Մեկնաբանություն

25.03.2020 15:00


Էլի նահանջ տարի, էլի մարտ, էլի արտակարգ դրություն

Էլի նահանջ տարի, էլի մարտ, էլի արտակարգ դրություն

Մի 10-15 տարի առաջ այդպիսի մի «երևակայության խաղ» էր շրջանառվում, որի դրսևորումը 2020 թվականի հնարավոր անցուդարձը երևակայելն էր: Հիշում եմ, որ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն անգամ այդպիսի մի հումորային շարք էր սկսել, դիտարկումների շարքում անգամ այն մասին կար, որ ընդդիմադիր ՀՀԿ ներկայացուցիչը մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել...

Պարզվեց, սրամտություն չէ, այլ հստակ «պայծառատեսություն», որքան էլ որ հեղինակը, նաև տողերիս հեղինակը հակված չլինենք գուշակությունների ու դրանց հավատալու: Բայց նույնիսկ ամենապայծառ երևակայություն ունեցողները հազիվ թե իրենց ամենավատ երազներում պատկերացնեին նման բան, ինչ կատարվում է հիմա՝ 2020 թվականին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայոց աշխարհում:

Դե ի՞նչ. 2020 թվականն է, վերստին նահանջ տարի է, ինչպես 1988-ին, 1996-ին կամ ասենք՝ 2008-ին, 2016-ին...

Էլի «նահանջ տարի», էլի մարտ ամիս, էլի... արտակարգ դրության ռեժիմ, ըստ որում, ոչ միայն Երևանում, այլ ամբողջ երկրում: Էլի ճակատագրերի հետ կապված իրավիճակներ: Ու, էլի Նիկոլ Փաշինյանի անունն այս ամենի հետ կապակցված է:

Ճիշտ է, մի 12 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք՝ ընդդիմադիր խմբագիր էր, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ու նրա շատբի ղեկավարի այն վստահելին, որ ի տարբերություն այլ շտաբականների՝ ոչ մեջբերելի բառով չէր բնորոշվում, այլ անհրաժեշտ էր՝ Մյասնիկյանի արձանի մոտ բազմություն ապահովելու կամ պահելու համար: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բարիկադայնացված հանրային փոխադրամիջոցի թափքի վրայից է հուզաբորբոք բացականչություններ անում, այլ իշխանության բարձունքից կարգադրություններ է տալիս:

Իզուր չեն ասում, որ շատ մի պախարակիր, կարող է քո դեմն էլ գալ:

Այն նույն Նիկոլ Փաշինյանը, ում իշխանությունը՝ ի դեմս իրեն ենթարկվող ՀՔԾ-ի, մեղադրանք է ներկայացնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008-ի մարտի 1-ի երեկոյան Երևանում արտակարգ դրություն հայտարարելու համար՝ դա ընկալելով ու ներկայացնելով իբր սահմանադրական կարգի խախտում: Շատերի հիմնավորված գնահատականներով՝ նման մեղադրանքներով Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում է քողարկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, այդ թվում՝ անձնական վրեժխնդրությունը:

Բայց ահա Նիկոլ Փաշինյանի գլխավորած նույն այս իշխանությունը, ի դեպ բավականին խախուտ հիմնավորումներով, ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրություն ու համարյա պարետային ժամի նման բան է հայտարարել, ոստիկանական զինտեխնիկա հանել փողոցներ, երևի, որ հասարակությանը «դուխ» տա...

Այն իշխանությունը, որ մի 20 օր առաջ ծաղրական ակնարկներ էր անում կորոնավիրուսի հետ կապված, մարդկանց շարունակում էր իրար գլխի հավաքել, անգամ իր իսկ հայտարարած արտակարգ դրության պայմաններում ցուցադրաբար բուկլետ-մուկլետ էր բաժանում, ահա այդ իշխանությունը «հանկարծ» տեսավ, որ բանը բանից անցնում է, ու մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարեց...

Է՛լ տեղաշարժի սահմանափակում, է՛լ «երկու հոգուց ավելի» չհավաքվեք-ով, է՛լ մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումներ, է՛լ էս, է՛լ էն:

Ու այդ ընթացքում, չնայած բոլոր այդ միջուցառումներին, արտակարգ դրության պայմաններին, արի ու տես, որ վարակվածների պաշտոնապես հրապարակվող թիվն աճում է, անգամ վարակի 2 նոր օջախն է ի հայտ գալիս...

Ճիշտ է, ավելի վաղ հայտնաբերված վարակված հայրենակիցները իրենց ընթացքով, ինչպես ասվում է՝ բուժվում են և տուն վերադառնում, գալիս է նոր ախտորոշված հիվանդների երկշաբաթյա բուժման հերթը:

Կորոնավիրուսը, ինչպես այլ վարակ ու ցավ, իհարկե, վերջիվերջո կհաղթահարվի: Ակնհայտ ուշացումով հայտարարված այս «արտակարգ դրությունն» էլ պատմության գիրկը կանցնի, ինչպես 2020 թվականը... Բայց ինչ-որ բան հուշում է, որ ոչ շատ հեռու ապագայի քննիչները նույնպես զբաղմունք են ունենալու:

Նախադեպը կա, ի վերջո:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը