Մեկնաբանություն

27.02.2020 11:05


Սահմանադրական դատարանի շուրջ շահարկումները վերջինն են մեռնում

Սահմանադրական դատարանի շուրջ շահարկումները վերջինն են մեռնում

Ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեին «Այո՛» ասելու հիմնավորումներից մեկը (բացի նրանից, որ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանը՝ որպես կոլեգիալ մարմին, չեն ենթարկվում Նիկոլին, ու Նիկոլը չունի ոչ մի օրինական լծակ` ազդելու նրանց որոշումների վրա), այն է, թե Սահմանադրական դատարանն իբր օրինականացրել է բոլոր «կեղծված ընտրությունները», որ երբևէ անցկացվել են «ոչ թավշյա հին» Հայաստանում։

Իրավագիտակցության «առանձնապես բարձր» մակարդակով աչքի ընկնող որոշ միաբջիջներ, այդ թվում`իրավաբաններ, ՍԴ-ին նույնիսկ ընտրությունները կեղծելու` «կեղծված» ընտրությունները հետին թվով (համենայն դեպս, էլի) ևս մեկ անգամ կեղծելու մեջ են մեղադրում։

Կան նաև այնպիսիք, որ հիշեցնում են ՍԴ 2003թ. ապրիլի 16-ի որոշումը, որով դատարանը, հաստատելով 2003թ. նախագահական ընտրությունների օրինականությունը, Ազգային ժողովին և նախագահին առաջարկում էր հետընտրական «դիմակայությունը» մեղմելու համար վստահության հանրաքվե անցկացնել, մինչդեռ պարտավոր էր «չեղյալ հայտարարել» ընտրությունների արդյունքները, և վե՛րջ։

«Ձեռի հետ» էլ, օգտակարը համատեղելով հաճելիի հետ, քար են նետում երկրորդ նախագահի «բոստանը», թե բա` այն ժամանակ ցուցադրաբար շրջանցեց` չկատարեց ՍԴ որոշումը, իսկ հիմա խոսում է ՍԴ որոշումները սրբորեն կատարելու անհրաժեշտության մասին։ Սա` այն դեպքում, երբ ՍԴ-ն ԱԺ-ին կամ նախագահին առաջարկներ ներկայացնելու գործառույթ չուներ` գոնե 1995թ. Սահմանադրությամբ։ Իսկ առաջարկը հենց նրա համար է առաջարկ, որ իմպերատիվ բնույթ չի կրում` կարող է ընդունվել ի գիտություն, կարող է կատարվել, կարող է չկատարվել։

Այս «տրաֆարետային» շահարկումներն այնքան են կրկնվել`մնալով անպատասխան, որ իրենք`շահարկողներն էլ երևի թե սկսել են հավատալ իրենց հորինած հեքիաթներին։

Իրողությունն այն է, որ ընդդիմությունը երբեք`ոչ մի անգամ, առնվազն 1996թ.-ից հետո, դիմելով ՍԴ և բողոքարկելով համապետական ընտրությունների արդյունքները, չի ներկայացրել շատ թե քիչ համոզիչ ապացուցողական բազա` անհերքելի փաստերով, դատական ակտերով ամրապնդված ապացույցների այնպիսի փաթեթ, որ ՍԴ դատավորներին հնարավորություն տար ոչ թե չեղարկել`անգամ հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքները և համապատասխան որոշում կայացնել։ Ճիշտ այնպես, ինչպես միջազգային դիտորդները, խախտումներ արձանագրելով հանդերձ, չեն վիճարկել ընտրությունների լեգիտիմությունը։

Միակ «երջանիկ» բացառությունը թերևս 1996թ. նախագահական ընտրություններն էին, երբ ընդդիմությունը խախտումների բավական ծանրակշիռ փաթեթով էր ներկայացել ՍԴ, դիտորդական կազմակերպություններն իրենց հերթին փաստել էին, որ, այո՛, կեղծիքները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Իշխանության տեր դարձած նախկին ընդդիմադիրները ՍԴ-ին փաստացի մեղադրում են իրենց «ազնիվ խոսքը»`կասկածներն ու ենթադրությունները, «վերլուծությունները» և հերթապահ շահարկումները հալած յուղի տեղ չընդունելու մեջ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ընտրացուցակներում միտումնավոր ներդրված «զանգվածային անճշտություններին», կես միլիոնից ավելի «մեռած հոգիներին», որոնցից օգտվելով`իշխանությունն իբր «խփել է» իր ուզած թվերը։

2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ, «թավիշների» ասելով` անցել են ստերիլ ժողովրդավարության պայմաններում, բոլորովին այլ բան են ասում` դա պարզ մանիպուլյացիա էր, որովհետև «թավշյա» ընտրացուցակները ոչնչով չէին տարբերվում նախորդներից. նույնն էին, ինչ 2012-ին, 2013-ին ու 2017-ին, և ուրեմն, ՍԴ-ն ճիշտ էր, ընդդիմությունը` սխալ, երբ «զարգացնում» էր այդ թեզը, բայց շահարկողների էնտուզիազմը դրանից չի պակասում։

Եվ զավեշտականն այն է, որ որպես դիմող կողմի ներկայացուցիչ Սահմանադրական դատարանում այդ թեմայով երկար-բարակ մտավարժանքներ անողներից մեկը նույն ինքը` այսօր ՍԴ դատավոր «չաշխատող» Վահե Գրիգորյանն էր...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը