Աշխարհ

14.03.2020 21:32


Թբիլիսիի կիսադատարկ սուպերմարկետները կորոնավիրուսը պանդեմիա հայտարարելուց հետո (լուսանկար)

Թբիլիսիի կիսադատարկ սուպերմարկետները կորոնավիրուսը պանդեմիա հայտարարելուց հետո (լուսանկար)

Սոցցանցերի վրացական տիրույթում այն պահից հետո, երբ կորոնավիրոսն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ ճանաչվեց, տարածվում են լուսանկարներ՝ դատարկված Թբիլիսիից՝ մետրոներից, սովորաբար մարդաշատ փողոցներից ու դատարկվող սուպերմարկետներից:

Խուճապի մատնված ժողովուրդը մթերքի խանութներից գնում է հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ` ալյուր, աղ, շաքարավազ, ձեթ, հաց և այլն.. Ալիք Մեդիան գնացել է տարածված լուսանկարների հետքերով, լուսանկարել դատարկվող սուպերմարկետները: Մեզ հետ զրույցում խանութների ներկայացուցիչները նշեցին՝ մթերք կա, որևէ թանկացում կամ մթերքի պակաս մոտ ապագայում չի սպասվում:

Սննդի խանութներից գնումներ կատարողների համար առանձին խորհրդատվություններ է տալիս սննդի ազգային գործակալությունը: Խորհրդատվությունները հիմնականում վերաբերում են ամենամեծ պահանջարկն ունեցող ապրանքին՝ հացին: Գործակալությունը կոչ է անում հաց արտադրողներին՝ խանութներ հանձնել այն փակ փաթեթավորմամբ, քանի որ վիրուսը հնարավոր է փոխանցվի հացին դիպչելու ճանապարհով: Թբիլիսիի մի քանի սուպերմարկետ արդեն իսկ գտել է խնդրի լուծման ճանապարհը` խստացրել է կարգը, այսուհետ ներկայացնելով միայն փաթեթավորված հաց: Խորհրդատվությունները վերաբերում են նաև սպառողներին՝ գնումներ կատարելիս մթերքն ընտրել հատուկ ձեռնոցներով, ախտահանել ձեռքերը հատուկ նյութերով:

Թբիլիսիի մի քանի առևտրի կենտրոնում, ի դեպ, տեղադրվել են ձեռքերն ախտահանելու համար նախատեսված ապարատներ, որից անվճար կարող է օգտվել ցանկացած սպառող:

Ինչ վերաբերում է խանութների աշխատակիցներին՝ վիրուսի տարածման կանխարգելման նպատակով նրանք նույնպես կրում են բժշկական դիմակներ և հատուկ ձեռնոցներ:

Նշենք, որ այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ է 30 քաղաքացի, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդել է Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ է ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ: Կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը:

Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի, Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը