Մեկնաբանություն

27.03.2020 09:10


Նիկոլը չդիմացավ «առերեսմանը»

Նիկոլը չդիմացավ «առերեսմանը»

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին` հունից դուրս եկավ, երբ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արեց այն, ինչով ինքը զբաղված էր տարիներ շարունակ`բախտի բերմամբ կամ թյուրիմացաբար վարչապետի աթոռին հայտնվելուց առաջ. փորձեց հաճոյանալ պողոսին`առաջարկելով վարկային արձակուրդ տալ սպառողական վարկերի տակ կքած բարեխիղճ վարկառուներին, որոնք արտակարգ դրության պայմաններում` հայտնվելով հարկադիր պարապուրդի մեջ, զրկվել են վարկային պարտավորությունները կատարելու հնարավորությունից։

Վարչա(հրամայա)պետը, որ վերջին շրջանում` կորոնավիրուսի «ներխուժումից» հետո, մի կերպ զսպում էր իրեն` աշխատում էր սրա-նրա վրա մատ թափ չտալ, ափեղ-ցփեղ շատ դուրս չէր տալիս, հանեց ժողովրդի հոգսերով տապակվող, սեփական խոսքի արժեքն իմացող, հավասարակշիռ, պատասխանատու պետական գործչի դիմակը և վերադարձավ ի շրջանս յուր. շշպռեց պոպուլիստական հայտարարություններով էժանագին միավորներ վաստակելու իր «բացառիկ մենաշնորհը» վիճարկելու հանդգնություն ցուցաբերած պատգամավորին, թե`«էդ ո՞նց եք տենց, է... Շատ հեշտ ա` հարկերի՛ց ազատենք, վարկերի՛ց ազատենք, սնո՛ւնդ բաժանենք, կոմունալ վարձե՛րը չվերցնենք։ Էդ լո՞ւրջ եք ասում։ Հո տենց ասելով չի»...

Եվ ընդհանրապես, բա դա անելու բա՞ն է. «Նստում` հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք... Է, ձե՞ռ եք առնում, ընենց տպավորություն ա, որ դուք տենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալի՞ս։ Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր միջավայրի հարստությունը բաժանե՛ք մարդկանց վափշե, հերիք ա, հա՞... բանկերում ձեր դրած ավանդներից»,-շարունակեց զայրանալ Փաշինյանը, և հընթացս հանդես եկավ «հակընդդեմ» առաջարկությամբ.

«Օրենսդրական նախաեռնություն արեք` բոլոր Հայաստանի քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում` ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով։ Ընդունե՛ք։ Էկեք ընդունե՛ք, առաջարկեք տենց նախաձեռնություն` առաջարկում եմ 10 հազար դոլար բաժանել, բոլոր քաղաքացիներին անխտիր, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում։ Ընդունե՛ք, ես կպաշտպանեմ։ Դուք նախաձեռնեք, խորհրդարանում հավաքեք, կոնսենսուս ձևավորեք, 10 հազար չէ` 50 հազար ամեն մարդու։ Каждому»:

Սա կարելի էր համարել անհաջող կատակ կամ տափակ սրամտություն, եթե, Ուրիխանյանի ռեպլիկին ի պատասխան, չբացահայտեր` մտքինն ինչ է, չվերահաստատեր, որ կորոնավիրուսի համաճարակից, համաշխարհային տնտեսության փլուզումից, կանխատեսելի և անկանխատեսելի այլ մարտահրավերներից անկախ` «ոմանց ունեցվածքը բռնագանձելու» խոստում-սպառնալիքը մնում է ուժի մեջ։

Կուլակաթուփությո՛ւնն է այն գերնպատակը, միակ և անփոխարինելի «գործիքը», որի միջոցով կարելի է էլի միառժամանակ խաբել պողոսին, շեղել հպարտ քաղաքացիների ուշադրությունն օրախնդիր հարցերից ու երկարաձգել վարչապետական «կայֆերը»` կախվելով «բյուջեից թալանված» միջոցները կոպեկ-կոպեկ վերադարձնելու փրփուրներից։

«Այո, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու։ Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար ենք դրել, որ մաֆիոզները իրանց մաֆիաները՝ մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով բան չանեն` չպաշտպանեն։ Ու կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում, այն տեղերից, որտեղից դուք մտածում եք, թե չենք հասնի և չենք բերի։ Այո՛, բերելու ենք։ Եվ էդ ժամանակ որ բերենք` էդ վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտրամադրենք։ Շնորհակալությո՛ւն»,-շուտասելուկի պես վրա տվեց ամենայն հայոց վարչապետը` կամա-ակամա խոստովանելով, որ իր մանկության երազանքը` կուլակաթափությունը, օրենքի, Սահմանադրության շրջանակներում լուծվող հարց չէ։

Եվ քանի որ Սահմանադրական դատարանն է այն եզակի սահմանադրական մարմինը, որ կարող է վնասազերծել պետության տակ դրվող դանդաղ գործողության այդ ականը, ինքը՝ որպես պողոսների գերագույն հրամանատար, այլ ելք չունի, քան հաղթական ավարտին հասցնել ՍԴ դատավորների դեմ սանձազերծած պատերազմը։

Կորոնավիրուսն «ո՞վ» եղավ, որ կանգնեցնի Նիկոլին` ստիպի հրաժարվել Հայաստանը իրավական պետություն պահող վերջին բաստիոնը պայթեցնելու մտասևեռումից։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը