Մեկնաբանություն

17.02.2020 18:45


Սարսափում է ինքնորոշում բառից, ինչպես ժանտախտից

Սարսափում է ինքնորոշում բառից, ինչպես ժանտախտից

Ալիևին Տիգրան Մեծով (տողատակում, ինչպես ուրախությամբ և ցնծությամբ հայտնում են քայլարածամերձ աղբյուրները, «ծովից ծովը» վերադարձնելու սպառնալիքով) վախեցնելուց հետո վարչահրամայապետ Փաշինյանը հետին թվով ևս մեկ անգամ ասաց «տղամարդու» իր խոսքը` Ֆեյսբուքում հուժկու գրառում արեց Մյունխենի ֆիասկոյի մասին, անունը դրեց` «Մյունխենյան սկզբունքներ».

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2․ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3․ Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4․ Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում:

5․ Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6․ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

Ինչպես տեսնում եք, 6 կետանոց «թեզիսների» մեջ խոսք չկա Հայաստանի մասին։ Չհաշված`«Ребята, давайте жить дружно» ոգով 5-րդ կետում ամրագրված «մակրոհեղափոխական» մտասևեռումը խնդրի լուծման «բոլոր կողմերի համար ընդունելի լինելու» վերաբերյալ, որ հազար անգամ լսել ենք, բայց չգիտենք`«մեջն ինչ կա», վախենամ`չենք էլ իմանա։ Մեկ էլ`որ Հայաստանը «պատրաստ է լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար»։

Մնացածը Արցախի և արցախահայության անունից արված հայտարարություններ են. «Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»... «Ղարաբաղը (Մյունխենից հետո Արցախը դուրս է եկել պարոն վարչահրամայապետի լեքսիկոնից) պատրաստ է»... «Ղարաբաղի ժողովուրդը կասի»...

Իսկ Հայաստանը՝ ի դեմս զոմբիների սրտի վարչահրամայապետի, կարո՞ղ է զիջել «Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», ի՞նչ կանի, եթե որևէ մեկն ասի`հարցը ունի ռազմական լուծում` ձեռքը կխփի սեղանին ու կհայտարարի, որ հարցը վաղուց լուծվա՞ծ է, թե՞ կշարունակի ձեռնածություն անել միկրո և մինի հեղափոխությունների մասին գեղեցիկ խոսքերով ու զօրուգիշեր աղոթել, որ Ադրբեջանն էլ մի օր պատրաստակամություն հայտնի Հայաստանի և Արցախի համար ընդունելի որևէ լուծում գտնելու, և, ի վերջո`ո՞րն է այդ լուծումը`հեղինակը «համեստորեն» լռում է. չի ասում, և վե՛րջ։

Ալիևն ու իր արտգործնախարարը բազմիցս աներկբա ներկայացրել են իրենց «սկզբունքային» դիրքորոշումը`որ ընդունելի միակ լուծումն Ադրբեջանի համար տխրահռչակ «փուլայինն» է. նախկին ԼՂԻՄ-ի և յոթ շրջանների ապառազմականացում, հայկական ուժերի դուրսբերում իրենց «պապենական հողերից», ադրբեջանցի (ոչ թե բոլոր) փախստականների վերադարձ նախկին բնակավայրեր, հետո միայն` անորոշ ապագայում, անդրադարձ ԼՂ կարգավիճակի հարցին, այն էլ`բացառապես Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակում»։

Արցախի ղեկավարությունը, քաղաքական ուժերը և անգամ նախագահի թեկնածուները նմանապես հստակ ներկայացրել են իրենց տեսակետները, և ո՛չ մեկ անգամ։ Այն է`չկա ու չի կարող լինել վերադարձ նախապատերազմյան վիճակին` ո՛չ սահմանների, ո՛չ կարգավիճակի առումով։ Սա նշանակում է`Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի, տարածքային ամբողջականությունն էլ սակարկության առարկա չէ։ Եվ ուրեմն` Ադրբեջանի «բարի ցանկությունների հռչակագիրը» կտրականապես անընդունելի է Արցախի համար։

Բանակցային միակ սուբյեկտը, որ պարտիզանի համառությամբ չի ասում` որն է կարգավորման իր «տեսլականը», եթե այդպիսին կա, քաջ Նիկոլն է, որի աղմկոտ «լռությունն» ավելի քան պերճախոս է. նա պարզապես հերթական անգամ «դուխով» թաքնվում է Արցախի հետևում` խուսափելով պատասխանատվությունից, սարսափելով Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի ծպտուն հանելուց, ինչպես ժանտախտից. սպանես էլ, չի ասի` Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում։ Ճիշտ այնպես, ինչպես ո՛չ «այո» է ասում, ո՛չ «չէ» Ալիևի երազանքների «փուլային կարգավորմանը»`սպասում է, որ Ալիևը թելադրի իր պայմանները, այն հույսով, որ օրերից մի օր սա կփափկի`քարը փեշից կթափի, կփափկի ու կգա կառուցողական դաշտ։

Կա՛մ` բանակի կազմաքանդման, ժողովրդի պառակտման մանրէն Արցախ տեղափոխելու միտումն (Աստված մի արասցե, իհարկե) այնքան կխորանա, որ հարցն «ինքնիրեն» կլուծվի` Ադրբեջանը կհասնի իր մուրազին, և արցախահայությանը կմնա ընդամենը ստորագրել սեփական «մահվան» դատավճիռը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը