Մեկնաբանություն

21.05.2020 16:35


Իսկ ինչո՞ւ է «իրավիճակը շատ ավելի լուրջ», պարո՛ն Փաշինյան

Իսկ ինչո՞ւ է «իրավիճակը շատ ավելի լուրջ», պարո՛ն Փաշինյան

Արդեն մի որոշակի ժամանակահատված է, ինչ կորոնավարակի տարածման առումով ձևավորված իրավիճակի հետ կապված, թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ իր կաբինետի անդամներն ու իշխանական քարոզչությունը ձգտում են հանրային ընկալման մեջ «մեխել» այն թեզը, որ դրա համար պատասխանատուն բնակիչներն են, քաղաքացիները:

Կառավարության այսօրվա նիստում ունեցած ելույթում էլ այդ նույնը, նախորդ անգամներից մի փոքր տարբերվող շեշտադրումներով, Նիկոլ Փաշինյանը կրկնեց: Խոսեց յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության մասին: Դեռ լավ է, այս անգամ հիշեց, որ պաշտոնյաներից յուրաքանչյուրն էլ անհատական պատասխանատվություն է կրում:

Այս՝ յուրաքանչյուր բնակչի «անհատական պատասխանատվության» թեզը հետաքրքիր երևույթ է՝ որպես քարոզչական հնարք: Բանն այն է, որ ցանկացած ողջամիտ անհատ, թեկուզ իր ու իր մերձավորների առողջական վիճակի համար ունեցած բնական անհանգստությունից ու ինքնապահպանման բնազդից մղված, ունի կորոնավարակի հետ կապված որոշակի կանոնների հետևելու բավարար գիտակցում: Իհարկե, կան նաև ոչ քիչ թվով թեթևամիտ, անլուրջ, մակերեսային վերաբերմունք ունեցողներ: Բայց նրանք որտե՞ղ չկան: Նույն Ազգային ժողովի մեծամասնության ու, կարելի է անգամ ասել՝ կառավարության կազմում մի՞թե չկան:

Հենց այդ էի ասում:

Մինչդեռ վարչապետի մակարդակով ու նաև քարոզչական հնարքներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մեր հասարակությունը համատարած անպատասխանատու է, համատարած անլուրջ վերաբերմունք ունի, դրա համար էլ կորոնավարակի տարածման առումով նման ծանր պատկեր է ձևավորվել:

Նախ, քաղաքացիների շրջանում անպատասխանատվության աստիճանն այդքան մեծ չէ, ինչպես դա ջանում են ներկայացնել պարոն Փաշինյանն ու իր իշխանությունը: Երկրորդ, եթե բնակչության շրջանում կա նման վերաբերմունք, դա էլի կառավարության ու ոլորտային պատասխանատուների թերի, անհետևողական, երբեմն նաև՝ հակասական գործողությունների ու քայլերի, կարճ ասած՝ վատ աշխատանքի հետևանք է:

Իսկ դրա համար արդեն կառավարությունն ամբողջ կազմով, բնականաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և, ինչ խոսք, իշխանության եկած կազմակերպությունը ևս կրում են ուղղակի քաղաքական պատասխանատվություն:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե՝ «...կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»: Ասում է. «Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք...»:

Սա ասում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ամիսուկես առաջ, ապրիլի 6-ին, որոշ թեականությամբ ու զգուշավորությամբ, իհարկե, արդեն խոսում էր «համաճարակի ողնաշարը ջարդելու» մասին: Հետաքրքիր է, եթե ապրիլի 6-ին կառավարությունն արդեն մոտ էր «վարակի ողնաշարը ջարդելուն», ապա հետո ի՞նչ պատահեց, ինչպե՞ս եղավ, որ գնալով դեպքերն սկսեցին շատանալ ու շատանալ, այն էլ՝ «կարանտինային միջոցառումների», տեղաշարժի բավականին ընդգրկուն սահմանափակումների, արտակարգ դրության պայմաններում առհասարակ:

Ինչո՞ւ այդպես եղավ: Հնարավոր առաջին լուրջ պատճառն այն է, որ կառավարությունը վատ աշխատեց: Այ, թե ինչպես եղավ: Ու պետք չէ հիմա փորձել պատասխանատվությունը բարդել քաղաքացիների վրա: Նրանց սխալ պահվածքը նույնպես կառավարության վատ աշխատանքի հետևանք է, եթե կուզեք:

Մի փոքր էլ «հետ նայենք» հասկանալու համար, թե ինչու այդպես եղավ, և ինչու կորոնավարակի հետ կապված կառավարության ու առհասարակ երկրի գործերը լավ չեն:

Փետրվարի 24-ին կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ու ընդունված որոշումների մասին իր ֆեյսբուքյան գրառման վերջում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կորոնավարակի դեպք չկա և հավելել էր, թե՝ հույս ունի, որ վարակվելու դեպք չենք ունենա:

Կարելի է պարզապես նշել, որ Նիկոլ Փաշինյանի հույսը չարդարացավ: Իրականությունը այդ հույսերի մեջ իր բավականին ծանր շտկումները մտցրեց: Ավելին, երբ նայում ես այդ հանձնաժողովի որոշումները, հասկանալի է դառնում նաև այն, թե ինչու հենց նման կացության մեջ հայտնվեցինք բոլորս: Փետրվարի 24-ին կորոնավարակի կանխարգելման հանձնաժողովը որոշեց սահմանափակումներ կիրառել Հայաստան-Իրան հաղորդակցության հետ կապված: Բայց միայն Իրանի:

Դեռ մի կողմ, թե այդ սահմանափակումներն ինչպես էին գործում (առաջին վարակակրի հետ կապված «կինոն» կհիշեն շատերը): Էական է այն, որ դրանից մեկ ամիս առաջ Իտալիայում էր վարակը արդեն տարածված, իսկ Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ գրեթե ռեալ քայլ չէր պատրաստվում անել, և Միլանից դեպի Երևան էժանագին չվերթները շարունակվում էին:

Նման բացթողումները հիմք են տալիս ասելու, որ վարակի տարածման հետ կապված մեր երկրում այս վիճակն է, որովհետև կառավարությունը՝ իր ղեկավար-վարչապետով հանդերձ, չեն կարողանում օբյեկտիվ գնահատել իրավիճակը, առկա վտանգը, դրա հնարավոր զարգացումները, չեն կարողանում ժամանակին կայացնել անհրաժեշտ որոշումներ ու դրանք իրագործել առավել կարգապահությամբ ու արդյունավետությամբ: Կասկածողները թող պարզապես նայեն, թե ինչպես աշխատեցին հարևան Վրաստանի իշխանությունները՝ Թբիլիսիի քաղաքապետով հանդերձ:

Իսկ ասել՝ հույս ունենք, թե վարակ չենք ունենա, մոտավորապես նույն տարբերակն է, թե՝ եկեք տնտեսական ճգնաժամի մասին չխոսենք, որ ճգնաժամ չլինի:

Եվ վերջում: Երևի պետք է պարոն Փաշինյանին ասել, որ չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեիք 15-20 օր առաջ: Իրավիճակը Հայաստանի Հանրապետույթունում փոխվել է: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են, պարո՛ն Փաշինյան:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը