Աշխարհ

16.03.2020 14:50


Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը:

«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,-նշել է դեսպանատունը՝ կիսվելով «Ֆեյսբուք»-ում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը: Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբարահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:

Հայտարարության ներքո բազմաթիվ օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: Շատ շնորհակալություն, գերազանց նախաձեռնություն, կեցցեք, ծափահարություններ ձեր համերաշխության համար. այս և այլ ձևակերպումներով արձագանքել են օգտատերերը:

Իսպանիայում վերջին տվյալների համաձայն վարակվածների թիվը 7 հազար 988 է:

Worldometers-ի համաձայն, մահերի թիվը հասել է 294-ի:

Այս խորագրի վերջին նյութերը