Մեկնաբանություն

10.02.2020 16:25


Հանրաքվեն լավ խթան է, բայց․․․

Հանրաքվեն լավ խթան է, բայց․․․

Եվ այսպես, տեղի ունեցավ այն, ինչ միանգամայն կանխատեսելի էր․ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հաստատեց, որ ինքը չունի նույնիսկ սիմվոլիկ նշանակություն։ Նա չարեց անգամ այն միակ բանը (Սահմանադրության, սահմանադրական կարգի երաշխավոր), ինչի համար պետական կառավարման այս համակարգում գոյություն ունի նախագահի ինստիտուտը, որը պահելու համար ահռելի միջոցներ են ծախսվում։ Մի խոսքով, Սահմանադրական դատարանը «հեչ անելու» և Նիկոլ Փաշինյանի անձնական մանկլավիկներին այնտեղ կարգելու հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին։

Լա՞վ է դա, թե՞ վատ։ Ո՛չ այս, ո՛չ այն։ Դա հնարավորություն է։

Առաջին հերթին, դա հնարավորություն է քաղաքական այն շրջանակների, ուժերի համար, որոնք հստակորեն ընդդիմադիր են գործող իշխանությանը և անպատասխանատու, արկածախնդիր բախտիշխանավորներին։ Նկատի ունեմ, որ սա լավ հնարավորություն է դիրքորոշումները հստակեցնելու, առկա խմորումներից կոնկրետ համագործակցության և համախմբման անցնելու, ուժերի մեկտեղման համար։ Հանրաքվեի հարցը նաեւ որոշակի լակմուսի թուղթ է քաղաքական դաշտում պետականամետ և հակապետական, հակաիրավական, էության մեջ հակաժողովրդական ուժերի միջև հստակ տարանջատման սահմանագիծ քաշելու համար։

Իհարկե, առաջիկա «պոչիկով» մեկ ամիսը կարճ ժամկետ է։ Սակայն մինչև հանրաքվեի օրն ընկած կարճ տարածությունը կխթանի, որ քաղաքական ուժերը ակտիվանան։

Արդեն իսկ նկատելի է, որ Փաշինյանի անձի պաշտամունքով տարված զանգվածը և այդ զանգվածի քարոզչական ֆելդֆեբելները առաջիկա մեկ ամսում ներհասարակական ատելության ու թշնամանքի ահռելի չափաբաժիններ են արտանետելու։ Արդեն իսկ հնչում են սպառնալիքներ այն անձանց ու շրջանակների հասցեին, ովքեր մատնանշում են Փաշինյանի ու իր կառավարության այս քայլերի հակասահմանադրականությունը և վիճելիությունը։ Ճիշտ է, այդ սպառնալիքները առայժմ դրսևորվում են այլախոհներին Հայաստանից վռնդելու, անեծք-հայհոյանք վիրավորանք տարբերակներով, բայց ֆաշիստական Գերմանիայում էլ համակենտրոնացման ճամբարները Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու հաջորդ իսկ օրը չեն կառուցել։ Հա, ի դեպ, Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը համաժողովրդական հանրաքվեով է ստանձնել պետության կառավարության բոլոր լծակներն ու դարձել միահեծան ֆյուրեր, իսկ մնացածը պատմությունից հայտնի է․․․

Մեր դեպքում տեսականորեն դժվար է ասել, թե հանրաքվեի արդյունքները կանխորոշված են։ Բայց գործնականում Նիկոլ Փաշինյանն այսօր տիրապետում է գործադիր ու օրենսդիր իշխանության բոլոր լծակներին, ռեպրեսիվ, քննչական և հատուկ ծառայությունները իր բացարձակ ենթակայության տակ են, դե ընտրություններն էլ գիտեք, թե մեզանում ավանդաբար ինչպես են իրականացվում։ Մոտավորապես նույն տարբերակով, ինչ վիճակագրական ցուցանիշներն են նկարվում։ Հո հենց այնպես չէ՞, որ թավշյա իշխանափոխությունից հետո ովքեր ու ինչեր ասես փոխվեցին, սակայն ԿԸՀ նախագահը և Վիճծառայության ղեկավարը մնացին անփոփոխ։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե պետք է ընդիմադիրները խուսափեն ակտիվ պայքարից, խնայեն ուժերը՝ կենտրոնանալով հաջորդող զարգացումներին կամ այլ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու վրա։ Ո՛չ, չի նշանակում, որովհետև պետք է ձգտել հնարավորինս արդյունավետ օգտագործել հրապարակային ակտիվության այս լրացուցիչ հնարավորությունը՝ առնվազն քաղաքական դիրքերը ուժեղացնելու, համակիրների շարքերը ավելացնելու, համախոհ ուժերի հետ գործակցությունն ամրապնդելու համար՝ չսևեռվելով քվեարկության հրապարակվելիք արդյունքների վրա։

Պետք է նկատի ունենալ, որ ապրիլի 5-ով բուն պայքարը ոչ թե ավարտվում է, այլ թևակոխելու է վճռորոշ փուլ։ Պայքար՝ հանուն պետականության պահպանման, հանուն իրավական և ժողովրդավարական Հայաստանի և ընդդեմ՝ աձի պաշտամունքի, անվերահսկելի անձնիշխանության, ընդդեմ արկածախնդրության ու շարունակական ցնցումների։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը