Մեկնաբանություն

08.05.2020 00:31


Բա որ էդքան «դուխով տղա» ես, ինչի՞ց է, որ ով հասնում`գլխիդ բամփում է

Բա որ էդքան «դուխով տղա» ես, ինչի՞ց է, որ ով հասնում`գլխիդ բամփում է

Փաշինյանն իր գրպանային խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ անգրագետ Պողոսին մատների վրա «ֆռռացնելու» մաստեր-կլաս ցույց տվեց։ Ինչո՞ւ անգրագետ Պողոսին։ Որովհետև անգրագետ Պողոսից բացի, իր «մուտիտներին» ու «կռուտիտներին» վաղուց արդեն ոչ ոք չի հավատում։ Նույնիսկ իր վեցնոցները։

Սկանդալային հայտարարությունների պակաս չեղավ։ Բոլորը չես թվարկի, բայց Հայաստանի, կներեք` շատ նոր Հայաստանի արտաքին քաղաքականության «ճարտարապետին» մի քանի հարց չտալ չեմ կարող։

Օրինակ։ Բա՛ որ «ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, ինչքան դու ես հայտնել», «Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան դու», «քո նախկինում հայտնած դիրքորոշումներից, սկսած 2018թ. մայիսի 8-ից, մինչև էսօր հայտնած ոչ մի դիրքորոշումից ոչ մի բան, բացարձակապես, նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ էլ մի ստորակետ ավելացնելու անհրաժեշտություն չես տեսնում», ո՜վ Ձերդ պայծառափայլություն, ինչի՞ ոչ մեկը` ո՛չ մենք, ո՛չ միջնորդ երկրները, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Արցախը (էն, որ ասում են` Հայաստանի և Արցախի դիրքորոշումները «նույնական» են, հենց այնպես` անպատեհ հարցեր տվողներին «հանգստացնելու» համար է), գլխի չի ընկնում`ի վերջո, ո՞րն է այդ դիրքորոշումը։

Ա՞յն, որ իրավասու չես բանակցություններ վարել Արցախի անունից, որովհետև արցախահայությունը քեզ չի ընտրել, բայց խնդիր չունես`առիթով-անառիթ «շփվելու» կիրթ Ալիևի հետ կոնֆիդենցիալ և կիսակոնֆիդենցիալ պայմաններում` օտար աչքից հեռու։ Կարծում ես` Ստեփանակերտի հրապարակում պարզելով «Արցախը Հայաստան է, և վերջ» հաղթողական կարգախոսը, վաստակե՞լ ես այդ իրավունքը։

Գուցե ա՞յն, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համա՞ր»։ Կարո՞ղ է Ալիևն արդեն «դոբրոն» տվել է, մնում է ստորագրել «միացումի» համաձայնագիրն ու ցրվել «տներով»։ Դրանի՞ց ես վեր-վեր թռնում, թե բա` «զգում եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ ա կառուցողական տրամադրված, ուզում ա լուծել հարցը»։ Քեզ ու քո արտգործնախարարին էլ մեղադրում է բանակցությունները փակուղի մտցնելու մեջ, որ իր շահած-պահած կացնով մարդասպանները չհասկանա՞ն` ինչի մասին է խոսքը։

Կամ` որ հպարտ քաղաքացին ինքն էլ չգիտի` ինչ է ուզում, չի ձևակերպում Արցախյան կարգավորման իր «տեսլականը», շպարգալկա չի կազմում, տալիս ձեռքդ, որ գնաս ու «դուխով» բանակցես այդ տեսլականի շուրջ, թե՞ «ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ես», և թող որևէ մեկը չփորձի քիթը խոթել քո գործերի մեջ` քեզանից հաշիվ պահանջել «այնպես չփռշտալու» համար։

Ո՞ւմ ես հիմարի տեղ դնում` կառավարական ամառանոցում թորած տնական օղուց «ներշնչված» անհոդաբաշխ լեզվավարժանքներ անելով և այդպես էլ չպատասխանելով շատ պարզ մի հարցի. ի վերջո, արտգործնախարար Լավրովը ճի՞շտ էր, թե՞ սխալ, երբ ասում էր` բանակցություններն ինտենսիվ փուլում են, սեղանին էլ, ոչ ավել, ոչ պակաս, «փուլային կարգավորման» տարբերակն է, որով նախատեսվում է հանձնել 7 շրջաններն ընդամենը կոմունիկացիաները բացելու դիմաց։

Ի՞նչ է նշանակում`քանի դեռ չի ձևակերպվել այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար` «մենք չենք եկել, ասել, որ ժողովուրդ ջան, մենք, ա՛յ, կարծում ենք, որ սենց լուծում կա, էկեք մի հատ դռնփակ նիստ անենք, էդ լուծումը առաջարկենք, և դուք ասեք` գնա՞նք էդ լուծման, թե՞ չգնանք, իսկ մենք էսպիսի լուծման, էսպիսի առաջարկով կգանք միայն էն պարագայում, երբ որ մենք` արտաքին գործերի նախարարը և ես, տեսնենք, որ ինչ-որ մի տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի լինել, ընդունելի լինել, էն մնացածը դիրքորոշումներ են»։

