Աշխարհ

09.03.2020 16:14


Օլիմպիական խաղերի կրակը վառելու և փոխանցելու արարողությունը կանցկացվի առանց հանդիսականի

Օլիմպիական խաղերի կրակը վառելու և փոխանցելու արարողությունը կանցկացվի առանց հանդիսականի

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու և փոխանցելու արարողությունը կկայանա առանց հանդիսականի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Որոշման պատճառը աշխարհում տարածում ստացող կորոնավիրուսն է: Արարողությունը նախատեսված է մարտի 12-ին, որին, նախնական տեղեկություններով, կմասնակցի ընդամենը մոտ 100 երկրպագու:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրի մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Առաջին անգամ հյուրընկալել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 12-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

Այս խորագրի վերջին նյութերը