Մեկնաբանություն

17.04.2020 00:40


Ունևորներին ունեզրկելու սերիալը սկսվում է`ձգեք գոտիները, թուլացեք և հաճույք ստացեք

Ունևորներին ունեզրկելու սերիալը սկսվում է`ձգեք գոտիները, թուլացեք և հաճույք ստացեք

Նիկոլի մանկության երազանքն իրականացավ` գոնե օրենսդրական մակարդակում. քայլարածների խորհրդարանն առանց աչքը թարթելու ընդունեց կուլակաթափության`«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և «ձեռքի թեթև շարժումով» անմեղության կանխավարկածը փոխարինեց մեղավորության կանխավարկածով։

Այդ «աստվածահաճո» գործում նրան օգնեց խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը` ԲՀԿ-ն, որ, թվում է, ամենից շատ պետք է որ անհանգստացած լիներ սեփականության անձեռնմխելության ինստիտուտի դեմ ուղղված այդ հանդուգն մարտահրավերից։ Չնայած` դրա կարիքը չէր զգացվում։ Մեկ է, քայլարածների դեմ, այսպես թե այնպես, «խաղ չկա»` նրանք այնքան «ինքնաբավ» են, «արտահերթ խորհրդարանական ընտրությունների» անվան տակ անցկացրած «բլից-կրիգ» օպերացիայի արդյունքում այնքան մանդատ են «գրպանել», որ անարգել կարող են անցկացնել ցանկացած օրենք։ Նույնիսկ եթե դա լինի սպիտակ թուղթ, որի վրա գրված է Նիկոլի անունը կամ դրան համարժեք մի բան։ Թեկուզ` հայհոյանք։

Սա նշանակում է, որ Նիկոլն ու իր «կամանդը» Հայաստանը տանում են նոր, մեծ, ավելի մեծ ցնցումների, և մենք սահուն կերպով թևակոխում ենք քաղաքական հետապնդումների նոր փուլ, որտեղ իշխանությունը կարող է ձեռի հետ, առանց դատ ու դատաստանի, գեղական կարգով ռեկետի ենթարկել` ունեզրկել անհնազանդներին, ասֆալտին փռել ու պատերով տալ. բռնագանձել «պերսոնա նոր գրատա ճանաչված» քաղաքացու ունեցվածքը, եթե համարի, որ դրա «ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով»։ Հեչ որ չլինի`բոմժ սարքելու սպառնալիքի տակ փակել ընդդիմախոսների բերանը։

Այսուհետ Նիկոլն ում վրա մատը դրեց` պարտավոր է ապացուցել, որ ուղտ չէ, այսինքն`օրինական ճանապարհով է ձեռք բերել իրեն պատկանող գույքը (դրամական միջոցները), եթե այն գերազանցում է «ապօրինի ծագում ունեցող գույքի» բռնագանձման նվազագույն շեմը` 50 միլիոն դրամ կամ 100 հազար դոլարից քիչ ավելի։ Եթե իր ունեցվածքի ստերիլ լինելու փաստն ապացուցող թղթերը «սխալմամբ» չի պահպանել, խնդիր չէ` Նիկոլի սրտի դատախազությունը, ավելի ճիշտ, դատախազության կազմում ստեղծվելիք «իրավասու մարմինն» ի՛նքը կորոշի` ներե՞լ, թե՞ գնդակահարել, ընդունե՞լ կասկածելի գույքի օրինականությունը, թե՞ «ապօրինի» ճանաչել` դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով։ Նայած`վերևից ինչ կասեն։

Եվ դեռ պետք է Աստծուն փառք տանք, որ նախագծի նախնական տարբերակում ամրագրված շեմը` 25 մլն դրամը, մեծահոգաբար կրկնապատկել, դարձրել են 50 մլն դրամ։ Թե չէ հպարտ քաղաքացիների կեսից ավելին կարող էր հայտնվել «վտանգավոր գոտում»` տարիների ընթացքում «կուտակած» ունեցվածքը կորցնելու սպառնալիքի տակ։

Այս փուլում «թալանչիներին» պետական մակարդակով «թալանելու» գործընթացը թերևս կտարածվի «նախկինների» վրա ու կսահմանափակվի նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց «կասկածելի» գույքը քչփորելով ու դրանում «կրիմինալ» փնտրելով։ Իսկ «փոխկապակցված անձինք» ասածը, ինչպես ինքներդ էլ հասկանում եք, շա՜տ առաձգական հասկացողություն է. ո՛վ թավշապետության սրտով չէ` Նիկոլենց «էշին չու» է ասում, ինքնաբերաբար կարող է հայտնվել նախկինների (սևերի, հակահեղափոխականների) ու նրանց հետ համագործակցողների «կատեգորիայում»` բոմժացման ենթակա «պոտենցիալ հանցագործների» ցանկում, որոնց սեփականությունն օր առաջ պետք է խլել։

Ամենակարևորն այստեղ այն է, որ ընտրովի, սարքովի «թավշյա» արդարադատության սպասավորների, այդ թվում Նիկոլի սրտի ՀՔԾ-ի և «21-րդ դարի» դատախազության ձեռքերն այլևս կաշկանդված չեն լինի «իրենց դարն ապրած» օրենսդրական կարգավորումներով։ Եթե մինչև հիմա չէին կարող առանց ձևականությունների`ինչպես Նիկոլի ընտանեկան կայքի անանուն հեղինակը կասեր, «չորով», առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առգրավել թալանչի նշանակված անձի գույքը և դրամական միջոցները, հիմա կարող են ազատորեն պատժել ցանկացած մեկին, ով համարձակվել է բա՛ն ասել Նիկոլին ու իր թրաշամանուկներին, եթե... «կան բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի գույք»։ Այսինքն` ընդամենը «կասկածների» հիման վրա։

Որտեղ կամ ում մոտ են «փնտրելու» այդ «ապօրինի գույքը»` ավելորդ է ասել։ Պարզ է, չէ՞, որ դա դառնալու է մահակ` բութ գործիք, որի միջոցով հաշվեհարդար են տեսնելու նախ` քաղաքական հակառակորդների, ապա`միջինից բարձր եկամուտներ ունեցող սովորական քաղաքացիների հետ՝ նեղություն չկրելով ապացուցել այդ կասկածների «իրավաչափությունը». տղա են` թո՛ղ իրենք ապացուցեն, որ անմեղ են։

Սա հենց այն է, ինչի մասին Նիկոլը երազում էր, ինչը բազմիցս ասել է` դժգոհելով, որ «պետական ապարատը», տվյալ դեպքում` իրավապահ համակարգը, դիմադրում է հեղափոխությանը», չի կարողանում օրինական միջոցներով հիմնավորել «չմուծվելու» կամ որևէ այլ պատճառով իր ատելության և վրեժխնդրության թիրախում հայտնված անձի ապօրինի հարստացման վարկածը և կոպեկ առ կոպեկ (քյաբաբ առ քյաբաբ, պիցցա առ պիցցա) հետ բերել միլիարդների «ալան-թալանը»։

Պետական ռեկետը օրինականացնող այս օրենքը նաև լուրջ խթան կհաղորդի գործ տալու ինստիտուտի զարգացմանը և կայացմանը. հարևանները կսկսեն հաճույքով գործ տալ իրար վրա, և մեր կյանքը կդառնա համատարած թամաշա-շոու` սուր զգացողությունների պակաս չի զգացվի․ 20, «բացառիկ դեպքերում»` 30 տարվա թալանը կոպեկ-կոպեկ հետ բերելու սերիալը նոր է սկսվում. հպարտ պողոսները կարող են հանգիստ շունչ քաշել, ձգել գոտիները, նստել թախտին, թուլանալ ու հաճույք ստանալ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը