Մեկնաբանություն

01.04.2020 15:45


ՄՀՀ՝ մահճակալահամաճարակային համալիր

ՄՀՀ՝ մահճակալահամաճարակային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մահճակալաֆիկացված սրահների լուսանկարները դարձան սոցցանցերի քննարկման «թոփ» թեմաներից մեկը: Ցնցող պատկեր է, ոչինչ չես ասի: Չնայած՝ արժե՛, արժե՛ ասել:

Փաստորեն, դիտարկվել է ՄՀՀ-ն մարզահամերգայինից սահուն մահճակալահամաճարակային համալիրի վերածելու տարբերակը: Ու ոչ միայն դիտարկվել է, այլև գործնական քայլեր են արվել այդ ուղղությամբ: Անկասկած, ՀՀ պարետատան կարգադրությամբ, տարել ու այնտեղ շարվեշարան մահճակալներ են տեղադրել: Տա Աստված, որ դա այդպես պահեստային սցենար էլ մնա: Առավել ևս, որ դժվար է պատկերացնել, թե նման խտությամբ դասավորված մահճակալներով «հոսպիտալում» ինչպես է հնարավոր վարակի տարածումը կանխել կամ վարակվածների ինքնահոս «բուժում» ապահովել, մնացած նրբությունները՝ չհաշված:

Հա, բայց ոչ միայն մահճակալները տեղադրել են, ամեն մեկի կողքը՝ մի-մի աթոռով (բա պահարանիկնե՞րը, բա գիշերանոթնե՞րը, որոնց խոսակցական տարբերակով «տումբըչկա» և «գառշոկ» են ասում...), այլև լուսանկարել են այդ տեսարանը: Մինչև այս դրվագը, անգամ լուսանկարելը, կարծես «կպնելու բան» չկա: Բայց տարածե՞լ, հանրայնացնե՞լ, հրապարակե՞լ այդ լուսանկարները: Իմա՛-ա՞-ա՛-ստը...

Այո, ձեռնարկած քայլերի մասին հետագա հաշվետվության կամ աշխատանքային արխիվի համար թող լուսանկարեին ու պահեին այդ նկարները (տեսեք, որ «...գործ ենք արել, սցենարներ ենք մտածել, նախապատրաստվել ենք» և այլն): Սակայն նման լուսանկարներ տարածելիս, մանավանդ, եթե տարբեր սցենարներ մշակողների կամ իրենց հետ կապ ունեցող անձանց կողմից, պետք էր գոնե մի քիչ էլ «հեռուն նայել» ու գոնե ենթադրել, թե նման մահճակալաֆիկացված տեսարաններն ինչ ազդեցություն կթողնեն ինքնամեկուսացված ու արտակարգդրությունահարված հասարակության կամ բնակչության վրա:

Այսպես ասեմ՝ դա ամենալավ մտահղացումը չէր, եթե, իհարկե, նպատակն այդ լուսանկարը տեսած մարդկանց մի զգալի մասի մոտ շփոթ, տագնապ, անգամ խուճապային տրամադրություններ հարուցելը չէր:

Ասեմ ավելին՝ եթե նման բան աներ, այդ լուսանկարներն առաջինը հրապարակեր որևէ լրատվամիջոց կամ ո՜վ սարսափ՝ ոչ նիկոլական լրատվամիջոց, հիմա արդեն ԱԱԾ-ով, ոստիկանությունով, ԱԻՆ-ով, պարետատնով-բանով այդ լրատվամիջոցն էլ, թղթակցին ու խմբագրին էլ հետը տուգանային «խաչին» կգամեին՝ սոցցանցերում պողոսաֆեյքային սուբյեկտների անեծքահայհոյական կոյալինգվիստիկ հեղեղումները չհաշված:

Մի՛ արեք բաներ, որոնց համար այլոց տուգանում եք:

Լավ, մահճակալահամաճարակային համալիրի ցնցող տեսարանի հետ, կարծես, ամեն ինչ պարզ է: Հուսանք, գոնե, որ հետագայում «պիառվելու» մղումը կստորադասվի առանց այն էլ ցնցում ապրող հանրությանը տագնապային լրացուցիչ ազդակներ չհաղորդելու անհրաժեշտությանը:

Բայց մեկ այլ խիստ ուշագրավ դրվագ էլ արձանագրվեց: Առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, թե՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը և. «Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»:

Եթե «իրենց քայլով» անգամ որոշեն, որ բոլորիս վրա տեսախցիկ, ձայնագրիչ ու չիպ են տեղադրելու, էլի բան չի ստացվի: Ինչո՞ւ:

Կներեք, իսկ ի՞նչ է նշանակում այն տեղեկույթունը, որ հաստատված 532 դեպքից 30 մարդու պարագայում ճշտվում են նրանց բնակության վայրերը: Երբ ասում են՝ «հաստատված դեպք», նշանակում է, որ մարդը վերացական ինչ-որ մի վայրում չէ: Նշանակում է, որ տվյալ անձը այդ վարակի հետ կապված թեստ է հանձնել: Իսկ ի՞նչ է, թեստ հանձնելն անոնի՞մ է արվել, ոչ մի տվյալ ոչ մեկը չի՞ լրացրել, թե՞ միայն անձնագիրը պատճենել են ու՝ վերջ: Բա մի հատ չեն հարցրե՞լ, թե՝ վարակված հայրենակից ջան, փաստացի որտե՞ղ եք բնակվում. ըստ հաշվառման հասցեի՞, թե՞ այլ վայրում...

Ու այս ոճով գործող կառավարությունն ուզում է ամենքին ու ամեն ինչը լսել ու տեղերոշե՞լ: Այդպես էլ ուզում ես ասել՝ դուք նախ մի հատ ինքնատեղորոշվեք այս կյանքում և իրականության մեջ, իսկ հասարակությունն էլ հետագայում կորոշի, թե ձեզ հատկապես որտեղ կտեղակայի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը