Մեկնաբանություն

07.05.2020 16:15


Նա, ով համոզված է, որ իրեն հնարավոր չէ խաբել, արդե՛ն իսկ խաբված է

Նա, ով համոզված է, որ իրեն հնարավոր չէ խաբել, արդե՛ն իսկ խաբված է

Խոսքն, իհարկե, վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասին է: Երեկ, խորհրդարանում նրա հերթական «բենեֆիսն» էր: Մեկը մյուսից շքեղաշուք հայտարարություններ ու ձևակերպումներ, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին նվեր է ցանկացած երգիծաբանի համար:

Ինչ արժե «թավշյա» վարչապետի թեկուզ այն հանճարեղ արտահայտությունը, որ ամիսը 40 հազար դրամից ավելի գազ և 25 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիա սպառողը «արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում»: Այո՛, մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, Հայաստանի բնակչության մի ահռելի մասը, այդ հիասքանչ մոտեցմամբ, աշուն-ձմեռային օլիգարխներ են: «Թավշյա» լեքսիկոնով՝ խոշո՜ր սեփականատերեր:

Հետևաբար, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նրանց պետք է «փռեն ասֆալտին, ծեփեն պատերին, կտրեն թաթիկները, ծաղկավոր «բաբոչկա»-փողկապ հագցնեն» և այլն:

Նման փայլատակումների առջև, իհարկե, խամրում է «իրքայլական» պատգամավոր Հովիկ Աղազարյանի թռչնանախշ փառքը:

Ի դեպ, ոստիկանության և ԱԱԾ-ի մասին: Եթե հարաբերականորեն ավելի լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանը երեկ նաև ուղղակիորեն հաստատեց այն գնահատականները, որ ինքը շարունակում է խորապես չվստահել ինչպես ոստիկանությանը, այնպես էլ՝ ԱԱԾ-ին: Հատկապե՛ս ԱԱԾ-ին:

Ամեն դեպքում, թե՛ ոստիկանապետ(եր)ը, թե՛ ԱԱԾ տնօրեն(ներ)ը վերջին 2 տարվա ընթացքում հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած կադրերն են: Բայց, եթե մեկը սևեռուն կասկածամտությամբ է տառապում, ամեն թփի ետևում հակահեղափոխական է տեսնում, ապա պարզ է, որ եթե նույնիսկ իր մերձավոր թիմակցին էլ այդ կառույցներում ղեկավար նշանակի, միևնույն է, չի վստահելու: Նման անվստահությունը, ինչ էլ ասվի, ներսից հոգեբանորեն կարող է կազմաքանդել նշված ուժային կառույցները:

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը քաղաքական որոշում էր: Դե իսկ ի՞նչ պետք է անի կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ առաքելություն ունի Փաշինյանի նորանշանակ ԱԱԾ փոխտնօրենը, թերևս պարզից էլ պարզ է: Նրա միսիան ԱԱԾ ներսում Նիկոլ Փաշինյանի կոմիսարը, «աչքերն ու ականջները» լինելն է:

Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած որոշ արտահայտությունների մասին:

Ամենից գայթակղիչն, իհարկե, «թավշյա» վարչապետի այն պնդում է, թե Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան իր գլխավորած կառավարությունը: Թե բա՝ «կիլոմետրերով բազմիցս դիրքորոշումներ ենք արտահայտել...»: Հա, ու ըստ Փաշինյանի, եթե որևէ մեկը փորձում է կասկածի տակ դնել իրենց դիրքորոշումը, նա դա համարում է մանիպուլյացիա: Քաղաքական առումով ոտքից՝ գլուխ մանիպուլյատիվ գործելակերպ ունեցող մեկը նախապես մանիպուլյացիայի մեջ է մեղադրում «որևէ մեկին», ով փորձում է կասկածի տակ դնել «թավշյա» կառավարության՝ «կիլոմետրերով արտահայտած» դիրքորոշուները...

Այստեղ հոգնակին է կարևոր: Իսկ ո՞ր դիրքորոշումների մասին է խոսքը կամ դիրքորոշումներից ո՞ր մեկի: Ա՞յն, որ Արցախից Փաշինյանը քվե չի ստացել և, ինչպես ինքն էր պնդում, չի կարող բանակցել Արցախի անունից: Հընթացս հարց է ծագում՝ հիմա, որ բանակցում է, Արցախի անունից հանդես չի գալի՞ս:

Գուցե ա՞յն դիրքորոշման մասին է խոսքը, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Բանակցությունների պահն էլ է հետաքրքիր: Երեկ Փաշինյանը հաստատեց, որ բանակցություններ կան, ընթանում են: Մինչդեռ նույն Փաշինյանը, ոչ այնքան վաղուց, պնդում էր, որ ըստ էության բանակցություններ չկան:

Առհասարակ, այո՛, Հայաստանի որևէ կառավարություն, առնվազն նման կարճ ժամանակահատվածում՝ ոչ լրիվ երկու տարվա մեջ այդքան հաճախ չի «սրբագրել» դիրքորոշումները Արցախի հարցում: Ավելին, ոչ մի կառավարություն, այդքան փնթի ու լղոզված դիրքորոշումներ չի արտահայտել, որքան Նիկոլ Փաշինյանը:

Մեկը, ով բանակցային գործընթացում, փաստորեն, հիմնվում է իր անհատական զգացողության վրա, թե... Ալիև Իլհամը տրամադրված է «հարցի լուծման»:

Չէ, լուրջ, Հայաստանը ներկայացնող պետական թիվ 1 պաշտոնյան զգո՜ւմ է, որ Ալիևը տրամադրված է հարցի խաղաղ կարգավորման:

Սա ծիծաղելի չէ: Սա ողբերգություն է: Ու ոնց որ վերելակից բացի, Մյունխենում էլ է նման զգացողություն ունեցել պարոն Փաշինյանը: Դե, իհարկե, մանավանդ 2016 թվականի ապրիլից հետո ո՞վ կհամարձակվի ասել, թե Ալիևը տրամադրված չէ խնդրի խաղաղ կարգավորման: Ով էլ համարձակվի ու ասի, կեղտոտ մանիպուլյատոր է, շնաբարո դուրսպրծուկ, հանցավոր ռեժիմի մնացուկ, ժողովրդի թշնամի...

Ի դեպ, բանակցությունների բովանդակության մասին: Երևի ներքուստ խիստ նեղված է, որ Լավրովը բացել է խաղաքարտերն ու ասել, որ փուլային տարբերակն է սեղանին դրված, այսինքն՝ ըստ էության ոչ մի բանի դիմաց հայկական կողմին զիջումներ ու, մեծ հաշվով՝ կապիտուլյացիա պարտադրելու տարբերակը, Նիկոլ Փաշինյանը երեկ թեթևակի պոռթկաց.

«Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում: Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը»:

Ինչ պետք է, այն էլ բանակցո՞ւմ եք: Նման քամահրական, նույն ժողովրդի հանդեպ արհամարհական ու հոխորտալի պատասխան Հայաստանի ոչ մի կառավարություն ու ոչ մի ղեկավար իրեն երբեք թույլ չի տվել: Այո՛, չեն նստել և կետ առ կետ պատմել, թե ինչ են բանակցում կամ չեն բանակցում տվյալ պահին, բայց որ նման արձագանք տան, իբր՝ դուք ո՞վ եք, որ մի հատ էլ նստեմ ու ձեզ պատմեմ, չի եղել:

Թե բա՝ պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Ո՛չ, այդտեղ էլ է կոպտորեն սխալվում, ու մի քանի առումով: Նախ, «ՀՀ ժողովուրդը» միայն նրանք չեն, ովքեր քվեարկել են Փաշինյանի «իրքայլի» օգտին:

Երկրորդ, կոնկրետ Արցախի հետ կապված ՀՀ որևէ վարչապետից պատասխան կարող է պահանջել Հայաստանի ցանկացած քաղաքացի, գումարած՝ Արցախի մեր հայրենակիցները, գումարած՝ իր ազգից ու հայրենիքից չկտրված ցանկացած սփյուռքահայ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Արցախի ազատագրումն ու կայացումը այնպիսին, ինչպիսին այն կա այսօր, Հայաստանի բոլոր քաղաքացիների ու ամբողջ հայության հավաքական ջանքերի ներդրման շնորհիվ է:

Ի դեպ, ոստիկանության թեմային անդրադառնալով, Փաշինյանը խոսքի մեջ այսպիսի մի ֆրազ արտաբերեց, թե՝ «Մեզ հնարավոր չէ խաբել»:

Նա, ով համոզված է, որ իրեն հնարավոր չէ խաբել, արդե՛ն իսկ խաբված է: Զուգահեռ հարցն այն է, թե նա՝ ինքն ո՞ւմ է խաբում ու որքա՞ն երկար կարող է դա «մարսվել»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը