Մեկնաբանություն

02.05.2020 18:45


Ռուսաստանում «վառված» մաքսանենգ սիգարետների ծուխը դեռ թավշյա բոցեր կտա

Ռուսաստանում «վառված» մաքսանենգ սիգարետների ծուխը դեռ թավշյա բոցեր կտա

Վերջին օրերի ամենից աղմկահարույց եղելություններից ու լուրերից մեկն այն էր, որ ըստ փաստաթղթերի՝ ապրիլի 25-ին, Հայաստանից Աֆղանստան ուղևորվող օդանավում, Կրասնոդարում կատարած միջանկյալ վայրէջքի ժամանակ Ռուսաստանի անվտանգույթան ծառայությունը (ФСБ), այդ երկրի մաքսայինների հետ համատեղ իրականացված գործողությամբ, 40 տոննա սիգարետների խմբաքանակ է հայտնաբերել և կալանել այն՝ որպես մաքսանենգ բեռ:

Այս օրերին նշված տեղեկությունը հայրենական մեդիա-դաշտում շրջանառվեց ամենատարբեր մեկնաբանություններով ու արծարծումներով: Պաշտոնական մարմիններից ևս հնչեցին պարզաբանումներ, բայց հարցերը միայն շատացան:

Ամենից հնչեղ վարկածներից մեկն այն էր, թե սիգարետների ենթադրյալ մաքսանենգության այդ պատմությունը կապ ունի ԱԺ իշխանական պատգամավոր, վարչապետ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի հետ: Այդ տեղեկություններին, ինչպեսև կարելի էր սպասել, հաջորդեց Հրաչյա Հակոբյանի հերքումը:

Սկսեցին շրջանառվել զուգահեռ կամ ավելի «խորացված» վարկածներ, որոնցում շոշափվում են արդեն վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանի, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ապա նաև՝ ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի, ՊԵԿ նարկայիս ղեկավարի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և էլի շատերի անունները:

Հարկավ, մի ընդգրկուն քննություն է անհրաժեշտ պարզելու համար և՛ այն, թե փաստացի ինչ է կատարվել ու ինչպես, և՛ այն, թե նշված ու նաև չհիշատակված, բայց տարբեր հրապարակումներում ինտենսիվ հիշատակվող այլ անձինք իրականում ինչ կապ ու դերակատարում ունեն կամ չունեն այս մութ ու խայտառակ պատմության մեջ:

Եթե կուզեք, ԱԺ քննիչ հանձնաժողովներ հենց նման դեպքերի հետ կապված է պետք ձևավորել: Չնայած, եթե մի պատմության մեջ իշխանության նման ներկայացուցիչների անուններ են շոշափվում (անկախ այն բանից, թե իրականում ինչ կապ ունեն կամ չունեն), ապա առավել հավանական է այն, որ այս խայտառակ պատմությունը ընթացքում լղոզվի ու աստիճանաբար մոռացության տրվի, որին նաև ծածկադմփոց են ասում:

Ամեն դեպքում, ծագում են մի շարք հարցեր, որոնք ոչ միայն չարժե մոռացության մատնել, այլև պարբերաբար արժե հնչեցնել, քանի դեռ սպառիչ ու համոզիչ պատասխաններ չեն տրվել:

Առաջին հարցը այն է, որ նկարագրված պատմությունը բավականին լուրջ հիմքեր է տալիս առնվազն կասկածելու, որ Հայաստանում «թավշյա» իշխանության պայմաններում էլ կա համակարգային կոռուպցիա, պետական պաշտոնների ու լիազորությունների փոխպայմանավորված չարաշահում: Այսինքն տեղ կա կասկածելու, որ առկա է նույն այն երևույթը, ինչի դեմ պայքարելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու շարունակ հավաստիացնում է, թե նման երևույթ այլևս չկա, իբր, վերացել է:

Երկրորդ առանցքային հարցը բխում է այն տրամաբանական ենթադրությունից, որ առանց իշխանության իմացության, առանց պետական մի ամբողջ շարք կառույցների (ավիացիոն, հարկային-մաքսային մարիններ, կառավարության աշխատակազմ և այլն) ղեկավար օղակների գիտության՝ ուղղակի նման բան հնարավոր չէր: Ի վերջո, դա երկու տուփ լուցկի չէ, այլ 40 տոննա սիգարետի խմբաքանակ՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ: Առավել ևս, որ կորոնավարակով պայմանավորված, ավիափոխադրումների ընդգրկուն սահմանափակումների պայմաններում, օդային ճանապարհով նման բեռնափոխադրում առանց իշխանությունների գիտության ուղղակի անհնար է պատկերացնել: Հարց է ծագում, երբ իմացել են, թե ինչ բեռ է, ուր և ինչպես է փոխադրվում, ի՞նչ են ստուգել կամ ինչ չեն ստուգել:

Լրացուցիչ մեկ այլ հարց ծագում է հենց օդանավի հետ կապված: Ի՞նչ է ստացվում. 40 տոննա սիգարետ փոխադրելու համար օդանավ հնարավոր է գտնել, իսկ նույն Ռուսաստանում կորոնավարակի պատճառով բարդ կացության մեջ հայտնված հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար օդանավ չէր գտնվո՞ւմ:

Այս՝ տակավին շարունակվող մութ պատմության մեջ դեռ շատ «իքսեր» և «իգրեկներ», այսինքն՝ անհայտներ կան: Սակայն մի բան առավել քան ակնհայտ է. տեղի ունեցածը, ըստ էության, Ռուսաստանի կողմից հերթական ապտակն էր Հայաստանի «թավշահեղափոխական» իշխանություններին:

Բոլորին էլ, թերևս հասկանալի է, թե ինչ կառույց է ՌԴ ԱԴԾ-ն (էֆ-էս-բէ): Եթե հարկ են համարել կատարվածի վերաբերյալ հենց նման ձևակերպմամբ, այսինքն՝ 40 տոննա սիգարետի մաքսանենգություն կանխելու և բեռը կալանելու տարբերակով տեղեկատվություն նետել շրջանառության մեջ, ուրեմն նման հրահանգ ու որոշում է եղել: Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանում, այն էլ նման մասշտաբներով ու ակցենտավորմամբ հենց այնպես ոչինչ չի լինում:

Հարցն այն է, թե ինչ են ցանկանում այդպիսով Հայաստանի գործող իշխանությանը հասկացնել Մոսկվայից: Թեպետ, հնարավոր է, որ ոչ էլ իշխանությանն են ուղղված նման «մեսիջները» ու խոսքը միայն այս «ծխախոտային» սկանդալի մասին չէ:

Իսկ Ռուսաստանում «վառված» մաքսանենգ սիգարետների ծուխը դեռ «թավշյա» բոցեր կտա: Ծուխը, ինչպես հայտնի է, անկրակ չի լինում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը