Մեկնաբանություն

13.05.2020 15:20


«Թավշյա» իշխանության թիրախում հիմա էլ ՄԻՊ-ն է

«Թավշյա» իշխանության թիրախում հիմա էլ ՄԻՊ-ն է

Դատելով նախօրեին ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ Ազգային ժողովում իշխող մեծամասնության ներկայացուցիչներից մեկի, մեղմ ասած՝ անհարգալից դրսևորումներից՝ փաշինյանական իշխանությունը հիմա էլ թիրախավորել է ՄԻՊ-ը: Դա ոչ այնքան անձնավորված թիրախավորում է, որքան կոնկրետ պետական ևս մեկ ինստիտուտ «զոռով-շառով» զավթելու հեռահար նպատակի նախերգանք:

Ճիշտ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե դա սոսկ կոնկրետ ՄԻ պաշտպանի անձով պայմանավորված դրսևորում էր: Ըստորում այն աստիճանի, որ Արման Թաթոյանի նման զուսպ, կիրթ և հավասարակշռված անձնավորությունը հարկադրված եղավ ԱԺ ամբիոնից հակադարձել իշխանական դեպուտատին՝ վերջինիս հորդորելով չհամարձակվել մյուս անգամ իր վրա ձայն բարձրացնել:

Ձևական տեսանկյունից Արման Թաթոյանի հասցեին իշխանական պատգամավորներից մեկի հարձակողական ելույթի շարժառիթը ԱԺ–ում վերջերս արձանագրված խայտառակ դրսևորումների, այդ թվում կին պատգամավորի հասցեին արված տհաճ արտահայտությունների առնչությամբ ՄԻ պաշտպանի արած հայտարարությունն էր: Բայց մեծ հաշվով, եթե կուզեք՝ բովանդակային առումով Արման Թաթոյանի վրա փաշինյանականները վաղ թե ուշ մի նոր թափով պիտի հարձակվեին, քանի որ «իրքայլական» մեծամասնությունն ու իշխանության հասած խմբակն այն կատեգորիայից են, որը հիվանդագին դրսևորման աստիճան անկարող է հանդուրժել այլ կերպ մտածող, այլ տեսակետ ու կարծիք արտահայտողներին: «Նեոբոլշևիկյան» այդ տեսակի նման դրսևորումների օրինակներ անցած երկու տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ եղել են:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընդունում է իշխանություն-հասարակություն հարաբերության միայն մեկ տեսակ՝ ստրկական հպատակություն և կռապաշտական երկրպագում: Մնացյալ ամեն ինչը համարվում է դավադրություն ու հակահեղափոխություն: Իսկ հակահեղափոխականներին ու դավադիրներին պետք է «պադյեզդներում սամասուդ» անել:

Մյուս կողմից, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ու առհասարակ, անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն ունենալով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը և նրա «քաղաքական» թիմի ներկայացուցիչները, կներեք՝ «վատանում» են հենց միայն այն մտքից, որ երկրում կարող է լինել որևէ պետական ինստիտուտ, որի ներկայացուցիչներն իրենց կոշիկները չեն լիզում, կռապաշտական ծիսակարգով հավատարմության ռևերանսներ չեն անում:

Այն, որ «թավշյա» նորիշխանապետերը հենց այդ դիտանկյունից են ընկալում մյուս պետական ինստիտուտների գոյությունը, պարզորոշ ապացուցվեց ինչպես դատական իշխանության վրա մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնույթամբ ու գլխավորությամբ իրականացված հարձակմամբ: Ապացուցվեց դա նաև Սահմանադրական դատարանի նախագահի, ՍԴ դատավորների դեմ գործող քաղաքական մեծամասնության կազմակերպած հարձակումներով, քրեական ու քարոզչական հետապնդումներով, հրապարակային «թունանետման» հրահրմամբ ու խրախուսմամբ:

ՍԴ-ն առայժմ «ամուր ընկույզ» է բռնապետական ու անձնիշխանական անթաքույց հակումներ ունեցող «թավշյա» առաջնորդի համար, համ էլ՝ կորոնավարակով պայմանավորված արտակարգ դրությունը խանգարեց այդ հարձակման հաջորդ արարն իրականացնելուն:

Դասական օրինակ է Հանրային խորհրդի «գրավման» օպերացիան: Ու հատկանշական է, որ քանի դեռ ՀԽ նախագահը Վազգեն Մանուկյանն էր, իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող ներկայացուցչի միջոցով ավելորդ կամ անիմաստ կառույց էին համարում ՀԽ-ն: Այն բանից հետո, երբ գործող իշխանությունը ՀԽ նախագահ դարձրեց ստեղնասազն առած օրնիբուն իրեն գովերգող Ստեփան Սաֆարյանին, կտրուկ մոռացվեց, որ դրանից քիչ առաջ ՀԽ-ն ավելորդ կառույց էր համարվում, չնայած, այն սահմանված է գործող Սահմանադրության 161-րդ հոդվածով, որպես կառավարության խորհրդակցական մարմին:

ՄԻ պաշտպանի կառույցն, առհասարակ, պետական ինստիտուտ է, որը նույնպես Սահմանադրությամբ է նախատեսված՝ «Մայր օրենքի» 10-րդ գլխով, 191-193 հոդվածներով: Ի դեպ, սևով սպիտակի վրա ամրագրված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է...»:

Հենց այդտեղ է ամբողջ «գաղտնիքը»: Ինչպե՞ս կարող է, չէ՞, փաշինյանական Հայաստանում լինել որևէ պաշտոնատար անձ, որն անկախ է: Դա դեռ քիչ է, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է անում, ինչ-որ «խրատներ» տալիս «թավշապետերին» կամ նրանց ձեռքն անցած պետական մարմինների գործունեությանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը