Մեկնաբանություն

21.03.2020 16:25


Անորոշ օրենքներից ավելի խուճապահարույց մեկ էլ լիբերալ ավտորիտարիզմն է

Անորոշ օրենքներից ավելի խուճապահարույց մեկ էլ լիբերալ ավտորիտարիզմն է

Իրավագիտությունը, իհարկե, հումանիտար մասնագիտություն է, սակայն պահանջում է մաթեմատիկական ճշգրտություն: Հատկապես բոլոր այն դեպքերում, երբ գրում (ընդունում) են օրենքներ, որոնցով նախատեսում են մարդկանց իրավունքների սահմանափակումներ ու քրեական և վարչական պատասխանատվություն սահմանափակման պահանջները խախտելու համար:

Ընդսմին, նման օրենսդրական ակտերի բովանդակությունն ու պահանջները պետք է լինեն առավել քան հստակ, ճշգրիտ, որոշակի ու պարզ: Իսկ ինչո՞վ էր երեկ երեկոյան արտահերթ կարգով զբաղված մի ամբողջ խորհրդարան՝ չնչին բացառություններով: Ցավոք, ԱԺ գրեթե ամբողջ կազմը, ավելի ստույգ՝ 102 պատգամավոր, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը՝ հատկապես, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի գլխավորությամբ, զբաղված էին վերը ասվածի տրամագծորեն հակառակով:

Հիմնականը. առաջին ընթերցմամբ՝ 102 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ», ընդունվեցին կառավարության նախաձեռնությամբ ներկայացված նախագծերը, որոնք նախատեսում են քրեական ու վարչական պատասխանատվություն՝

ա) «...արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները» խախտելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում»,

բ) «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները» խախտելու համար:

Դեռ մի կողմ եմ թողնում հատկապես իշխող մեծամասնությունը ներկայացնող առաձին պատգամավորների ճաճանչափայլ ելույթներն ու դրսևորումները: Դա ուղղակի հրա՜շք էր, քանքարների խրախճանք: Դա թողնենք ապագայի երգիծաբաններին, այսինքն՝ այս արտակարգ դրությունն ու գրողի տարած վարակը հաղթահարելուց հետո դրա մասին խոսելու առիթներ շատ կլինեն:

Ա՛յլ հարցեր են շատ ավելի հետաքրքիր:

Առաջինը. թե ի՛նչ ասել է՝ «մեկուսացման պահանջներ» պարզ է: Համենայն դեպս, եթե մարդը վարակված է, այսինքն՝ թեստավորման միջոցով ախտորոշվել է, որ մարդը վարակված է «covid-19» կորոնավիրուսով, նա սահմանված կարգով մեկուսացվել է համապատասխան բուժհաստատությունում կամ նախատեսված այլ վայրում, ապա պետք է ենթարվի ներկայացվող պահանջներին: Այսինքն, եթե մարդը, ով փաստորեն գիտի, որ այդ վիրուսով է վարակված, բայց ինքնակամ հեռանում է մեկուսացման վայրից կամ դիմում փախուստի, ենթակա է քրեական պատասխանատվության: Այստեղ տրամաբանությունն ընկելելի է:

Իսկ ի՞նչ ասել է՝ «ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ»: Նախ, ո՞վ, ո՞ր պետական մարմինն է այդ պահանջները հստակ ու կետերով սահմանել, հանրայնացրել, ամեն ծակուծուկում տեղեկատվական թերթիկներ փակցրել: Երկրորդ՝ ո՞վ է համարվում ինքնամեկուսացված: Եթե մարդը վարակակիր է, ինչո՞ւ նա մեկուսացված չէ, այլ սոսկ՝ ինքնամեկուսացվա՛ծ: Ի վերջո, հայտարարված ԱԴ պայմաններում բոլորս էլ ինչ-որ չափով համարվում ենք ինքնամեկուսացված, չնայած (թու-թու-թու) վարակվածության նշաններ չկան: Հիմա եթե մեկնումեկը, որ իսկի չգիտի էլ՝ ինքը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, տնից ելնում ու մետրո է մտնում, նա խախտե՞լ է ինքնամեկուսացման պահանջները:

Ավելի շատ հարցեր էլ կարելի է տալ: Բայց հիմնականն այն է, որ եթե իշխանությունն օրենքով ինչ-որ բան արգելում է, դրա համար քրեական պատիժ կամ վարչական տուգանք է սահմանում, ապա այդ ինչ-որ բանը պիտի առավել քան որոշակի, կետ առ կետ նկարագրվի թեկուզ նույն այդ օրինագծում:

Մեկ այլ հարց: Անզգուշությամբ, կրկնում եմ՝ անզգուշությամբ մարդկանց վարակելու համար, ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի, սահմանվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Նախ, մահացության համեմատաբար բարձր աստիճան ունեցող հիվանդության դեպքում վարակված մարդուն 5 տարի ազատազրկելը փոքր-ինչ տարօրինակ է հնչում (ու որտե՞ղ է նման դատապարտյալը պատիժը կրելու):

Բայց ամենի՛ց կարևորը: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը», շատ պարզ գրված է. «1. Անզգուշությամբ մահ պատճառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Երեք տարի, եթե անզգուշությամբ մեկ մարդու մահ է որևէ մեկը պատճառել: Իսկ վարակելու համար 5 տարի՞: Կներեք բանասեր-լրագրողիս, պարոնայք նորելուկ իրավագետներ և ԱԺ բազմագետ պատգամավորեր, ո՞րն է, ավելի ճիշտ՝ որտե՞ղ է տրամաբանությունը:

Է՛լ ավելի շատ հարցեր են առաջանում, երբ դիտարկում ենք «տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումներին» վերաբերող մասը: Ո՛ր տեղեկությունների մասին է խոսքը: Ասում են՝ խուճապահարույց: Իսկ ո՞վ է որոշել, թե ո՛ր տեղեկություններ են խուճապ հարուցում, որոնք ոչ, ինչն է մտնում այդ սահմանման տակ, ինչը՝ ոչ: Կամ, եթե որևէ ֆեյք մի բան է գրել ու տարածել, այն էլ՝ արտերկրից, նրա՞ն ինչպես են պատասխանատվության ենթարկելու: Կամ, եթե ոչ էլ ֆեյք է, այլ պարզապես, արտերկրում բնակվող, որպիսիք այնքան շատ են սոցցանցերում:

Առհասարակ, կառավարության մարտի 16-ի ԱԴ հայտարարելու որոշման մեջ էլ չկան այդ հարցերի պատասխանները, չկան կետ առ կետ սահմանված հստակագույն պահանջներ, որ լրատվամիջոցները, իսկ այս դեպքում արդեն առհասարակ բոլորն իմանան, թե ինչ կարգի տեղեկություն կարելի է տարածել, իսկ որ տեղեկությունների հրապարակումը վարչական պատասխանատվություն է առաջացնում: Ամեն ինչ թողած է կառավարող անձանց նեղ շրջանակի ընկալմանն ու քմահաճույքին: Իսկ այդ անորոշությունները քաղաքական հետապնդումներ, իշխանությանն անցանկալի անձանց առնվազն լռեցնելու, ժողովրդավարության ու խոսքի ազատության մնացորդները վերացնելու պարարտ հող են ստեղծում, հատկապես մի իշխանության դեպքում, որը մեծապես հակված է բացարձակ բռնապետության:

Մի խոսքով, անորոշ օրենքներից ավելի խուճապահարույց մեկ էլ պոպուլիստ-լիբերալների ավտորիտարիզմը կարող է լինել: Փարատեք այդ հիմնավոր կասկածները, ջնջեք ու նորից, մարդավարի և ընկալելի օրինագիծ բերեք «երկրորդ ընթերցման»:

Եթե չգիտեք՝ ինչպես, քավ լիցի, երկրում բարձրակարգ իրավաբաններ կան, դիմե՛ք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը