Մեկնաբանություն

09.06.2020 13:30


Բուժմամբ պայմանավորված հիպերակտիվությո՞ւն, թե՞ «բուռն գործունեության» իմիտացիա

Բուժմամբ պայմանավորված հիպերակտիվությո՞ւն, թե՞ «բուռն գործունեության» իմիտացիա

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վրա covid-19-ից արագընթաց ու «հրաշափառ բուժումը» կարծես դրական է ազդել: Չէ, նա էլի առաջվա պես «պատմության աղբանոցներից», «նախկինների սաբոտաժից» ու նման բաներից է խոսում, այսինքն՝ չարության տարածման ու կողքից մեղավորներ հռչակելու գործելակերպը նույնն է: Պարզապես երեկ Փաշինյանը հիպերակտիվ էր: Չնայած, դա կարող է մեկնաբանվել նաև որպես «բուռն գործունեության իմիտացիա»:

Դատեք ինքներդ.

ա) իշխանության ուժային բլոկում կադրային փոփոխություններ, նոր նշանակումներ (ԱԱԾ, ոստիկանություն, ՊՆ ԳՇ),

բ) աշխատանքային այցելություններ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց և «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ covid-19-ով հիվանդ մեր հայրենակիցներն են և

գ) ճեպազրույց՝ սաբոտաժնիկների (նենգադուլավորների), նախկինների թեմայով հայտարարույթուններով հանդերձ:

Կադրային փոփոխություններն ինքնին հետաքրքիր ու առանձին թեմա են: Ոչ միայն երեկվանները: Մինչ այդ էլ ՊԵԿ նախագահը հրաժարական տվեց:

Հնարավոր հետևությունն այն է, որ փաշինյանական իշխանության անձեռնահաս կառավարման հետևանքով երկրում ստեղծված կորոնավարակային բոլոլայի ու ողբերգական պատկերի համար հիմնական մեղավորները հարկային ու մաքսային մարմիններն էին, ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊՆ գլխավոր շտաբը: Համենայն դեպս, առողջապահության նախարարը, փոխվարչապետ-պարետը իրենց տեղերում են: Իսկ բուն խնդիրը հիմնականում այլ բան է. այն, որ Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ իր իշխանավարումը վտանգված համարելով, ապա առնվազն իր անհատական վարկանիշի կտրուկ անկումը նկատելով, նման կադրային շարժումներով փորձում է որոշ չափով շտկել այդ վարկանիշային վիճակը, զուգահեռաբար՝ մարել կամ չեզոքացնել իր պատասխանատվության հարցը կամ դրա մասին խոսակցությունները: Դա հի՜ն, դարերով փորձված հնարք է, որը մի կարճ ժամանակահատվածում մի քիչ «աշխատում» է, մինչև տիրապետող չի դառնում գիտակցումը, որ ախր այդ ազատած պաշտոնավորներին էլ էր նա ինքը նշանակել:

Բուժհաստատություններ այցելելու մասին: Հետաքրքիր է, իհարկե, որ covid-19-ից կտրուկ բուժման մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո առաջինն, ինչ անում է, հենց covid-19-ով հիվանդների խնամքով ու բուժմամբ զբաղվող բուժհաստատություններ այցելելն է: Երևի կարծում են, թե վարչապետի պաշտոնը թույլ է տալիս վայրկենական իմունիտետ ձեռք բերել, ուստի հենց այնտեղ է պետք գնալ, որտեղ ավելի մեծ է կրկին վարակվելու հավանականությունը:

Բայց այն, ինչ Նիկոլ Փաշինյանի երեկվա «առողջապահական» այցի ընթացքում գրավեց տողերիս հեղինակի ուշադրությունը, եթե կուզեք՝ «կողմնակի դիտարկումներն» են:

Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանը հիվանդների հետ հաղորդակցվելիս չբարեհաճեց գոնե ձևի համար մի հատ ներողություն խնդրել իր հռչակած «3 միլիոն վարչապետներից» որևէ մեկից՝ թե՛ ստեղծված վիճակի, թե՛ տվյալ հայրենակիցների՝ նման դրության մեջ հայտնվելու համար: Չասաց, օրինակ կամ թեկուզ. «Կներեք, ժողովուրդ ջան, մեր մեղքն էլ կա, որ նման վիճակ է, բայց մեղավորները պատասխանատվության կենթարկվեն...» կամ նման մի բան:

Բժիշկներին, բուժաշխատողներին շնորհակալություն, իհարկե, հայտնեց, բայց գոնե մի «դիվանագիտական ներողության» էլ արժանի՞ չէ սեփական երկրի այդքան «սիրելի ժողովուրդը»:

Երկրորդը. օրեր շարունակ ֆեյսբուքյան իր պատին տարբեր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող, ինչպես հիմա սիրում են ասել՝ «շեյմինգի», իսկ «հին» հայերենով՝ պարսավանքի ժայթքումներ նախաձեռնած ու խրախուսած Նիկոլ Փաշինյանը «հանկարծ» շատ զգույշ և ուշադիր էր դարձել, որ հիվանդների դեմքերը չերևան: Երևի «հրաշափառ բուժման» ևս մեկ կողմնակի բարերար հետևանք է:

Երրորդն ու ամենից կարևորը. ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրան ուղեկցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքն այնպիսին էր, կարծես՝ իրենք բացարձակապես ոչ մի կապ չունեն ու որևէ կերպ պատասխանատու չեն կորոնավարակի առումով մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար: Միայն պաշտոնական տվյալներով՝ հունիսի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Մի՞թե 217 մարդու մահվան համար «ժողիշխանավորներն» ամենևին մեղքի, մեղավորության զգացում չեն ունենում: Գիշերները կարողանո՞ւմ են հանգիստ քնել: Երկիրը, հասարակությունը ողբերգություն են ապրում, բայց պաշտոնավորների պահվածքից դա, մեղմ ասած՝ չի երևում:

Այդքանից հետո, երեկոյան ճեպազրույցում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն, ընդամենը ներքին թշնամանքի ու ամեն ինչում «նախկիններն են մեղավոր» մաշված ձայնապնակի («պլաստինկա», երիտասարդների համար՝ «վինիլ») էլի մի պտույտ են: Օրինակ, ասում է, ավելի ճիշտ՝ ասաց, թե կան մարդիկ կամ՝ հայտնի քաղաքական շրջանակները «շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և վատ ընթացք ստանա»: Կարճ ասած՝ «նախկինները», ըստ Փաշինյանի, «կորոնավիրուսային սաբոտաժ են անում»:

Այո՛, Հայաստանում կան մարդիկ, «հայտնի քաղաքական շրջանակներ», որոնք դժվար է ասել, թե որքանով կամ ինչու են շահագրգռված, բայց գործնականում ամեն ինչ անում են և արեցին, որպեսզի կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և առավելագույն վատ ընթացք ստանա:

Առանց «թեականությունների»: Իրոք հայտնի են այդ անձինք ու իրենց շրջանակը: Հայաստանում կորոնավիրուսի վարակի առավել տարածման և հնարավորինս վատ ընթացք ապահոված անձանց շրջանակը կոչվում է ՀՀ կառավարություն, կոչվում է «Իմ քայլը» իշխանական մեծամասնություն, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ի դեպ, «պատմության աղբանոցի» մասին հաճախ հիշատակող Փաշինյանին արժե երբեմն խորհել նաև այն մասին, որ մեկ էլ տեսար, կարող են ինքն ու իր ինքնահավան-ամբարտավանների թմակույտն այնտեղ հայտնվել՝ քաղաքական բոմժերի տեսքով: Պատմությունը դրանից ավելի դաժան «կատակներ» էլ է արել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը