Մեկնաբանություն

31.03.2020 23:21


Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է

Արցախի համապետական ընտրություններն առիթ դարձան, որ «Սասնա» ինքնահորջորջված ծուռ մարգինալների խմբակը ևս մեկ անգամ «պտտեցնի» իր մաշված ձայնասկավառակը, ըստ որի` Արցախը Հայաստանի մարզերից մեկն է, և վե՛րջ, Արցախի նախագահն էլ ավելին չէ, քան «Արցախի մարզի» մարզպետը։

Եվ ուրեմն` Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններն էն գլխից լեգիտիմ չեն, և լավագույն բանը, որ այս պայմաններում կարելի է անել, ընտրությունները բոյկոտելն է։ Պատճառաբանությունն էլ մակերեսի վրա է՝ «ո՞վ է տեսել, որ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնեն»։

Ադրբեջանի ջրաղացին «շռայլորեն» ջուր լցնող լուսանցքային այդ «գաղափարի» կողմնակիցներն ակտիվացան հատկապես ապրիլյան «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո`օգտվելով նրանից, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կիլոմետրերով հեռու է Արցախի՛ց էլ, Արցախյան ազատամարտի՛ց էլ, դիվանագիտությունից` կատարելապես բոբիկ, և չի հասկանում աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը։

Եվ քանի որ «նոր» Հայաստանի վարչա(հրամայա)պետն, այդքանով հանդերձ, դեմ չէր հագուրդ տալ իր տոտալիտար նկրտումներին` սեփական գերիշխանությունը տարածել նաև Արցախում և իր վերահսկողության տակ առնել Արցախի իշխանություններին, թեկուզև 30 տարվա մեր կարևորագույն ձեռքբերումը` դե յուրե չճանաչված, դե ֆակտո անկախ երկրորդ հայկական պետականության ինքնիշխանությունը վտանգելու գնով, նրան էլ փորձեցին ներքաշել այդ խաղի մեջ։ Եվ, ըստ էության, հասան իրենց նպատակին։

Սա էր նաև պատճառը, որ Փաշինյանը շատ արագ` ոտքի վրա կտրուկ շրջադարձ արեց իր իսկ հռչակած կարգախոսից` «Ես չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն, որովհետև չունեմ Արցախի ընտրողների քվեն», և ընդհանուր առմամբ տրամաբանական, ընդունելի այդ մոտեցումը հընթացս փոխարինեց «Արցախը Հայաստան է, և վերջ» արտաքուստ «հաղթողական», իրականում`խիստ վնասակար թեզով։ Արձագանքները չուշացան`համանախագահները միանշանակ մերժեցին այդ մոտեցումը, Ադրբեջանն «առիթավորվեց» և հակադարձեց դրան` ասելով. «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Փաշինյանն էլ, փորձելով դուրս գալ իր ստեղծած փակուղային իրավիճակից, պարզեց՝ «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար» ոչինչ չասող, հիմքում` պարտվողական բանաձևը, և մինչև հիմա փորձում է խաղալ այդ լարի վրա։

«Ծռերի» ինչի՞ն է պետք սուր ճոճել Արցախի երեսուն տարվա փաստացի անկախության դեմ, որի հետ հաշվի էր նստում նաև միջազգային հանրությունը` գոնե մինչև 2018թ. ճակատագրական ապրիլ, արցախահայությանը մեղադրելով «միացման» գաղափարին դավաճանելու մեջ և թարմացնելով «ղարաբաղցի-հայաստանցի հակասությունները», դժվար չէ կռահել։

Արցախում ներդրվելու, եղանակ ստեղծելու, ուժերի հարաբերակցությունն իրենց կողմը թեքելու և իշխանությունը վերցնելու ծռերի փորձերը մշտապես ձախողվել են։ Արցախը մերժել է և մերժում է նրանց` իրենց արկածախնդիր, ծայրահեղական դրսևորումներով, իրավիճակն ամեն կերպ ապակայունացնելու անթաքույց ձգտումներով հանդերձ։ Սա այն դեպքն է, որի մասին ասում են` աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է։ Սրանց համար ավելի լավ է` Արցախը նախագահ, խորհրդարան չունենա, քան ունենա իշխանություն, որ չի վերահսկվում իրենց, իրենց միջոցով`իրենց թելերը շարժող հայտնի և անհայտ ուժային կենտրոնների կողմից։

Ժամկետանց այդ շահարկումները կարելի էր և բանի տեղ չդնել, եթե դարձյալ և կրկին «չվերակենդանացնեին» ու իրենց իրական կամ ֆեյք, կենդանի և վիրտուալ աջակիցների միջոցով չզարգացնեին դավաճանական թեզը, թե` «ինչո՞ւ պիտի մեր զավակները ծառայեն Արցախում, վտանգեն իրենց կյանքն ու առողջությունը` պաշտպանելով «ուրիշի» հողը»։ Եվ սա` այն դեպքում, երբ հակառակորդը, ի հեճուկս կորոնավիրուսային սպառնալիքի, սադրանքներ է հրահրում ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի սահմաններում։

Դավաճանությունը հո՞ պոզով-պոչով չի լինում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը