Մեկնաբանություն

02.04.2020 14:40


Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը (եթե այն կա)

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը (եթե այն կա)

Նիկոլ Փաշինյանն ընդամեը մեկ ամիս առաջ ասում էր, որ կորոնավիրուսը սովորական գրիպի պես մի բան է և պետք չէ դրան շան տեղ դնել։ Իր նախարարն էլ ասում էր, որ պետք չէ հատուկ միջոցառումներ անել, քանզի վարակը վտանգավոր չէ։

Հիմա սրանք 180 աստիճանով կամ ինչպես Աննա Հակոբյանը կասեր՝ 360 աստիճանով փոխել են իրենց տեսակետները։

Նիկոլն ասում է, որ սա սովորական գրիպ չէ և պետք է լուրջ վերաբերվել, իսկ Արսենը սրտաճմլիկ դեմքով ցավակցում է կորոնավիրուսից մահացածների հարազատներին ու ապոկալիպտիկ սցենար ներկայացնում վիրուսի տարածման թեմայով։

Սրանից մեկ ամիս առաջ «ժողովրդի» վարչապետը «քաշում» էր ժողովրդին՝ իր զզվելի քարոզի համար մարդկանց իրար գլուխ հավաքելով ու վարակի տարածմանը նպաստելով, իսկ հիմա արտակարգ դրություն են հայտարարել ու բոլորին կոչ են անում տանը մնալ։

Տանը մնալու պահը հասկանալի է (որպեսզի վարակը քիչ տարածվի կամ դանդաղ տարածվի), բայց հասկանալի չէ, թե ո՞րն է Նիկոլ Փաշինյանի, իր ստեղծած պարետատան ու Առողջապահության նախարարության ռազմավարությունը։

Եթե տանը մնալու քաղաքականությունը չի զուգահեռվում վարակվածների օջախների բացահայտման, թեստավորման և առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման համակարգի հետ, ապա տանը մնալը լուծում չի դառնում։ Այն ընդամենը ցույց է տալիս կառավարության խուճապն ու ապաշնորհությունը։

Կարանտինը արդյունավետ կլինի, եթե առնվազն 15 հազար թիրախային թեստավորում իրականացվի։ Միջազգային փորձն է դա ցույց տալիս։ Հակառակ դեպքում մենք վիրուսի տարածման դեմը չենք առնի, բայց փոխարենը տնտեսության հերը կանիծենք ու մարդիկ կսկսեն հիվանդանալ և մեռնել լրիվ այլ պատճառներով։

Մա՞րդ, թե՞ տնտեսություն դիլեմայի մեջ միշտ պետք է ընտրել մարդուն, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի գործողություններում չկա ո՛չ մարդը, ո՛չ տնտեսությունը։ Քանզի հասկանալի չէ ռազմավարությունը, առկա է անորոշությունը և տեսանելի է տնտեսական կոլապսը։

Փաշինյանի կառավարությունը ոչ կոմպետենտ էր մինչև կորոնավիրուսային ճգնաժամը։ Հիմա այդ ոչ կոմպետենտությունը վերաճել է ոչ լեգիտիմության։ Ճգնաժամային կառավարումից սրանք լրիվ զրո են։ Կարո՞ղ է արդյոք զրոն միավոր արդյունք տալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը