Մեկնաբանություն

05.05.2020 16:31


Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ)

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ։

Նա այնքան ընկավ ստի գիրկը, որ հայտարարեց, թե բա Հայաստանում կոռուպցիա չկա։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։

Հայաստանում կոռուպցիա նախկինում էլ կար, հիմա էլ կա։ Առաջվա համեմատ հիմիկվա տարբերությունն այն է, որ կոռուպցիան դարձել է լկտի, զանգվածային ու բացահայտ։ Հեղափոխական գոռգոռոցների տակ տեղի են ունենում ապօրինի գործարքներ, պետական ռեկետ։

Որքան շատ է Նիկոլը խոսում կոպեկ առ կոպեկ կամ քյաբաբ առ քյաբաբ թալանածը հետ բերելու մասին, այնքան ավելի բացահայտ են դառնում, թե ինչպես է ինքը միլիոն առ միլիոն գրպանում։ Գրպանելու երկու ձևով է աչքի ընկնում այս իշխանությունը՝ երևացող ու չերևացող։ Երևացողը սեփական թիմակիցներին կողքը պահելու համար բյուջեի հաշվին պարգևավճարներ բաժանելն է։ Չերևացողը ստվերային գործարքներն են, որոնց մասին կցկտուր տեղեկություններ են հայտնվում և միայն սառցաբեկորի վերին մասն է հանրությունը տեսնում։ Բայց անգամ այս պարագայում անզեն աչքով է տեսանելի, թե որ օլիգարխի կամ Փաշինյանի ասած՝ սեփականատիրոջ հետ է գործարքը ստացվել, իսկ ում հետ՝ ոչ, որ պաշտոնյայի հետ են հյուրանոցային լեզու գտել, իսկ որի հետ՝ ոչ։

Կար ժամանակ, երբ ընդդիմադիր Նիկոլը պայքարում էր իր իսկ բնութագրմամբ «լֆիկական Օսվենցիմի» դեմ, բայց հենց դարձավ վարչապետ` օլիգարխ ու չարիք հռչակված Լֆիկ Սամոն դարձավ հեղափոխականների բարեկամ–սեփականատեր Սամվել Ալեքսանյան։ Հարկ է ընդգծել, որ վերջինս այս պատմության մեջ իրեն միշտ է անկեղծ պահել՝ «էն գլխից» հայտարարելով, որ Նիկոլն իրենց ախպերն է, ուղղակի ձև է անում, թե իբր ընդդիմադիր է։

Դատելով ամենից նիկոլական կոռուպցիան երեք դրամարկղ ունի՝ կնոջ հիմնադրամները, կուսակցական «մեշոկը» և անձամբ իրենը։ Մեխանիզմը հետևյալն է՝ իրենց սև ցուցակում գտնվող մարդկանց առաջարկում են մուծվել։ Սիմվոլիկ չափով մուծվել բյուջե, իսկ հիմնական մասով՝ սև դրամարկղ։

Օրինակ՝ Աննա Հակոբյանն ասում է, որ եթե բյուջեից թալանած փողեր են, ապա ավելի լավ է իրենց տան, քանզի իրենք ավելի լավ կօգտագործեն այդ փողերը։

Կուսակցական գործերի համար ձևական դրամահավաքներ են կազմակերպվում, որպեսզի քողածածկվեն այն ծախսերը, որոնք իրականում բազմապատիկ շատ են հրապարակավ հավաքածից։

Ինչ վերաբերում է Նիկոլի անհատական դրամարկղին, ապա այն, թերևս, ամենաստվերայինն է ու ամենամեծը։ Դա պարզ է դառնում վերջերս ջրի երես դուրս եկած սկանդալային պատմություններից։

Հենց որ Նիկոլի մոտ ստվերային գործարքը չի ստացվում, նա ուժային կառույցներին է մտցնում խաղի մեջ ու սկսում քրեական հետապնդում իրականացնել։ Նպատակը սեփականության վերաբաշխումն է, որը թաքցվում է հեղափոխական հռետորաբանության ու պոպուլիստական՝ «փողերը հավաքելու ենք, ժողովրդին բաժանենք» կեղծ կարգախոսի տակ։

«Յուքոմի» հետ տեղի ունեցողը բացահայտորեն ցույց է տալիս, որ Նիկոլն ուզում է խլել այն և անուղղակիորեն կառավարել։ Խաչատրյանների հետ գործարքը չի ստացվել, ինչին հաջորդել է քրեական հետապնդումը։

Արթուր Վանեցյանի ու Միքայել Մինասյանի հայտարարություններից նույնպես պարզորոշ երևաց, թե ինչպիսի գործելաոճ ունի Նիկոլ Փաշինյանը․ հրապարակավ խոսում է մի բան, բայց տակից լրիվ ուրիշ՝ ապօրինի գործընթացներ է նախաձեռնում։ Վանեցյանն ասաց, որ պղնձամոլիբդենայինի մասով Փաշինյանն ամեն ինչից տեղյակ է, իսկ Մինասյանն էլ ասաց, որ իրեն Նիկոլը գործարք է առաջարկել՝ քաղաքական չեզոքություն՝ հետապնդումների չենթարկվելու դիմաց։ Փաշինյանն այս հայտարարություններին չի արձագանքել։ Ըստ ամենայնի՝ ասելիք չունի։

Երբ նա նոր էր դարձել վարչապետ, հայտարարում էր, թե գործարարներն իրեն ասել են, որ Բաղրամյան 26 ճամպրուկներով փող են տարել, իսկ հիմա իրենք ազատված են նման պարտավորությունից։ Այդ խոսքերին ոչ մի հրապարակային բացահայտումներ և քրգործեր չհետևեցին։ Դա նշանակում էր, որ Նիկոլը կա՛մ ստում է, կա՛մ հիմա նույն բանը շարունակվում է, պարզապես կոռուպցիոն ճամպրուկներին փոխարինել են հեղափոխական ուսապարկերը։

Որքան շատ է խոսում Նիկոլը թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարից, այնքան ավելի շատ է մխրճվում թալանի ու կոռուպցիայի մեջ։ Որքան շատ է խոսում օրինականությունից, այնքան իր անունն ավելի շատ է կապվում ինքնաթիռով դեպի Ռուսաստան արտահանված մաքսանենգ ծխախոտի, այլոց բիզնեսները խլելու և փայ մտնելու, բյուջեն մսխելու հետ։ Բայց դե ինչ էլ անի, միևնույն է՝ ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու, չի՛ պլստալու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը