Մեկնաբանություն

10.06.2020 13:25


Ո՞վ է Արգիշտի Քյարամյանը (տեսանյութ)

Ո՞վ է Արգիշտի Քյարամյանը (տեսանյութ)

Իր կյանքի 30–րդ գարունը դեռ չբոլորած Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը շատ հեղափոխական ստացվեց։ Նա ծնվել է, սովորել, մի քիչ աշխատել ու դարձել ԱԱԾ ղեկավար։

Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը 2018–ին գըմփ–գըմփ–հո՛ւ էր անում, որ Նիկոլը վարչապետ դառնա, իսկ Արգիշտին՝ ԱԱԾ տնօրեն։

Հեղափոխություններն ունեն ոչնչից ամեն ինչ սարքելու հատկություն։ Սա այդ դեպքն է։

«Վիկիպեդիայում» Քյարամյանի կենսագրությունը կա։ Այնտեղ համեստորեն նշված է, որ նա հայ քաղաքական ու պետական գործիչ է։ Պատկերացնո՞ւմ եք, հերիք չէ քաղաքական, դեռ մի բան էլ՝ պետական։

Մինչև ԱԱԾ ղեկավար դառնալը Քյարամյանը 3 դրվագով հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Քեռու փողերն ու կոռուպցիայի դեմ պայքարը

«Թունդ հեղափոխական» ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն մեղադրանք առաջադրվելուց հետո Քյարամյանը դարձավ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար։ Անմիջապես հայտնի դարձավ, որ սույն երիտասարդը, մշտապես աշխատելով իրավապահ համակարգի ստորին ու միջին օղակներում, կարողացել է ավելի քան 100 հազար դոլար կուտակել սեփական հաշվի վրա։

Հարցին, թե որտեղի՞ց նրան այդքան գումար, Քյարամյանը պատասխանել էր, թե բա եվրոպաներում աշխատող քեռիս ու ռուսաստաններում աշխատող մյուս բարեկամներս են ուղարկել, որ ծախսեմ, բայց չեմ ծախսել ու կուտակել եմ։

Նա նաև հայտարարեց, որ ընդգծված հակակրանք ունի կոռուպցիայի նկատմամբ և հայրենասեր է։

Խճճված ընտանեկան պատմություն

Քյարամյանի անունը մամուլում շոշափվեց նաև մի նուրբ հարցով։ Բանն այն է, որ խոսվում էր Քյարամյանի հոր՝ Էլբեկի մասին։ Ավելի ճիշտ՝ գրում էին, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանն է նրա հայրը։

Ճշտող հարցին, թե արդյոք ինքը Կոտայքի թեմի առաջնորդի որդի՞ն է, Արգիշտի Քյարամյանը «Թերթի» հետ զրույցում հետևյալ պատասխանն էր տվել․ «Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պաշտոնատար անձ ունի բնական իրավունքներ, բնական իրավունքները մարդուն տրվում են հենց ծննդյան պահից ի վեր: Շատ եմ ուզում, որ հասարակությունն ընկալի բնական իրավունքների առկայությունը, բացարձակ տեղին չեմ համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը և այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը:

Բնականաբար, հեշտությամբ կարող եմ հերքել այդ լուրերը, բայց չեմ հերքի»։

Փաստորեն, ստացվում է, որ մեր երկրի անվտանգության ծառայության թիվ մեկ պաշտոնյայի հոր ով լինելը հայտնի չէ։ Կամ հայտնի է, բայց չի պաշտոնականացվում։ Ինչևէ։

Փաշինյանի հակառուսական քայլը

Ինչպես հայտնի է, ՌԴ արտգործնախարար Լավրովը, խոսելով Հայաստան մատակարարվող գազի գնի մասին, ուղիղ տեքստով հասկացրել էր, որ եթե Փաշինյանն ուզում է զեղչային գին, ապա պետք է ուշադիր լինի Կրեմլի համար զգայուն հարցերում և իրեն պահի ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի պես։

Լավրովը մասնավորապես նշել էր Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների դեմ փաշինյանական իշխանության գրոհների մասին ու դրանց շուրջ իր մտահոգությունները ներկայացրել։

Ըստ Լավրովի՝ ստացվում է, որ Փաշինյանի հակառուսական քայլերն են պատճառը, որ հայ ժողովուրդը թանկ գին է վճարում ու վճարելու գազի համար, չհաշված այլ վնասները, որ կրում են ՀՀ հպարտ քաղաքացիներն իրենց հեղափոխական առաջնորդի արտաքին քաղաքականության պատճառով։

Հիմա երբ Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, դա հերթական հակառուսական դեմարշն է, որի համար կրկին հայ ժողովուրդն է վճարելու։

Բանն այն է, որ Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումներն իրականացվել են Քյարամյանի ձեռքերով, երբ նա ՊՎԾ–ում էր։ Փաշինյանը խոսում էր այդ կազմակերպության հսկայական՝ միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումների մասին, բայց դրանք չեն հաստատվել։ Պարզվել է շուրջ 7 միլիոն դրամի հարկային պարտավորության չկատարում, ինչը հասկանալի է, որ չնչին գումար է այդ հսկա հիմնարկի համար։

Քյարամյանին նշանակելով ՌԴ–ի հետ սերտ կապեր ունեցող պետական ուժային կառույցի ղեկավար, Փաշինյանը հերթական անգամ խաղում է ՌԴ–ի դեմ ու դրանով իսկ բավարարում թուրք–արևմտյան շրջանակների ցանկությունները՝ պոկել ՀՀ–ն ՌԴ–ի հետ ընդհանուր անվտանգային համակարգից, որի բաղկացուցիչ մաս է կազմում ԱԱԾ–ն։

Կդառնա՞ Քյարամյանը Յագոդա

Հակառուսական մեսիջ պարունակող նշանակմանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ներքին ռեպրեսիաների գնալ և որպես գործիք է դիտարկում Քյարամյանին, ով իր թռիչքային կարիերայով պարտական է բացառապես «ժողովրդի» վարչապետին։

Երկու տարվա մեջ սա ԱԱԾ ղեկավարի 3–րդ փոփոխությունն է։ «Թավշյա» հեղափոխությունից հետո այս կառույցն իսկական ցնցումների է ենթարկվում։

Գեորգի Կուտոյանը հեռացավ հեղափոխությունից անմիջապես հետո։ Որոշ ժամանակ անց, ըստ հիմնական վարկածի, նա ինքնասպանություն գործեց։

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն նշանակվեց որպես հեղափոխականների թիմակից, որպես ՀՀԿ–ականից հեղափոխական դարձած Ֆելիքս Ցոլակյանի ու Ալեն Սիմոնյանի մտերիմ, բայց հետո չդիմացավ Փաշինյանի կառավարման հախուռն և հիստերիկ ոճին, հրաժարական տվեց ու հիմա պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց որպես միջանկյալ լուծում, բայց ոչ հակահամակարգային տրամաբանությամբ։

Արգիշտի Քյարամյանի նշանակումն արդեն հակահամակարգային բնույթ ունի։ Սա նշանակում է, որ կա՛մ համակարգը նրան դուրս կշպրտի որոշ ժամանակ անց, կա՛մ ինքը Փաշինյանի հրահանգով ու աջակցությամբ կքանդի համակարգը։

Փաշինյանը հույս ունի, որ աթոռը պահելու համար՝ ի դեմս Քյարամյանի, գտել է մեր օրերի Յագոդային՝ չեկիստների գլխակեր ղեկավարին, որին օգտագործելուց հետո Ստալինը վերացրեց։

Քյարամյանին ԱԱԾ–ում ներկայացնելիս Փաշինյանը նշում էր, թե այդ ուժային կառույցը պետք է դիրքավորվի «թավշյա հեղափոխության» օգտին, այսինքն՝ դառնա իր անձնական օգտագործման զինված բանդան։ Նա չէր խոսում հետախուզությունից ու հակահետախուզությունից, քանզի այդ հարցերը վարչապետին շատ քիչ են հետաքրքրում։ Նրան իր աթոռն է հետաքրքրում։

Նիկոլն ԱԱԾ–ին առաջարկում է ադապտացվել նոր իրողություններին։ Իսկ որո՞նք են այդ իրողությունները։ Դա Նիկոլի ընդդիմախոսների դեմ պայքարն է և վարչապետի բոլոր ապօրինի հրահանագներն առանց քննարկման կատարելը՝ իշխանափոխությունից հետո դատվելու հեռանկարով։

Ըստ այդմ՝ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն Արգիշտի Քյարամյանին որոշել է օգտագործել քաղաքական հետապնդումների նպատակներով, իսկ օգտագործելուց հետո դեն նետել, ինչպես որ միշտ է լինում նման դեպքերում։

Փաշինյանը Քյարամյանին վատություն է անում՝ փորձելով նրան դարձնել իր մահապարտը։

Կգնա՞ Քյարամյանն այդ ճանապարհով, ցույց կտա մոտ ապագան։

Մեկ բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց չունի հանրային աջակցություն, ինքը շատ լավ գիտի այդ մասին ու դրա համար հույսը դնում է ուժային կառույցների վրա։ Թե ինչքան նա կդիմանա սվինների վրա նստած, ֆիզիկայի օրենքները ցույց կտան։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ Հեղափոխության արդյունքում կարիերա անող պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնում են Օստապ Բենդերին։ Կից տեսանյութում ներկայացված է Արգիշտի Քյարամյանի «կկվի բնի վրայով» պաշտոնական թռիչքից մի փոքր հատված։

Այս խորագրի վերջին նյութերը