Աշխարհ

27.05.2020 15:00


Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատ արձակման որոշումը

Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատ արձակման որոշումը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է բանտարկյալների ներման դիմումները քննող խորհրդի՝ Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է «Ասպարեզ»-ը:

Նյուսոմն ընդունել է, որ Սասունյանը տարիներ շարունակ լուրջ քայլեր է արել իր վարքագիծը լավացնելու, բայց նահանգապետը չի հավատում, որ Սասունյանը պատրաստ է ազատ արձակվելու: «Գնահատում եմ այն, որ Սասունյանը բանտում ջանքեր է թափել իր վարքագիծը բարելավելու, բայց կան ավելի ծանրակշիռ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս Սասունյանին ազատ արձակել»,-ասվում է Նյուսոմի նամակում, որը ձեռք է բերել «Ասպարեզ»-ը:

Նահանգապետի համոզմամբ՝ Սասունյանը չի կարողացել բավարար ժամանակում ապացուցել, որ ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններ, որոնք կարող է կիրառել կյանքում:

«Մտահոգված եմ, որ Սասունյանը շարունակաբար թերագնահատում է իրենից պահանջվող աչալրջությունը, ներկայում և ապագայում՝ հետևողականորեն գործելու օրենքի պահպանման և նույնիսկ անուղղակիորեն բռնություն հրահրելուց խուսափելու վարքագծով»,-ասվում է նամակում:

Նյուսոմը եզրափակել է իր որոշումը՝ նշելով, որ քննել է պետք արձանագրված փաստերը: «Համոզված եմ, որ Սասունյանը հավելյալ աշխատանք պետք է կատարի ազատ արձակվելուց առաջ: Կարծում եմ, որ նա դեռևս վտանգավոր է հասարակության համար: Եթե նա ազատ արձակվի, ես կբեկանեմ խորհրդի որոշումը»,-շեշտել է նահանգապետը:

Նահանգապետի որոշումից հետո Սասունյանի պաշտպանական թիմի խոսնակն «Ասպարեզ»-ին հայտնել է, որ մեծապես հիասթափված են Նյուսոմի որոշումից:

«Բանտում անցկացրած տարիներին Համբիկն արել է ամեն ինչ իր վարքագիծը լավացնելու համար և դարձել է օրինակելի բանտարկյալ: Դա փաստ է, որն անգամ նահանգապետն է ընդունել: Հուսանք, որ ինչպես նախկինում նահանգապետը տեղի չի տվել թուրքական կառավարության ճնշումներին՝ Սպիտակ տունն օգտագործելով իր նպատակների համար»,-հավելել է խոսնակը:

Ըստ խոսնակի՝ բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը պետք է շարունակի աշխատանքը և փորձի այլ ճանապարհներ գտնել Սասունյանին ազատ արձակելու համար:

Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:

Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել էր սպանության պատասխանատվությունը:

Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանության: 1984 թվականին դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:

Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը:

Հանցանքը խոստովանելու դիմաց՝ դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր ընձեռելու:

Այս խորագրի վերջին նյութերը