Մեկնաբանություն

17.04.2020 16:00


Ասում եք՝ «ապօրինի ծագման գույքի բռնագանձո՞ւմ», էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացիա՞

Ասում եք՝ «ապօրինի ծագման գույքի բռնագանձո՞ւմ», էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացիա՞

«Թավշյա» իշխանությունը լիովին ձգտում է արդարացնել քննադատների այն բնորոշումները, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա «Իմ քայլի»՝ հանրությունը գործ ունի նեոբոլշևիկների հետ: Աղերսներն ու զուգահեռները, ցավոք, շատ-շատ են:

Կարելի է թեթևակի թվարկել՝ հարձակումներ ավանդական արժեքների, եկեղեցու և հոգևորականների վրա, այլակարծության հանդեպ պաթոլոգիկ անհանդուրժողականություն, ներհասարակական ատելության ու ներքին թշնամանքի սերմանում ու տարածում, «սև-սպիտակի» բաժանում, դռան ամեն ճռռոցի ետևում հակահեղափոխականություն ու հակահեղափոխականներ տեսնող և այլն, և այլն:

Ցանկը կարելի է արդեն լրացնել նաև «ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» արդեն ընդունված օրենքի փաստով: Պետք չէ պայծառատես լինել կռահելու համար, որ այդ օրենքը գործող իշխանության ձեռքերում ընդամենը բութ գործիքի դեր է կատարելու իրենց ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Ավելի ճիշտ՝ այդ հետապնդումներին օրինական տեսք հաղորդելու համար: Վերջում, ժանրի կանոնների համաձայն, ունեզրկման գործընթացը կարող է հասնել ՀՀ շարքային քաղաքացիներին՝ հպարտ պողոսներին։ Մի որոշ ժամանակ անց, երբ այս բութ գործիքն սկսեն գործածել, ավելի պարզ կերևա, թե որքանով էր հիմնավորված այս՝ ոչ պայծառատեսական կռահումը:

Դա, իհարկե, տիպիկ բոլշևիզմ է: Նրանք էլ էին առաջնորդվում «անարդար կուտակածը խելելու և վերաբաշխելու» գաղափարներով, դա այլ կերպ հայտնի է որպես «էքսպրոպրիացվածի էքպրոպրիացիա»: Այնպես որ «իմքայլական» իշխանությունը առանձնապես մի գյուտ չի արել, իսկ Լենինի մումիան էլ, ասում են, տեղեկանալով ընկեր Փաշինյանի այդ քայլի մասին, կիսանստել է յուր սարկոֆագի մեջ ու ասել՝ «սովորել, սովորել, սովորել...»:

Լավ, ասում եք՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձո՞ւմ, էքպրոպրացվածի էքսպրոպրիացիա՞: Դե, ի՞նչ:

Մանավանդ, այդ օրինագծում դա կարծես թե արտացոլված է, այսինքն՝ կարող են դիտարկվել Հայաստանի անկախ պետականության վերականգման մեկնարկից ի վեր ձևավորված կամ ձեռք բերված գույքը և ունեցվածքը: Վատ չէ: Օրինակ, 90-ականների սկզբներին ու կեսերին, բավականին շատ էր խոսվում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրների, հատկապես ավագ եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի ունեցվածքների մասին: Մոտավորապես նույն տարբերակով, ինչ տարբերակով Նիկոլ Փաշինյանն ու իր թերթը պատմություններ էին շրջանառում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների, մասնավորապես՝ Սաշիկ Սարգսյանի մասին, հիշեցնենք, որ ոչ պակաս խոսակցություններ էին 90-ականներին շրջանառվում հենց Թելման Տեր-պետրոսյանի մասին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անդրադառնալո՞ւ է, օրինակ, այդ «թղթապանակին»:

Ի դեպ, ասացի՝ Տեր-Պետրոսյան, անմոռանալի Վանո Սիրադեղյանին հիշեցի, ու Գետառի ափին 90-ականների կեսերին կառուցված նրա դղյակը: Հարկավ, ժամանակակից ընկալմամբ, այդ առանձնատունը միայն պայմանականորեն կարելի է «դղյակ» անվանել, քանի որ հաջորդած տասնամյակներում շատ ավելի ճոխ, նկատելի ու թանկանոց դղյակներ են վեր խոյացել թե՛ Երևանում, թե՛ մերձակայքում, ու ավելի գեղատեսիլ տարածքներում, քան Գետառի ափն է: Բայց ամեն դեպքում, «մեռնեմ օրենքին», ինչպես ասվում է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանդրադառնա՞ Վանո Սիրադեղյանի դղյակին ու դրա ծագմանը: Ու առհասարակ, Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում քի՞չ իշխանամերձներ են հարստացել և ունևորվել: Նրանց հո չե՞ն շրջանցելու: Թե՞ կշրջանցեն, ի վերջո, նրանց մեծ մասը հիմա Փաշինյանի յուրային է համարվում, եթե միայն Փաշինյանի նման գործիչը կարող է առհասարակ յուրային ունենալ:

Ի դեպ, 90-ականների վերջերին արդյոք վարկային միջոցներո՞վ են հիմնվել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթերը։ Հասկանալի է, եկամտաբեր թերթեր են եղել, բայց սկզբնապես ի՞նչ միջոցներով է նա մեկնարկել: Ի վերջո, հո ԱՄՆ Կոնգրե՞սը չի ֆինանսավորել, ինչպես ֆինանսավորում է մեկ այլ հայտնի՝ նախկինում հակաիշխանական, հիմա թունդ իշխանամետ մեկ այլ լրատվամիջոցի:

Ինչևէ:

Հիմնական ենթադրությունն այն է, որ ընդունված բռնագանձման օրենքը, բնականաբար, ընտրովի կկիրառվի: Մյուս կողմից, այդ օրենքը կարող է գործել և հաջորդ իշխանության ժամանակ: Դե, հաջորդներն էլ իրենց նախորդներից կբռնագանձեն: Ու՝ այդպես շարունակ:

Մի հանգամանք էլ կա: Կանխատեսելի է, որ հետկորոնավիրուսային աշխարհում ներդրումները եղունգ-եղունգ անելով են ձեռք գցելու: Հայաստանի գործող իշխանությունը, որ նախքան այս էլ շատ բան է արել, որպեսզի պոտենցիալ ներդրողները մեր երկրից «յան տան», մի մեխ էլ խփեց այդ «գործի» չոր գերանին: Այ, հենց այս բռնագանձման օրենքն ընդունվեց, չէ, ներդրումները ամռվա տեղատարափ անձրևի պես են թափվելու, դույլերով...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը