Քաղաքական

02.05.2020 15:32


ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom­-ը չի վաճառվելու։

Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք է առաջադրվել Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը