Լրահոս

18.02.2020 11:06


Երևան-Կիև չվերթի իրանցի ուղևորուհին փորձել է 5 կգ «Ափիոն» տեսակի թմրամիջոց տեղափոխել․ ԱԱԾ (տեսանյութ)

Երևան-Կիև չվերթի իրանցի ուղևորուհին փորձել է 5 կգ «Ափիոն» տեսակի թմրամիջոց տեղափոխել․ ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու ուղղությամբ։


Այս խորագրի վերջին նյութերը