Քաղաքական

21.03.2020 11:04


Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 11-ն ունեն թոքաբորբ. այլ հիվանդանոցներ են ներգրավվել

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 11-ն ունեն թոքաբորբ. այլ հիվանդանոցներ են ներգրավվել

Հայաստանում կա կորոնավիրուսի հիվանդացության հաստատված դեպքերի աճ, հետևաբար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, վարակակիրները տեղափոխվում են նաև այլ բժշկական հաստատություններ: Ներկայում արդեն առանձնացվել է 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցում կան քիչ թվով պացիենտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե որքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները: Այդ փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ: Ասեմ, որ այլ հիվանդանոցներ գնում են այն պացիետները, որոնք գրեթե ախտանշան չունեն, մնացածը մնում են ինֆեկցիոն հիվանդանոցում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողներն անցել են ռենտգեն հետազոտություն և կա հաստատված թոքաբորբի 11 դեպք: Նրանցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա: Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չսպառնում: Նա տեղեկացրեց, որ բժիշկնեը 24-ժամյա ռեժիմով նրանց վերահսկողության տակ են պահում:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այսօր հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ: Համարում ենք, որ ռեզերվը մոտենում է ավարտին, և գտնում ենք, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորել ինքնամեկուսացումով: Փորձը ցույց է տվել, որ մեր քաղաքացիները միշտ չէ, որ հետամուտ են դրան: Դրանով է պայմանավորված, որ ԱԺ-ն արտահերթ կարգով նախագիծ քննարկեց, որը ենթադրում է պատասխանատվություն ինքնամեկուսացման, մեկուսացման պահանջը խախտելու դեպքում: Կարծում եմ, որ ողջամիտ պահանջ է, երբ քաղաքացին վտանգում է հանրային առողջությունը, պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը