Քաղաքական

04.05.2020 16:05


Սահմանափակումների վերացումը ռիսկային է, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման վտանգ կա․ Երևանի գլխավոր ախտաբանը՝ պարետի որոշման մասին

Սահմանափակումների վերացումը ռիսկային է, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման վտանգ կա․ Երևանի գլխավոր ախտաբանը՝ պարետի որոշման մասին

Այս որոշումից առաջ պետք էր լավ մտածել, այն ռիսկային է, որովհետև դեպքերի ավելացման վտանգ կա: Նաև հասկանալի չէ, թե ինչ է նշանակում՝ «եթե վիճակը վատանա, ավելի խիստ սահմանափակումներ կլինեն»: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով պարետի որոշմանն առ այն, որ այսօրվանից հանվում են սահմանափակումների մեծ մասն ու թույլատրվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նա խնդրահարույց համարեց, որ այս ողջ ընթացքում չպարզաբանվեց՝ ի վերջո ՀՀ-ում կորոնավիրուսի պիկը հաղթահարվե՞լ է, թե՞ ոչ, ինչն էլ, ըստ ախտաբանի, խանգարում է հստակ գնահատական տալ՝ ինչ տվեցին սահմանափակումներն ու ինչի կհանգեցնի դրանց վերացումը կամ թուլացումը:

«Եթե վիրուսի պիկը հաղթահարվել է, ապա այս որոշումն արդարացված է: Վիրուսը 100 տոկոսով կհաղթահարվի միայն այն ժամանակ, երբ կոլեկտիվային իմունիտետ ձեռք բերվի՝ մարդու օրգանիզմում ձևավորվեն վիրուսի հանդեպ հակամարմիններ. դրանք ձևավորվում են միայն վիրուսի հետ շփվելիս: Աշխարհում կան մարդիկ, որոնք շփվել են վիրուսի հետ, առաջացել է հակամարմին, ու վիրուսը հաղթահարվել է նաև ոտքի վրա: Չենք կարող ասել՝ՀՀ-ում քանի՞ տոկոս բնակչության մոտ է ձևավորվել իմունիտետ, որովհետև դրա համար ամբողջ բնակչության թեստավորում պետք է արվի, ինչի ռեսուրսները դեռևս չունենք»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանափակումները հանելը ամենաճիշտը կլիներ հենց այն դեպքում, երբ բնակչության տոտալ թեստավորում արվեր, և նշվեր, որ քաղաքացիների առնվազն 75 և ավել տոկոսի մոտ ձևավորվել է իմունիտետ:

«Այդ դեպքում կարելի էր սահմանափակումները վերացնելու միանշանակ որոշում կայացնել՝ չմտածելով, որ վատ լինելու դեպքում ավելի խիստ սահմանափակումների անհրաժեշտուիթյուն կլինի»,-հավելեց Մխիթարյանը:

Հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ պատասխանատվութունը թողնել քաղաքացիների՝ բարձր պատասխանատվություն դրսևորելու վրա, ախտաբանը պատասխանեց, որ քաղաքացիների գիտակցությունն այս ընթացքում բարձրացել է, բայց այն մակարդակի չի հասել, որն անհրաժեշտ է վիրուսին դիմակայելու համար:

Մխիթարյանի խոսքով՝ կարանտինն այնքանով էր արդյունավետ, որ դեպքերի ավելացումը եղավ ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար, և առողջապահական համակարգը կարողացավ զբաղվել ծանր դեպքերով, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի՝ համապատասխան մասնագետների ու տեխնիկայի բացակայության պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը