Մեկնաբանություն

28.05.2020 22:35


Հայաստանում կա մի մարդ, որ թքած ունի օրվա խորհրդի վրա` ոչ մի կերպ չի ուզում անցյալից դասեր քաղել

Հայաստանում կա մի մարդ, որ թքած ունի օրվա խորհրդի վրա` ոչ մի կերպ չի ուզում անցյալից դասեր քաղել

Ուշադի՛ր կարդացեք Առաջին Հանրապետության օրվան նվիրված շնորհավորական ուղերձները, և շա՜տ հետաքրքիր բացահայտում կանեք ինքներդ ձեզ համար. բոլորը, բացի մեկից, շեշտում են համախմբվելու և մի բռունցք դարձած`ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։

Եվ այդ մեկը, ինչպես կռահում եք, վարչա(հրամայա)պետ Նիկոլ Փաշինյանն է. նա, ով ի պաշտոնե պարտավոր է միավորել ժողովրդին Առաջին Հանրապետության տապալումից հարյուր տարի հետո էլ հայության գլխին կախված մեծուփոքր սպառնալիքները հաղթահարելու և մեր երազած երկիրը կառուցելու շուրջ, բայց ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։ Հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով քանդում, կտոր-կտոր է անում և «հոշոտում» այդ միասնությունը։ Բաժանում է, որ տիրի, պառակտում, թշնամացնում բոլորին բոլորի հետ, ատելություն սերմանում ամենուր, որտեղ կարող է։ Եվ այդքանից հետո` մեծ-մեծ բրթում է, թե` «ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը` արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով»։

Նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, արձանագրում է` «Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս», և «ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը»:

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացնում է` պատմությունը կրկնվելու «վատ սովորություն» ունի. «Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր հերթին է ահազանգում` պատմությունը մեզ ասելիք ունի. «Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր եւս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք, եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք` այդ հիշեցումները կյանքի վերածելու»։

Եվ հիշեցնում է անցյալի դասերը. «Զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը` ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ին. տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում եւ Հայաստանը շրջապատված թշնամիներով։ Բաղդատենք անցյալի Հայաստանը ներկա Հայաստանի հետ, մի՞թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։ Մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, Հայաստանի, Արցախի, հայության, մեր դատի շահերը նկատելով, (առաջ տանենք) մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տոնական ուղերձը նույն տրամաբանության մեջ է. «Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի, մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է` լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ` հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես ընդգծում է. «Մեր համախմբվածությունը, համերաշխությունն ու հարգանքը իրար նկատմամբ, սեփական պետականության արժեքի գիտակցումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար նվաճեցին ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ-Ենոքավանցի Փաշինյանը։ Ասում է. «Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի եւ Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք` ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը` արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով»։

Եվ տեղնուտեղը, հերթական անգամ իր վրայից գցում է պատասխանատվությունը` այս անգամ, հղում անելով Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին. «Դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է եւ եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»։

Հետո, արդեն ի՛ր անունից, ավելացնում է. «Ուստի, միասին դեպի գործ եւ աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան (երկարաշունչ ուղերձի տեքստում սա «միասնության» միակ հպանցիկ ակնարկն է. սիրո և համերաշխության, թշնամանքի և ատելության էջը փակելու, ժողովրդին սև-սպիտակի բաժանելու «հեղափոխական» պրակտիկայից հրաժարվելու մասին և համախմբվելու մասին` ոչ մի խոսք.-Լ.Պ.)։ Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլեւս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության եւ իրավունքի կորուստ, հավատի եւ լավատեսության կորուստ»։

Ուշադրություն դարձրեք` «հաղթական քաղաքացին», ոչ թե ինքը` ժողովրդի, չգիտեմ` 70, թե՞ 80 տոկոսի «վստահության քվեն ստացած» վարչա(հրամայա)պետը։ Ինքը ոչինչ չի խոստանում`իրենից ոչինչ կախված չէ. հաղթական քաղաքացին կարդարացնի՞ իր հետ կապված հույսերը, լա՛վ։ Չի՞ արդարացնի, հուսախա՞բ կանի` մեղքը իր վիզը. իրենից հասնում է` լայվ մտնել և ափսոսանքով արձանագրել, որ, ինչպես կորոնավարակի դեպքում, սխալվել է` ապավինելով սիրելի հպարտ քաղաքացու «անհատական պատասխանատվությանը», և կարծելով, թե քաղաքացին, բացի հպարտ լինելուց, պարտավոր էր նաև «հաղթական» լինել ու կյանքի գնով կանխել պետականության փլուզումը։

Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ «մեր երազանքների Հայաստանի» մասին մեծադղորդ խոսքեր ասող սուպերժողվարչապետի մասին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը