Տնտեսական

06.05.2020 10:01


Գործազրկության զգալի ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու պետության համար, երկրում սրվելու է սոցիալական լարվածությունը․ «Փաստ»

Գործազրկության զգալի ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու պետության համար, երկրում սրվելու է սոցիալական լարվածությունը․ «Փաստ»

«Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում տնտեսական կապերի խախտումն ու խզումը լուրջ ազդեցություն է ունենում համաշխարհային աշխատաշուկայի վրա։ Տարբեր երկրներում գործազրկության մակարդակը նոր ռեկորդներ է սահմանում։

Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել է 22 միլիոն ամերիկացի, իսկ փորձագետների կանխատեսմամբ՝ այդ երկրում գործազրկության մակարդակը շուտով կարող է հասնել 20 տոկոսի:

Ստեղծված պայմաններում՝ բիզնեսը մի շարք ուղղություններով շարունակում է վնասներ կրել, իսկ աշխատանքը կորցնելու առումով խոցելի իրավիճակում են հայտնվել հիմնականում միջինից ցածր եկամուտ ունեցող աշխատողները:

Եվ տրամաբանական է, որ եթե ձեռնարկությունը այս կամ այն օբյեկտիվ պատճառով, օրինակ՝ պատվերների ժամանակավոր բացակայության կամ պատվերի կրճատման պատճառով հայտնվում է ծանր ֆինանսական իրավիճակում և այլ ելք չի տեսնում, բացի կադրային ծախսերը նվազեցնելը, ապա աշխատանքից հեռացնելու փոխարեն կարող է օգտագործել աշխատանքային ժամերը կրճատելու գործիքը:

Ըստ էության, ձեռնարկությունը կրճատում է իր աշխատողի վճարումը այնքանով, որքանով նվազում է նրա աշխատանքային ժամանակը: Սրան զուգահեռ՝ կանխատեսումներ են արվում, որ միջին եկամուտ ունեցող երկրներում ժամավճարը կնվազի մոտ 7 տոկոսով, ինչը կազդի մոտ 100 միլիոն մարդու վրա:

Այսինքն՝ գործազրկության հետ մեկտեղ սպասվում է, որ կկրճատվեն աշխատակիցների եկամուտները։ Հայաստանը, որը ևս միջին եկամուտներ ունեցող երկիր է, ճգնաժամի արդյունքում մեծ տնտեսական վնասներ է կրում։

Իսկ այս իրավիճակը հայաստանյան աշխատաշուկայի վրա իր բացասական հետքն է թողնում տարբեր կողմերից։

Այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը, կիրարկվել են մի շարք սոցիալական աջակցության փաթեթներ, սակայն առաջիկայում մեծ թվով աշխատակիցներ՝ հատկապես մասնավոր սեկտորում, կորցնելու են իրենց աշխատանքը։ Եվ այս առումով տարբեր կանխատեսումներ են հնչում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի կանխատեսումների համաձայն, գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա և 17, 7 տոկոսից կդառնա 19 տոկոս: Եթե նշված տոկոսները վերածում ենք թվերի, ապա ստացվում է, որ 40 հազար հավելյալ գործազուրկ կունենանք մեր երկրում:

Գործազրկությունը զգալի կլինի սպասարկման ոլորտում, սննդի, հատկապես՝ հանրային սննդի ոլորտում, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության ճյուղերում, որոշ չափով կտուժի նաև շինարարության ոլորտը:

Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ամեն տարի Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ սեզոնային աշխատանքի են մեկնում արտերկիր, հիմնականում՝ ՌԴ։ Նրանք նույնպես կզրկվեն իրենց սեզոնային աշխատանքից և կհամալրեն գործազուրկների բանակը։

Իսկ գործազրկության զգալի ավելացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու պետության համար՝ չհաշված, որ երկրում սրվելու է սոցիալական լարվածությունը։ Բացառված չէ նաև զարգացումների այն տարբերակը, որ մարդկանց կենսապայմանների կտրուկ վատացում տեղի ունենա, և ըստ այդմ աճեն հանցագործությունները, հատկապես գողությունները։

Ուստի հենց այս պահից սկսած՝ կառավարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի աշխատաշուկայում կայունության ապահովման համար և տարբեր գործիքներով փորձի խրախուսել բիզնես գործունեությունը և նոր աշխատակիցների ներգրավումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը