Մեկնաբանություն

01.06.2020 23:50


То ли еще будет, то ли еще будет, то ли еще будет, ой-ой-ой...

То ли еще будет, то ли еще будет, то ли еще будет, ой-ой-ой...

Նիկոլի հերթական «լայվը», այս անգամ` իր և ընտանիքի կորոնավիրուսով վարակված լինելու թեմայով, ինչպես միշտ, իրարամերժ գնահատականների և մեկնաբանությունների տեղիք տվեց։

Հանրության «պողոսացված» հատվածը, բնականաբար, դարդոտվել է «սիրելի վարչապետին» պատուհասած աղետից։ Չնայած` կորոնավիրուսով վարակված լինելը դատավճիռ չէ։ Փառք Աստծու, ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր ընտանիքի անդամները, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որին ամեն գնով փակի տակ պահելու սևեռուն գաղափարից ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել, խոցելի տարիքային խմբում չեն։ «Ուղեկցող» հիվանդություններ էլ չունեն` եթե անգամ վարակվել են, հեշտությամբ կհաղթահարեն վիրուսը։ Մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը թեթև կամ «ասիմպտոմ» ընթացք կունենա։

«Չուզողները» չարախնդում են`իհարկե, «սիրուն» բան չէ, բայց ինչ-որ տեղ հասկանալի է. այնքան է զահլա տարել իր անվերջանալի «լայվերով», ճիշտ (որակյալ) դիմակը ճիշտ (որակով) կրելու դեպքում 99,9 տոկոսով վարակից զերծ մնալու մասին դասա(կամ շատա)խոսություններով (ընդդիմախոսներին «ասֆալտին փռելու, պատերով տալու», ընդհուպ տներից հանելու ու «սամասուդի» ենթարկելու սպառնալիքների մասին արդեն չեմ խոսում), որ մեղադրելու չէ։

Շատերն էլ պարզապես անտարբեր են, որովհետև չեն հավատում` այնքան է ստել, «ֆռռացրել», մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը, որ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ ձերբազատվել այն զգացողությունից, թե Նիկոլ Սուտասանն էլի «մուտիտ» է անում`փորձում է շեղել հանրության ուշադրությունը իր համար անախորժ հարցադրումներից։ Այլապես հարց է առաջանում. ինչո՞ւ ո՛չ ինքը, ո՛չ ընտանիքի անդամներն անմիջապես չեն հոսպիտալացվել` մնացել են ինքնամեկուսացման, տնային, ավելի ճիշտ, ամառանոցային պայմաններում վարակի դեմ «կռիվ տալու» հույսին, «կոնտակտավորների» շրջանակն էլ տեղնուտեղը չի «տեղորոշվել» ու չի թեստավորվել։

Համաձայնեք, կորոնավիրուսով «վարակվելը» հարմար առիթ է` անպատասխան թողնելու Միքայել Մինասյանի վերջին բացահայտումները, խուսափելու պարզաբանումներ տալու տհաճ պարտականությունից։ Հո չի կարող ամեն անգամ ասել`ով ինչ ուզում է, թող խոսի, ինչ ուզում է`թող մտածի` իր «փչացածության» չափով. հե՛րն էլ անիծած` չեմ պատրաստվում ոչինչ հերքել, արդարանալու բան չունեմ, պարտավոր չեմ ապացուցել, որ ուղտ չեմ, և վերջ։

Իր և իր մերձավոր շրջապատի` աներձագ Հրաչի, եղբորորդի Սիփանի և այլոց հետ կապվող մութ պատմությունների «փաթեթը» ձնագնդիի էֆեկտով մեծանում է, նստվածք է տալիս հանրային գիտակցության մեջ և վաղը կարող է հատել «կրիտիկական» սահմանը։ Մանավանդ` այդ սկանդալային բացահայտումների հեղինակը Նիկոլի պես անանուն, անապացույց, մերկապարանոց մեղադրանքներ չի հնչեցնում ժողովրդի ունեցվածքի «համատարած թալանի» մասին` կոնկրետ փաստեր է բարձրաձայնում, որոնք առնվազն պետք է ստուգվեն և հերքվեն նույնքան կոնկրետ, համոզիչ փաստարկներով։ Բայց արի ու տես, որ «նրբանկատորեն» շրջանցվում են կամ հակադարձում լղոզված ձևակերպումներով, որոնք է՛լ ավելի են խորացնում կասկածները, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Մեղմ ասած։

Բանը հասել է նրան, որ արդեն Նիկոլի «հավատավոր զոմբիներն» իրենք իրենց հարց են տալիս` ինչպե՞ս կարող էին մաքսանենգ ծխախոտով, ոսկով ու ադամանդով բեռնված ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը, այն էլ կորոնավարակային կոշտ սահմանափակումների պայմաններում։ Եվ ո՞վ է, ի վերջո, մոր աչքից սուրմա թռցնող այն «աճպարարը», որ կարող էր մաքսանենգության, զենքի ապօրինի առքուվաճառքի «միջազգային աֆյորաներ» իրականացնել` առանց Նիկոլի կամ իր մերձավորների գիտության և ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության։

Եթե Նիկոլ Ահեղն անտեղյակ է եղել այդ ամենին, ապա դա վատ է`շատ վատ։ Նշանակում է` չի տիրապետում իրավիճակին։ Եթե գիտի, որ ինչ-որ մարդիկ, իր «գլխից թռնելով»` Հայաստանը ներքաշել են նման խայտառակ պատմությունների մեջ, ու չի բռնել հանցագործների ձեռքը, դեռ մի բան էլ կոծկում է հանցագործությունը` ասելով, որ այդ ոլորտում 5 տարի է, ոչինչ չի փոխվել, հարց է ծագում. ինչո՞ւ շտապ «բերման չի ենթարկում» իրավապահ մարմինների ղեկավարներին, վերջնագիր չի ներկայացնում, չի պահանջում օր առաջ գտնել մեղավորներին և պատժել, չի հոխորտում, թե «ոչ մեկը չի պլստալու»` շուտով բոլորս կլսենք Հայաստանը խայտառակող այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը։

Կարո՞ղ է` իրավապահ համակարգը միայն «սատանային ու նրա հետ համագործակցող շրջանակներին» բացահայտելու, մեկ էլ ընդդիմադիրների վրա սպիտակ թելերով գործեր կարելու համար է։

Դե, իսկ եթե վարչա(հրամայա)պետն անձամբ է ներգրավված այդ «միջազգային աֆյորաների» մեջ, նշանակում է` «փայ ունի» դրանից, և ուրեմն, լավագույն բանը, որ կարող է անել, հրաժարական տալը և հեռանալն է։

Կարելի է, իհարկե, «կորոնավարակային խաղեր» տալ, ներկայացնել այնպես, թե` մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս հավասար ենք կորոնավիրուսի առաջ` եթե նույնիսկ մենք ենք հիվանդացել, ձեզ ի՞նչ է եղել, որ չհիվանդանաք։ Կարելի է ժամանակ շահել, աղմուկի մեջ խլացնել աղմկալից բացահայտումները (ով է այն «սրիկան», որ իմանալով ծննդյան օրով վարչապետի ընտանիքին հասած «դժբախտության» մասին, պատասխան պահանջի ենթադրաբար իր մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային պատմությունների համար։

Կարելի է շարժել «միջազգային գործընկերների» խղճահարությունը։ Նախագահ Պուտինն, օրինակ, որ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ չզանգահարեց Փաշինյանին, նրա միջոցով` հայ ժողովրդին շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ, արդեն հասցրել է զանգել, շնորհավորել նրա ծննդյան օրը և առողջություն մաղթել։ Ամեն մեկին հո «բախտ» չի՞ վիճակվում ծննդյան օրով «լայվ» մտնելու և հայտարարելու ընտանյոք հանդերձ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Ով լինի` դիմանա։

Կարելի է անգամ մատը տնկել «հակահեղափոխականների» վրա, «սևերին» մեղադրել վարչապետին «կորոնավիրուս կպցնելու» մեջ, բայց պատասխան տալու ժամանակը, մեկ է, գալու է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը