Քաղաքական

08.04.2020 15:10


Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան

Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առնվազն չորրորդ դեպքն է, երբ խափանման միջոցի վերաբերյալ հարցը շատ երկար ժամանակ չի քննվում և առնվազն երկրորդ դեպքն է, երբ երկար ժամանակ փաստացի դատարան չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

«Ամանորից առաջ դատավորներից մեկը հետաձգել էր, հետո ինքնաբացարկ էր հայտնել, հետո վերամակագրվել էր և արդյունքում այդպես էլ չէր քննվել գրավի միջնորդությունը, եկել միացել էր խափանման միջոցի երկարացման միջնորդությանը»,- նշեց Օրբելյանը՝ հիշեցնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքը, երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նա հեռացվեց գործի վարույթից և Վերաքննիչ քրեական դատարանը շատ երկար նյութերը չէր ուղարկում:

Օրբելյանի խոսքով՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի անհապաղ, այսինքն՝ ոչ թե ողջամիտ ժամկետում, այլ՝ անմիջապես:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմմամբ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին սակայն մարտի 17-ին նշանակված դատակաին նիստը չկայացավ, միջնորդությունը չքննարկվեց ու նիստն անժամկետ հետաձգվել է: Ըստ ԲԴԽ-ի հայտարարության գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է:

Պաշտպանները դիմեցին նաև Երևանի դատարանի նախագահին՝ խնդրելով վերահասցեագրել միջնորդության քննությունը և մակագրել այլ դատավորի, ինչը մերժվեց:

«Խափանման միջոցի հարցը սահմանում է ժամկետ: Գրված է անհապաղ, ինչը ևս ժամկետ է: Այդ ժամանակ դատավորի բացակայության միջնորդությունը պետք է վերամակագրվի այլ դատավորի, բայց տեսնում ենք, որ միջնորդությունը չի վերամակագրվել այլ դատավորի, այլ՝ բերում կցվում է գործին, որ այս հարցի վերաբերյալ Աննա Դանիբեկյանը որոշում կայացնի»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ պարզ է, որ առողջ լինի և վերադառնա, այդ նամակը, խնդրանքը կունենա զրո արժեք:

Փաստաբանն ընդգեց, որ խախտվում են մի շարք իրավունքներ, այդ թվում ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ազատության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը:

Նշենք, որ Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ու պարզ չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի:

«Բոլոր մարդիկ, ովքեր հեռուսատէկրաններից չէին իջնում՝ հայտարարելով, որ պարոն Քոչարյանը ձգձգում է: Երբ նիստ չի լինում, պարոն Քոչարյանն անազատության մեջ է և կա խնդիր բարձրաձայնելու, թե ինչու նիստ տեղի չի ունենում, ոչ ոք ոչինչ չի խոսում, չի քննարկում, ոչ ոք հետաքրքրություն չունի: Իսկ երբ մենք ենք խնդիրներ տեսնում և միջնորդություններով բարձրաձայնում ենք, բոլորը համահունչ միահամուռ ուժերով սկսում են գոռալ, որ մենք ձգձգում ենք դատական նիստերը: Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների»,- ասաց Օրբելյանը:

Հարցին, թե արդյո՞ք պաշտպանն այցելել է պարոն Քոչարյանին և ինչպես է գնահատվում նրա առողջական վիճակը, Օրբելյանն ասաց, որ այցելել է մեկ-երկու օր առաջ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխատում է շատ չայցելել՝ միմիմալացնելով պոտենցիալ վարակելու ռիսկը:

Անդրադառնալով՝ առողջական վիճակին` Ա.Օրբելյանն ասաց, որ բժշկական էկիպրիզի համաձայն որոշակի բուժման կարիք կա:

«Դեղորայքը, որը նշանակված է, նախատեսված է ստացիոնար բուժման ժամանակ ընդունելու համար, այլ ոչ թե՝ ամբուլատոր բուժման համար: Կարող եմ ասել՝ ոչ լավ, ոչ վատ, առաջին հայացքից չեմ կարող գնահատել, բայց կան որոշակի հանգամանքներ, որոնք անհանգստացնում են»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ բժիշկների հետ քննարկումից կարող է ասել, որ կան լուրջ խնդիրներ՝ կապված բուժման ավարտի, հիվանդանոցից դուրս պայմաններում բուժումն ընդունելու հետ, կորոնավիրուսի՝ ՔԿՀ տեղափոխվելու հետ :

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով, որտեղից մարտի 8-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն ու շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ։

Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ նրան բժշկական կենտրոնից տեղափոխել են ՔԿՀ:

Փաստաբանները գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս:

ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարական էր տվել անդամ-պետություններին, համավարակով պայմանավորված փոխել անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները: Հայաստանում առանձին դատավորներ, սեփական նախաձեռնությամբ, արդեն իսկ անգամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառվում է գրավ, սակայն նման դատավորների թիվը խիստ սահմանափակ է:

Այս խորագրի վերջին նյութերը