Քաղաքական

02.06.2020 21:39


Շատ տհաճ ընթացք ունի բուժումը․ Աննա Հակոբյան

Շատ տհաճ ընթացք ունի բուժումը․ Աննա Հակոբյան

«Ազատության» հետ հարցազրույցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի առողջական վիճակը լավ է։

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը և նրա ընտանիքի բոլոր անդամները, բացի բանակում ծառայող որդուց, վարակված են կորոնավիրուսով։

«Մեր ինքնազգացողությունը լավ է, բավարար է: Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ` 37,2, Արփիի ջերմությունը իջել էր` 35,1, բայց այսօր առավոտյան երկուսն էլ կարգավորվել էին, և' Շուշանինը, և' Արփիինը նորմայի սահմաններում էին: Պարոն Փաշինյանը, ես և Մարիամը չունեինք ջերմություն: Ընդհանրապես լավ ենք»:

Աննա Հակոբյանն ասաց, որ և' ինքը, և' վարչապետը մեկուսացած են երկուշաբթի օրվանից, իսկ նախորդած բոլոր աշխատանքային հանդիպումներին կրել են դիմակ, ձեռնոց, անձնական շփումները խիստ սահմանփակ են եղել։

Աննա Հակոբյանը 3 ամիս չի հանդիպել իր մայրիկին, կարճ ժամանակով հյուրընկալել են միայն վարչապետի հորը՝ Վովա Փաշինյանին. «Հայրիկը կարճատև ընթացք եղավ տանը, մեզ հետ: Բայց մենք շատ ուշադիր էինք, հեռավորությունը պահում էինք, բայց ամեն դեպքում իսկապես անհանգիստ ենք, որովհետև բնականաբար չգիտեինք, որ վիրուսակիր ենք: Եվ եթե վարչապետի թեստը չլիներ, երևի չէինք էլ իմանա: Բայց ամեն դեպքում շատ ուշադիր էինք հայրիկի հետ կապված, որովհետև ունի առողջական խնդիրներ: Ուղղակի սպասում ենք, շատ անհանգիստ սպասում ենք որ որևէ նշան ի հայտ չգա: Կամ կթեստավորվեն հավանաբար»:

Աննա Հակոբյանի խոսքով, կորոնավիրուսի դրական թեսթերն իրենց անակնկալի են բերել, քանի որ չափազանց ուշադիր են եղել, որպեսզի չվարկվեն. «Վարչապետը, որ ամեն օր աշխատանքի էր գնում, շատ հաճախ էր ձեռքերը ախտահանում, դիմակը կրում և այլն: Եվ ընտանիքից Մարիամն էր, որ հաճախ, եթե պետք էր լինում խանութ գնալ, Մարիամն էր գնում`կրկին ծայրահեղ ուշադիր: Ընդ որում, այս ամբողջ երեք ամսվա ընթացքում, առաջին իսկ օրից սկսած, միշտ հանրային վայրերում, մարդաշատ վայրերում եղել է դիմակով և ձեռնոցներով: Իսկապես անակնկալ էր: Ընկճվա՞ծ... Գիտեք, երբ այդքան տեղեկություն ես ստանում, երբ այդքան դեպքեր ես տեսնում, առավել ևս, երբ բժիշկները այսօր ասեցին, որ 11-ն է ավելի վատանում երբեմն, այդպիսի ընթացք կա արձանագրված, ես սկսեցի իհարկե մի քիչ ավելի վախենալ: Երեկ մի քիչ ավելի հանգիստ էի: Հաշվի առնելով, որ ասիմպտոմ էի, մտածում էի, որ երևի եթե էսպես է, էսպես էլ կգնա, բայց այսօր հասկացա, որ պարտադիր չէ, որ կարող է փոխվել ընթացքը: Էդ առումով ես բավականին լարվեցի»:

Թեև Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարը, այնուամենայնիվ քիչ չեն մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում կորոնավիրուսին, դիմակ միշտ չէ, որ կրում են։ Աննա Հակոբյանի կարծիքով, տիրող այս մթնոլորտի պատճառը ազգային յուրահատկությունն է. «Իմ կարծիքով, դա մեր ազգային յուրահատկությունն է, բնույթն է, հոգեբանությունն է առաջին հերթին, որովհետև մենք էդպիսին ենք, չենք վախենում: Երկար պատմություն ունենք, շատ բաների միջով ենք անցել, և էդ վախը մեր միջից դուրս է եկել: Բայց դա լավ ճանապարհ չէ մեզ համար, որովհետև իսկապես վտանգավոր է, և իսկապես իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր շատ ծանր են տանում: Զարմանում եմ, որ այդ ամբողջ տեղեկությունը ստանալուց հետո դեռ կարելի է թերահավատորեն վերաբերվել կամ չպաշտպանվել»:

Հասարակության անլուրջ վերաբերմո՞ւնք, թե՞Կառավարության ձեռնարկած ոչ բավարար քայլեր. վարչապետի տիկնոջից հետաքրքրվեցինք, ըստ նրա, ո՞րն է կորանվիրուսի նման աստիճանի տարածման պատճառը Հայաստանում։

Աննա Հակոբյան. «Որքանով որ ես եմ տեղյակ, բոլոր երկրներում իշխանությունների կողմից, կառավարությունների կողմից արվում են բացառապես նույն գործողությունները: Այսինքն` այս վիրուսի հետ կապված, որևէ երկրում չի կատարվում որևէ այլ բան, որից մենք տեղյակ չենք: Վիրուսը հաղթահարելու, հաղթելու միակ ճանապարհն է սոցիալական հեռավորությունը, դիմակը և ձեռքերի ախտահանումը: Ոչ մի երկրում, անկախ նրանից ինչ արդյունքներ ունեն, պարծենում են, թե ոչ, որևէ այլ միջոցառում հայտնի չէ աշխարհին, որ արվում է: Էնպես որ, եթե մի երկրում արվում է և հաջողության է հասնում, մի ուրիշ տեղ` անհաջողության, կարծում եմ, որ կրկին արդեն անհատական է: Որովհետև կառավարությունը ինչ պետք է անի հաջողության հասնելու համար, երբ որ դա կախված է մեկ մարդուց, և յուրաքանչյուր մեկ հոգին պետք է պահի իր հիգիենայի կանոնները: Պետք է ամեն ինչ անել չվարակվելու համար: Որովհետև վարակվելու պարագայում մութ անտառ է, ու չգիտես, թե ամեն հաջորդ քայլին ինչի կհանդիպես, ինչ տեղի կունենա»:

Այս խորագրի վերջին նյութերը