Հայաստան: Վարակի մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Հարևան Իրանում այն արդեն փետրվարին մոլեգնում էր: Ոչ հարևան, բայց ինտենսիվ, էժանագին, իշխանությունների աջակցած օդային հաղորդակցությամբ Հայաստանին կապված Իտալիայում էլ էր նույն համաճարակային վիճակը: Իսկ Հայաստանի կորոնավարակային «գեներալները» այդ ընթացքում «սահմանադրական հանրաքվե» էին խաղում, և միայն փետրվարի վերջին ինչ-որ անհանգիստ շարժումներ սկսեցին ցուցադրել, այն էլ՝ միայն Իրանի հետ կապված: Իտալիայի մասին հետո «հիշեցին», երբ բանն արդեն բանից անցել էր:

Եվ ամեն դեպքում, եթե կորոնավարակը թշնամին է, ապա այդ պատերազմում ՀՀ «կորոնագեներալները» (Փաշինյան, Ավինյան, Թորոսյան և մյուսներ) տանուլ են տվել ամենից կարևոր փուլերից մեկը՝ պատերազմի նախապատրաստությունն ու բոլոր ռեսուրների մոբիլիզացիայի շրջանը: Տանուլ են տվել և՛ բարոյահոգեբանական, և՛ գաղափարաքաղաքական, և՛ վերլուծական-շտաբային գնահատման, և՛ գործնական քայլերի առումներով:

Մեծ հաշվով, Հայաստանի «կորոնագեներալիտետը», նույն ինքը՝ ՀՀ առկա իշխանությունը, «կորոնագեներալիսիմուսի» գլխավորությամբ խորապես թերագնահատել է կորոնավիրուս-թշնամուն, իսկ պատերազմի մասին էլ սկսել է խոսել այն բանից հետո, երբ թշնամին արդեն գրավել է մի շարք ռազմավարական հենակետեր, իրականացրել է խոր ներթափանցման դիվերսիոն գործողություններ: Ժամանակակից պատերազմներում դա նշանակում է այն տանուլ տալ դեռ սկզբնական փուլում՝ ռազմավարական նախաձեռնությունը հիմնովին զիջելով հակառակորդին:

Միակ բանը, որ «պատերազմական պայմաններում» անում է դեռևս իշխանության ղեկին գտնվող «կորոնագեներալիտետը», ներքին թշնամանքի տարածումն է և, ուժերի համախմբման փոխարեն, եղած ուժերն էլ ջլատելուն միտված հայտարարություններն ու գործողությունները:

Այնպես որ, եթե առողջապահության նախարարը թեկուզ լիարժեք ներողություն էլ խնդրի, ապա այն կարելի է ընդունել ի գիտություն: Բայց դա պատասխանատվությունից չի ազատում ոչ նրան, ոչ էլ իր ներկայացրած կառավարությանն ու վարչապետին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը