Աշխարհ

21.02.2020 19:08


Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ

Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ

Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։

Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Այլ մանրամասներ գործարքից առայժմ չի նշվում, այդ թվում՝ քանի միավոր է ստանալու Ադրբեջանը։

Հարկ է նշել, որ նախագահականի կայքում գրված է «M-346 ինտեգրացիոն համակարգերի գնման մասին պայմանագիր» ձևակերպումը, որը որոշակի իմաստ չունի։ Կարծում ենք՝ խոսքը հենց M-346 ինքնաթիռների մասին է, որն, ըստ «Լեոնարդո» ընկերության պաշտոնական կայքի՝ «ինտեգրացիոն համակարգի» գլխավոր մասն է։

Նշենք, որ «Լեոնարդո» ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:

Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: Ըստ էության սա եղած սերտ հարաբերությունների լուրջ ցուցիչ է:

Հիշեցնենք նաև՝ 2018թ․ հոկտեմբերի հայկական ու ադրբեջական լրատվադաշտում տեղեկություններ տարածվեցին, թե «Ադրբեջանը Իտալիայից գնել է 10 միավոր M-346 ուսումնամարզական ինքնաթիռ և պատվիրել է ևս 15-ը»: Տեղեկության համար հղում էր արվում ռուսական լրատվական–բլոգային հարթակներից մեկին։ Ինչպես պարզեցինք այն ժամանակ՝ Ադրբեջանի M-346 ինքնաթիռ ունենալու մասին տեղեկությունը որևէ հիմնավոր աղբյուր չուներ։

Այնուամենայնիվ, ինչպես ենթադրել էինք, M-346֊երի գնման գործարքը բացառել չէր կարելի։ 2019թ․ հունիսի 4-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևը հանդիպել էր իտալական ռազմարդյունաբերական Leonardo ընկերության տնօրեն Լորենցո Մարիանիին ու քննարկել «Leonardo ընկերության ռեակտիվ ուսումնամարտական ինքնաթիռի արտադրությանն ու տեխնիկական ծառայությունների վերաբերյալ համատեղ նախագծերը»։

Թեև հստակ չէր նշվում ինքնաթիռի մոդելը, սակայն ենթադրելի էր, որ բանակցությունները M-346 ինքնաթիռների շուրջ են, որը 2017-ի մայիսին իտալական կողմը Ադրբեջանում ներկայացրել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը