Քաղաքական

14.02.2020 16:50


Քաղաքացին պետք է հասկանա, որ ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին, այլ ինքը գնում է «Ոչ» ասելու անկախ Սահմանադրական դատարանին. Լուսինե Սահակյան (տեսանյութ)

Քաղաքացին պետք է հասկանա, որ ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին, այլ ինքը գնում է «Ոչ» ասելու անկախ Սահմանադրական դատարանին. Լուսինե Սահակյան (տեսանյութ)

Երբևէ չէի կարող պատկերացնել, որ կհայտնվենք այն իրավիճակում, երբ կմտածենք, որ ազգային անվտանգության, իրական անվտանգության լուրջ խնդիր ունենք: Այս մասին այսօր «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Չեմ պատկերացնում, որ այս երկրում լինի մեկ իրավաբան, որը ցանկանում է արդարության աչքերին նայել և ճշմարտությունը հաղորդել հանրությանը՝ ասելով, որ այս գործընթացն օրինական է»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք էլ են ընդունում, որ գնում են հակասահմանադրական ուղիով:

«Մենք պետք է հասկանանք, որ երկրի կայուն զարգացման համար պարտադիր նախապայման է իրավական անվտանգությունը և քաղաքացին, որի անունից այսօր խոսում է քաղաքական իշխանությունը, պետք է գիտակցի, թե ինչին է ասում «Այո», ինչ հետևանք է ունենալու: Քաղաքացին պետք է քվեախցիկ մտնելուց, և «Այո» կամ «Ոչ» քվեարկելուց մտածի` ունենալու՞ ենք անվտանգ երկիր, թե՞ ոչ, պետականությու՞ն, թե՞ ոչ, քանի որ այս ամբողջը տանում է նրան, որ մենք կորցնում ենք մեր պետությունը»,-ասաց նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ օրենսդիր և գործադիր իշխանությունը նույնական են: Իշխանությունները հիմա ցանկանում են այդ մի քանի անկախ դատավորներին դարձնել իրենցը, բոլորին ենթարկել իրենց կամքին: «Քաղաքացին, որ գնալու է «Այո», կամ «Ոչ» ասելու, պետք է հասկանա, որ այսօր ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին, կամ Սահմանադրական անդամի 7 դատավորներին, ինքը գնում է ոչ ասելու անկախ Սահմանադրական դատարանին: Այս տարիների ընթացքում առաջին անգամ ունենք իրավիճակ, որ գործում է անկախ սահմանադրական դատարան»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ այս պայմաններում, երբ Սահմանադրական դատարանը չի ենթարկվում իշխանության կամքին, իշխանությունը պետք է ամենադրականը ներկայանցեր և ասեր, որ դա հեղափոխության հաղթանակն է: «Իրավական անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը իրավագիտակցության ցածր մակարդակն է, բայց երբ իրավագիտակցության ցածր մակարդակը մտնում է պետական, իշխանական համակարգ՝ ստեղծվում է խայտառակ պատկեր: Մենք հասարակությանը փորձում ենք ներկայացնել այնպիսի իրողություն, որպեսզի նման բան իրականում տեղի չունենա: Քաղաքացիները պետք է հասկանան, որ այստեղ չկա ես կողմ եմ Նիկոլին, թե կողմ չեմ, ես սև եմ, թե սպիտակ եմ, այստեղ կա մի խնդիր` դու ցանկանում ես ունենալ իրավական և ժողովրդավարական ուղի, թե այդ ցանկությունը չունես»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը