Քաղաքական

07.04.2020 16:12


Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան

Անձնական երաշխավորության միջնորդությունը ենթադրում է անհապաղ քննություն, բայց մենք դատավոր Աննա Դանիբեկյանից ոչ մի տեղեկություն չունենք. Արամ Վարդևանյան

Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել այնպես, որ գրեթե մեկ ամիս մենք ոչ մի տեղեկություն չունենանք դատավորից: Դատավորից, որ պատասխանատու է թե՛ քրեական գործի, թե՛ յուրաքանչյուր կալանավորված անձի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով չկայացած նիստին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Նրա խոսքով՝ անորոշություն է տիրում, դատավորի աշխատակազմը որևէ բացատրություն չի տալիս՝ ինչու դատական նիստերը չեն կայանում:

«Ես 9-րդ օրն է, ինչ զանգահարում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմ, և ոչ ոք չի պատասխանում իմ հեռախոսազանգերին: Մենք մարտի 16-ին անձնական երաշխավորության վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել: Դա իրենցից ենթադրում է անհապաղ քննության հարց: Մենք այսօր պետք է նիստի լինեինք, բայց նիստի չենք, և ինչն է ամենակարևորը՝ մենք չգիտենք, ինչո՞ւ»,-ասաց փաստաբանը:

Վարդևանյանի խոսքով՝ Երևան քաղաքի դատարանի նախագահն էլ տեղեկություն չունի Աննա Դանիբեկյանից: «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր, թե 21-րդ դարում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատավորին չգտնեն, չիմանան՝ երբ է վերադառնալու. հիմա ես կարող եմ հաստատապես պնդել, որ մենք հենց այդ վիճակում ենք»,-նշեց նա:

Փաստաբանը հայտնեց, թե թիմի համառության արդյունքում տեղեկացել են, որ դատավոր Դանիեբկյանը բժշկական օգնության կարիք է ունեցել մարտի, և մարտի 13-ին անաշխատունակության համապատասխան թերթիկ է բացվել նրա անունով:

«ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Դանիբեկյանը վիրահատվել է: Մեզ հայտնի չէ ոչ մի տեղեկություն՝ դատավորը ստացիոնա՞ր բուժում է ստանում, թե՞ տանն է: Մեր տպավորությունն այնպիսին է, որ ստացիոնար բուժման մեջ չի գտնվում: Կարծում եմ՝ այդպես լինելու դեպքում կհայտնեին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոսքը դատավորի մասին է, ով պետք է ունենա պատասխանատվության ավելի բարձր զգացում:
«Մենք չենք պահանջում հրապարակել բժշկական գաղտնիքը, բայց մենք պահանջում ենք մեզ տալ կոնկրետ տեղեկություն, թե երբ է նա վերադառնալու և որտեղ է»,-նշեց փաստաբանը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երբ մեկ անգամ փաստաբանական թիմը չի մասնակցել դատական նիստին, Դանիբեկյանը նկատողություն է տվել: «Դատախազության ներկայացուցիչներն էլ դժգոհեցին, որ նիստը չկայացավ: Այս անգամ ինչո՞ւ ենք միայն մենք բարձրաձայնում: Դատախազությունն այս վիճակով անհանգստացած չէ՞»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ մարտի 17-ի չկայացած նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է դատարանում հանդես գային ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը