Կարծիք

15.05.2020 12:45


Բանակցություններին բացառվո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ

Բանակցություններին բացառվո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ

Այդքան հեռու և այդքան մոտիկ Ժնևը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մասին երկու կողմերի հաղորդագրությունների միջև Արցախյան հարցի մասին առկա տարբերությունները ակնբախ էին։

Եթե ռուսական կողմը բավարարվել է «քննարկվել է ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան» լակոնիկ ձևակերպմամբ, ապա Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նախ նշվում է, որ նախարարների միջև հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապա համեմատաբար ծավալուն հիշատակվում է ԼՂ հիմնախնդիրը։

Ի՞նչ է ասում ՀՀ ԱԳՆ-ն

Տարածված հայտարարությունը հետևյալ կերպ է անդրադառնում խնդրին. «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին»։

Վերհիշենք, թե ի՞նչ է ասվում նախարարի հիշատակած ապրիլյան հնգակողմ հայտարարության մեջ բուն կարգավորման առնչությամբ. «Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկեցին գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության»։

Այսինքն, տվյալ հնգակողմ հայտարարությունն իր հերթին բովանդակային առումով հղում է անում այս տարի հունվարի 28-30 Ժնևում տեղի ունեցած հանդիպման ամփոփիչ հայտարարության վրա։

Իսկ ինչի՞ մասին էր Ժնևը։

Անցնենք այս դիվանագիտա-բառախաղային քվեսթի հաջորդ փուլին, ուստի թարմացնեմ ձեր հիշողությունը ժնևյան հայտարարության երկու դրվագով.

1. «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»։

2. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»։

Ահա կարծես հասանք արմատին։

Փաստորեն երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է, ըստ էության, այս դրույթները։

Ժնևի բանակցային մարաթոնն եզրափակող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից պարզ էր, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել և ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։

2. Սեղանին դրված է փաստաթուղթ, իր սկզբունքներով, տարրերով, օրակարգով և ժամանակացույցով, ինչը մինչև Լավրովի սառը ցնցուղը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձևաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնաց դիվանագիտության դասագրքերում, որպես epic failure. ներքին սպառման ուղերձ՝ արտաքին լիակատար ձախողման ֆոնին։

4. Հայկական կողմի համար խիստ կարևոր է կոնֆիդենցիալության սկզբունքը, ինչը վստահաբար կշտամբանք էր Լավրովի հասցեին, ով «համարձակվեց» անել հայտարարություններ, որոնք հերքելու խիզախություն հայկական իշխանությունները չունեցան։ Թե ինչու է հայկական կողմն այս փուլում այդքան կարևորում կոնֆիդենցիալությունը, այլևս պարզ է. փորձ է արվում հայ ժողովրդից կրկին թաքուն պահել բանակցությունների բովանդակությունը «Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում։

Այսպիսով, առաջնահերթ է դառնում կամ օր առաջ ստիպել Նիկոլ Փաշինյանին բացահայտել այս պահին քննարկվող բանակցային սկզբունքները և տարրերը, կամ հեռացնել նրան բանակցային սեղանից։

Իհարկե, մանրամասները և դետալները հրապարակելու կարիք չկա։ Սակայն հայ ժողովրդին հուզում է երկու կարևորագույն հարցի պատասխան՝

1. Քննարկվող լուծումը փուլայի՞ն է թե փաթեթայի՞ն։
2. Բանակցություններին բացառվու՞մ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում թե ո՞չ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը