Մեկնաբանություն

26.03.2020 12:15


360 աստիճանի էֆեկտը

360 աստիճանի էֆեկտը

Երբ Աննա Հակոբյանն ասում էր, որ իրենց կյանքը 360 աստիճանով փոխվել է կորոնավիրուսի մուտքից հետո, այնքան էլ չէր սխալվում։ Սխալվում էր գիտական առումով, բայց չէր սխալվում այլ առումով։

Ինքը երևի ուզում էր ասել, որ կյանքը 180 աստիճանով փոխվել է, բայց ստացվեց ըստ Ֆրեյդի։ Ասել է թե՝ իր ու իր ամուսնու կյանքում բան չի փոխվել։ Իրոք չի փոխվել, ամեն ինչ վերադարձել է նույն կետին, և ահա թե ինչու։

2008թ., մարտի 1։ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է փողոցային բախումները։ Նա կոչ է անում մարդկանց հավաքվել՝ անտեսելով հնարավոր ողբերգական ելքը և կարևորելով իրենց իշխանության գալը։ Սևերի ու սպիտակների բաժանում («Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից», «Ձեր դիրքերից հետ մի գնացեք, էսօր պետք ա վերջացնենք» և այլն)։ Զոհեր և վիրավորներ։ Արտակարգ դրություն։ Զրահամեքենաներ Երևանում։ Նիկոլ Փաշինյանը ծլկում է դեպքի վայրից ու անցնում ընդհատակ։

2020թ., մարտի 1։ Նիկոլ Փաշինյանը փողոցի միջոցով վարչապետ է աշխատում։ Հայտնաբերվում է կորոնավիրուսակիր առաջին դեպքը Հայաստանում, բայց Նիկոլը քայլ չի անում ու անտեսում է վտանգը՝ հանուն իր իշխանության ավելացման։

Փաշինյանը մարդկանց կոչ է անում հավաքվել ու լսել իր ատելության քարոզը՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը։ Սևերի և սպիտակների բաժանումը շարունակվում է։ Հենց Նիկոլն իմանում է վիրուսի տարածման մասին, փախչում է Սևան ու ինքնամեկուսանում։

Այս պահի դրությամբ ունենք 290 բացահայտված կորոնավիրուսակիր։ Գրեթե ամբողջ մարզերում գրանցվել են հիվանդության դեպքեր։ Կան ծայրահեղ ծանր և ծանր գնահատվող հիվանդներ։

«Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ձևակերպումն օգտագործող Նիկոլն արտակարգ դրություն է մտցնում։ Զրահամեքենաներ Երևանում։ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է։ Նա դեռ չի ծլկել դեպքի վայրից ու դեռ չի անցել ընդհատակ...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը