Տնտեսական

15.05.2020 14:55


ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետի մոտ շատացել են․ նրանք վերջնագիր են ներկայացրել

ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետի մոտ շատացել են․ նրանք վերջնագիր են ներկայացրել

Հայաստանի քաղաքացիները պատրաստ են նորից հատել Վերին Լարսի անցակետն ու փորձել հայրենիք հասնել ցամաքային ճանապարհով։

Հայաստանի ավելի քան քառասուն քաղաքացի, որոնց թվում կան կանայք և երեխաներ, գտնվում են Վերին Լարսի անցակտում ու պահանջում են թույլ տալ իրենց հատել սահմանն ու ցամաքային ճանապարհով հայրենիք հասնել։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի 15 քաղաքացի մի քանի օր գտնվել են Վերին Լարսի անցակետում, որ Ռուսաստանից հայրենիք վերադառնան։ Նրանք հատել են ՌԴ սահմանն ու չեզոք գոտում հայտնվել։ Սակայն վրացի սահմանապահները նրանց երկիր չեն թողել։ Նշենք՝ Վրաստանում մարտից կորոնավիրուսի համավարակի հետ կապված` արտասահմանցիների մուտքն արգելված է։«Նրանց շարքում մի քանի կին ու մինչև 10-12 տարեկան երեխա կա։ Քաղաքացիները պահանջում են, որ իշխանությունն աջակցի իրենց ու օգնի այդ ճանապարհով տուն վերադառնալ», - ասաց Թանանյանը։

Նա նշեց, որ ռուսական կողմն առաջարկել է նրանց իրենց իսկ մեքենաներով հասնել Սոչի, թողել դրանք այնտեղ ապահով վայրում, ու մայիսի 19-ին չարտերային չվերթով Երևան մեկնել, սակայն նրանք հրաժարվել են, պատճառաբանելով, որ բազում խնդիրներ ունեն, ու գումար չունեն։

Քաղաքացիները նշել են, որ եթե իրենց չաջակցեն, նորից կհատեն սահմանն ու կփորձեն ցամաքային ճանապարհով Հայաստան գալ։

Թանանյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներով ևս մի քանի մեքենա դեպի անցակետ են ուղևորվում։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Գերատեսչությունն անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:

Վրաստանում օտարերկրացիների մուտք գործելու արգելք է գործում, որը չի տարածվում միայն բեռնափոխադրումների վրա։

«Կազբեկ» - «Վերին Լարս» սահմանային անցակետը Հայաստանն ու Ռուսաստանը միացնող ցամաքային միակ ճանապարհն է։

Այս խորագրի վերջին նյութերը