Քաղաքական

20.03.2020 22:30


Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել (տեսանյութ)

Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովը քննարկում է երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«Այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը: Ներկայումս անձինք մեկուսացվում և ինքնամեկուսացվում են` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաճարակի կանխման և դրա հետևանքները նվազագույնի հասցնելու համար այդ միջոցառումների անհրաժեշտությունը կա: Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում»,-ասաց Դանիելյանը:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Իսկ Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:

Քվեարկությամբ որոշվեց, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո մեկ օր կսահմանվի առաջարկությունների ստացման համար և երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին: Փոխնախարարի խոսքով` հրատապությունը պայմանավորված է համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

***

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Այս խորագրի վերջին նյութերը