Ճի՞շտ եմ հասկանում, որ դու ու քո արտգործնախարարը ոչ թե ասողի, այլ բացառապես լսողի դերում եք. առաջարկություններով հանդես չեք գալիս, չեք ներկայացնում «պահանջների» ձեր նշաձողը, կարմիր գծերը, որոնցից այն կողմ պատրաստ չեք անցնել։ Սպասում եք` Ադրբեջանն ասի տղամարդու իր խոսքը` որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան», համանախագահներն էլ հաստատեն` տմբտմբացնելով գլուխները, դո՛ւք էլ, ձեզ «կառուցողականի» տեղ դրած, ո՛չ «հա» ասեք, ո՛չ «չէ», հետո չքմեղանաք, թե` ի՜նչ բանակցություններ, ի՜նչ փաստաթուղթ, ի՜նչ բան. ոչ տեսել եք, ո՛չ լսել։ Փաստի առաջ կանգնելով` «պրիզնատ գաք», որ իրավիճակ է փոխվել`այլևս «հակված եք դա բանակցություն համարել»։

Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ` յուրային

Էդ որ մեծ-մեծ բրթում ես, թե` «կներեք, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում ա, այլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստեղծվում ա։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել ա որպես, կներեք արտահայտությանս, ճ կլասի մի երկիր, և ուրիշ բան է, որ կա մի երկիր, որը ասում ա` ես Հայաստանի հանրապետության ժողովրդի ներկայացուցիչն եմ, և իմ դիրքորոշումների հետ պետք ա հաշվի նստել և վերաբերվել հարգանքով», ինչի՞ ոչ մի երկիր, հեղինակավոր կառույց «նույն վերաբերմունքը» չի դրսևորում ձեր նկատմամբ։ Հակառակը` հայտնվել ես «սպիտակ ագռավի» դերում. ով չի ալարում, գլխիդ բամփում է` Լուկաշենկոյից, Պուտինից սկսած, վերջացրած «ախպերական» Կանադայի և Ուկրաինայի ղեկավարներով։

Մեկը երեսիդ շրխկացնում է, թե «տեղը որ գալիս է, սսկվում ես` լեզուդ մի տեղ ես մտցնում», մյուսը ստիպում է իր հետևից «վազել» օդանավակայան և երկրորդ անգամ հրաժեշտ տալ`«լիզել կոշիկները», երրորդը «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և դատապարտում Արցախի ընտրությունները։ Մարդ ամոթից գետինն է մտնում` տեսնելով, թե ինչպես ես մի նախադասության մեջ երկու անգամ շնորհակալություն հայտնում, փորձում հաճոյանալ, հավատարմության երդումներ տալիս, սիրո և համերաշխության անպատասխան ժեստեր անում, վիզդ ծռում, կռանում, «հնարավորինս խեղճանում» Պուտինի առաջ` անելով այն, ինչ քո ասելով` «կռացած, խեղճացած, վիզը ծռած» նախորդ իշխանությունները չեն արել։

Օրինակ` զորախումբ ես ուղարկում Սիրիա և հարվածի տակ դնում թե՛ հայկական համայնքը, թե՛ պետությունը` փոխարենը ոչինչ չստանալով. աննախադեպ հպարտ և ինքնիշխան այդ որոշման «արդյունքում» Ռուսաստանը չփոխեց իր, մեղմ ասած, սառը վերաբերմունքը ձեր նկատմամբ, Արցախն էլ դուրս մնաց ամերիկյան ամենամյա աջակցության ծրագրից։

Ասում ես`«հիմա էս ամեն ինչը («դուխով տղա» երևալու մոլուցքը, էլի.-Լ.Պ.) լա՞վ ա, վա՞տ ա։ Էս ամեն ինչը ունի՞ ռիսկեր, թե՞ չունի ռիսկեր։ Այո, էս ամեն ինչը ունի ռիսկեր։ Բայց դա ընտրության հարց ա։ Մենք ի՞նչ ենք ուզում։ Մենք որպես երկիր ինչպե՞ս ենք ուզում դիրքավորվենք։ Մենք ուզում ենք դիրքավորվել, էսպես, ձեռքներս գլխներիս պահած, որ, կներեք` մի՛ խփեք մեզ, թե՞ ուզում ենք դիրքավորվել որպես մի երկիր, որը անհրաժեշտության դեպքում կարող է նաև ընդունել հարվածներ։ Եվ անհրաժեշտության դեպքում տալ նաև հակահարվածներ»։ Նայած` ում համար։ Հայաստանի համար վատ է, շատ վատ, Ադրբեջանի համար`գերազանց, Ռուսաստանի համար`եղած-չեղած, մի հաշիվ է։

Հակահարվածների մասով` չգիտեմ (եթե հակահարված ասելով` իհարկե, նկատի չունես աներձագիդ, սորոսական և քպական «մոսկաների» ֆեյսբուքյան վնգստոցները Պուտինի և Ռուսաստանի դեմ), բայց որ հարվածներ ստացել ես, և շատ ցավոտ, ստանում ես և դեռ կստանաս, ի դժբախտություն մեզ` երկու կարծիք չի կարող լինել։

Հարևան մի երկիր ունենք` շա՜տ հպարտ, ինքնիշխա՜ն դիրքավորվել էր. «դուխով» հարվածներ էր հասցնում ռուսներին և ոչ պակաս դուխով հակահարվածներ ստանում։ Ամենածանր հակահարվածը 2008թ. օգոստոսին ստացավ Աբխազիան ու Հարավային Օսիան կորցնելու «տեսքով», մինչև հիմա ուշքի չի գալիս։ «Մնացածը նյուանսներ են»...

Եթե դա՛ է ուզածդ, պետք է հիասթափեցնեմ` չի՛ հաջողվի։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը