Մեկնաբանություն

14.04.2020 11:33


Կորոնավիրուսը փոխեց քաղաքական դաշտի գույները

Կորոնավիրուսը փոխեց քաղաքական դաշտի գույները

Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանն ատում կորոնավիրուսին։

Մինչև դրա հայտնվելը «ժողովրդի» վարչապետը սևի ու սպիտակի էր բաժանել քաղաքական դաշտը։ Նա զբաղված էր թամաշաներ ապահովելով և սեփական ձախողումների համար նախկիններին մեղադրելով։ Օրենսդիրը, գործադիրը, դատական իշխանության մեծ մասը գրպանն էր դրել ու պատրաստվում էր ՍԴ–ի սեփականաշնորհմանը, բայց թարսի պես․․․

Մինչև կորոնավիրուսի հաղթարշավը Փաշինյանը շոուներ էր ապահովում ու ինքնապարգևավճարվում։ Հիմա այդպես հնարավոր չէ։

Քաղաքական դաշտի «թագն» այժմ վիրուսին է պատկանում։ Սև–սպիտակային բաժանումները հնացել են։ Վիրուսն անտեսանելի է, քաղաքական դաշտն՝ անգույն։ Կա վիրուսը և իշխանությունը։

Փաշինյանը մեն–մենակ է մնացել համաճարակի դեմ ու պետք է կռիվ տա, որոշումներ կայացնի, խնդիրներ լուծի, իսկ դա պոպուլիստի ու ամբոխավարի համար մահ է։

Կորոնավիրուսը փողոցից վռնդել է պոպուլիստներին ու մտցրել կաբինետներ, որտեղ նրանք թույլ են։

Կորոնավիրուսը սպանել է քաղաքական կյանքի նախկին ստատուս–քվոն։ Հիմա բեմի վրա իշխանությունն է իր ողջ էությամբ՝ ոչ կոմպետենտությամբ։

Կորոնավիրուսը խլել է ամբոխին Նիկոլ Փաշինյանից։ Դաշտը եկել է զրոյական կետի։ Սև ու սպիտակ արդեն չկա։ Կա կառավարության գործունեություն և արդյունքներ։ Որքան էլ փորձ արվի կրկին պոպուլիզմի օգնությանը դիմել, թամաշաներ ապահովել (Նիկոլի փոխարինիչ Ջոնի Բրջոնի գտնել և այլն), միևնույն է չի ստացվում։

Նիկոլի իշխանությունը վիճարկող և նոր վարչապետով նոր կառավարություն կազմելու հայտ ներկայացնող ուժի բացակայության պայմաններում կորոնավիրուսն է դարձել նրա ընդդիմությունը։ Ամեն մի նոր վարակվածով ու նոր մահով կորոնավիրուսը հիշեցնել է տալիս, թե ինչ էին սրանք ասում մարտի սկզբին, երբ ատելության քարոզը գերադասեցին մարդկանց կյանքն ու առողջությունը փրկող քայլերի անհրաժեշտությունից։

Ի՞նչ գույներ կառաջանան հետկորոնավիրուսային Հայաստանի քաղաքական դաշտում։ «Հերձումը» ցույց կտա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը