Մեկնաբանություն

11.04.2020 10:15


Հակակորոնավիրուսային տունտունիկ

Հակակորոնավիրուսային տունտունիկ

Աչքիս` Աստված երես է թեքել հայերից. առաջ էլ, իհարկե, առանձնապես երես չէր տալիս «խելքից պատուհաս»`հայի հետին խելքով անգամ ոչ վաղ անցյալի մեր պատմությունից դասեր չքաղած բազմաչարչար մեր ժողովրդին, բայց հիմա «լրջով» որոշել է պատժել մեզ մեր հին ու նոր մեղքերի համար։

Իբր` Նիկոլն ու իր «խմբապետությունը» մեզ քիչ էին, մի հատ էլ ստիպված ենք դիմակայել կորանավիրուսային ճգնաժամին. մի բան, որ սրանց հերոսական ջանքերով ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում (երբ աջ ձեռքը չգիտի` ձախն ինչ է անում, գլուխն էլ ընդհանրապես չի աշխատում), շրջանի քառակուսին հաշվելու պես մի բան է։

Մե՛կ կրակի հետ խաղալով` «չափից ավելի զսպում են խուճապը», հպարտ քաղաքացիների ականջից մակարոնեղեն կախում, թե բա` կորոնավիրուսն ո՞ւմ շունն է` վտանգավոր կենդանի չէ, հաչում է, բայց չի կծում, մարդկանց քշում հրապարակ և համոզում «այո» ասել իշխանության բոլոր ճյուղերն «օտ ի դո»` ամբողջությամբ և անմնացորդ իրենց «տակ դնելու» հակասահմանադրական հանրաքվեին, մե՛կ այնպիսի համատարած խուճապ և սարսափ են տարածում չորսբոլորը, որ մարդու մազերը վախից բիզ-բիզ են կանգնում։

Օրեր առաջ էր, որ իր համար երջանիկ, ժողովրդի համար դժբախտ հանգամանքների բերումով պետության ղեկին հայտնված քաջ Նիկոլը հերթական անգամ լայվ մտավ և ավետեց, թե կորոնավարակի «պիկը» ոնց որ թե մնացել է անցյալում. «Հնարավոր է` լավ լուր ունենք»` վարակվածների թիվը երկու օր առաջ գրանցված 92-ի փոխարեն ընդամենը 11-ով է ավելացել։ Այդ լավատեսական նոտայով անցկացրեց իր հարցուպատասխան-լայվը, «զգուշավոր լավատեսությամբ» արձանագրեց, որ արտակարգ դրության ռեժիմն այսպես շարունակվելու դեպքում կարող է թեթևացվել, թեև «նորավարակների» թիվը (կամ այն, ինչ հայտարարվում էր), ինչպես և կարելի էր սպասել, էլի մանրից ավելանում էր` խորացնելով կասկածները, թե ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է` մեզանից ինչ-որ բան են թաքցնում։

Մինչ Փաշինյանը շարունակում է ամեն օր իքս թվով «դուխով» լուրեր տարածել ՖԲ իր էջում (որ, օրինակ, վարկառուները հերթ են կանգնել կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու` էժան կամ անտոկոս վարկեր ստանալու համար, «ելակը հասել է բանակ», դրամը «ֆինանսական շուկայի արագ արձագանքի» շնորհիվ՝ որպես կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույց, սրընթաց ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերը սնկի պես աճում են, «աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը», այսինքն`լիկվիդայնությունը), և վստահեցնում, որ ամեն ինչ լավ է, շատ լավ է, ավելի լավ չի լինում, հայտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և խորհուրդ տալիս շատ չոգևորվել հակակորոնավիրուսային պայքարի թվացյալ ձեռքբերումներով։

Պարզվում է, էդ մուխաննաթ կենդանուն` կորոնավիրուսին հաղթելն այնքան էլ հեշտ բան չէ. դեպքերի թիվը կարծես պակասել է (եթե պակասել է, իհարկե), «փոխարենը» բազմապատկվել են վարակի օջախները. «Առաջ եթե ունենում էինք 50 դեպք մեկ աղբյուրից` օրինակ, մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից»։

Եվ ընդհանրապես, ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել` «վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է թեստավորել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել: Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ ազգովի կլինենք ուժասպառ, որոշ գործողություններ արանքից կհանենք, կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը: Մեկուսացում չենք անի, անիմաստ կլինի, քանի որ տարածումը շատ մեծ կլինի»։

Եթե առաջ ինքը, որպես առողջապահության նախարար, ասում էր` մոռացե՛ք դիմակների մասին, եթե հիվանդ չեք` դիմակ մի՛ դրեք, մեկ է, անօգուտ բան է, հիմա բանը բանից այնքա՛ն է անցել, որ միտքը փոխել է և ասում է ճիշտ հակառակը`առանց դիմակի ման գալը վնասակար է առողջության համար (դե, Չինաստանից դիմակների ահագին մեծ խմբաքանակ են ներկրել` պե՞տք է «ռասխոդ անեն», թե՞ չէ)։ Այնպես որ, հպարտ քաղաքացուն մի բան է մնում` զինվել համբերությամբ և սպասել վատթարագույնին. ելնել այն մեկնակետից, որ «մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինելու»։

Հանուն արդարության, ասենք, որ Փաշինյանը նախկին կյանքին վերադառնալու` նախակորոնավիրուսային վիճակը վերականգնելու խնդիր իր առջև չէր էլ դրել` գոնե երեկվա դրությամբ. եթե հիշում եք, հենց կորոնավիրուսն է այն կախարդական փայտիկը, որի միջոցով հույս ունի վերջապես լուծել հին աշխարհը քանդելու, նորը սարքելու գլուխկոտրուկը։ Ինչը, ի դեպ, չի խանգարում, որ իր հերթին խուճապի աննախադեպ (ձիու) դոզա ներարկի առանց այն էլ շշկռված հպարտ քաղաքացուն` ի լուր ԵՏՄ վարչապետաց խորհրդի, հայտարարի, որ տնտեսության տոտալ փլուզումը շատ մոտ է` «ռեցեսիայից այլևս հնարավոր չէ խուսափել»։

Ահա, այսպես էլ կռիվ են տալիս կորոնավիրուսի համավարակի դեմ` իրարամերժ հայտարարություններ անելով, իրար հերքելով ու հաստատելով, օրվա առաջին կեսին մի՛ բան ասելով, երկրորդ կեսին`հակառակը պնդելով, մե՛կ վստահեցնելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և «չափից ավելի զսպելով խուճապը», մե՛կ խուճապահար անելով մարդկանց՝ «աշխարհի վերջի» մասին վախենալու կանխատեսումներով։

Իսկ ամենավատն այն է, որ ոչ մեկը չգիտի` ինչքան կարող է երկարել հակակորոնավիրուսային այս տունտունիկը և ինչով կավարտվի։ Միայն` Աստված, որ թարսի պես երես է թեքել մեզանից...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը